ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շինարարության ոլորտում ներդրվել է նոր՝ պահանջարկ ունեցող մասնագիտություն

Օգոստոսի 2, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՄԿՈՒ հաստատությունների դիմորդների շրջանում պետության համար ռազմավարական նշանակության ոլորտների մասնագիտություններն առավել գրավիչ դարձնելու համար նախորդ տարվանից Կառավարության որոշմամբ հաստատվել է գերակա և առաջնահերթ համարվող մասնագիտությունների ցանկը:

Այս ուղղություններով սովորողներին պետությունն առաջին կուրսում 50 հազար դրամ կրթաթոշակ է տրամադրում անկախ այն հանգամանքից՝ ուսանողն անվճար համակարգով է ընդունվել, թե վճարովի: Շինարարական ոլորտի մի շարք մասնագիտություններ ևս ներառված են այդ ցանկում:

Գերակա մասնագիտությունների ցանկում է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտության կրթական հաստատությունում ներդրված նոր մասնագիտությունը, որը կոչվում է կարկասային երեսպատման կոնստրուկցիայի մոնտաժ:

«Այսօր պահանջված է ոչ միայն «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտությունը, այլև շինարարական ոլորտի գրեթե բոլոր մասնագիտությունները: Եվ ոլորտում ունենք մի իրավիճակ, որում աշխատում են որակավորում չունեցող մարդիկ, իսկ աշխատաշուկան որակավորված մասնագետների խիստ կարիք ունի: Սա կարևոր խնդիր է թե՛ կրթության ոլորտի, թե՛ գործատուների համար»,- նշում է ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը:

Նոր մասնագիտությունն ուսումնական հաստատությունում ներդրվել է Knauf Armenia շինարարական կազմակերպության հետ համագործակցությամբ, երբ վերջինս՝ որպես գործատու, որակավորված մասնագետների կարիքի համալրման առաջարկ է ներկայացրել:

«Շինարարության ոլորտը գրեթե հավասար կարևորություն ունի բժշկության հետ, քանի որ ուղղակիորեն առնչվում է մարդու առողջությանն ու անվտանգությանը: Տարբեր փլուզումներն ու աղետները, որոնք պարբերաբար տեղի են ունենում, նաև ոչ որակյալ աշխատանքների հետևանք են: Այս ոլորտում առավել քան երբևէ որակյալ մասնագետների պահանջն ակնհայտ է,- համոզմունք է հայտնում Արմենուհի Պողոսյանը և շարունակում,- մեր խնդիրն է ոչ միայն ուսանողին ներգրավել տվյալ կրթական ծրագրում, այլև ապահովել որակյալ կրթություն և բարձր առաջադիմություն: Այդ նպատակով կրթաթոշակը տրվում է առաջին կուրսում, իսկ հաջորդ կուրսերում այն կպահպանվի՝ պայմանավորված ուսանողի առաջադիմությամբ»:

Knauf Armenia կազմակերպությունը շինարարության ոլորտում առաջիններից է, որի հետ ՄԿՈՒ ոլորտում կա համագործակցություն: Սակայն, ինչպես Արմենուհի Պողոսյանն է փաստում, միջին մասնագիտական կրթությունը կիրառական ոլորտ է և միտված է կարողությունների ու հմտությունների ձևավորմանը, ինչը հնարավոր է ապահովել նախևառաջ մասնավոր ոլորտի աջակցությամբ: «ՄԿՈՒ կրթության պարտադիր բաղադրիչն է պրակտիկաների ապահովումը՝ մասնավորի հետ համագործակցությամբ: 2017 թ. ներդրել ենք դուալ կրթության ձևաչափը, որը ենթադրում է անմիջական կապ աշխատաշուկայի հետ. ուսանողը սովորում է աշխատելով, և ուսումնական ծրագրի առնվազն 50 տոկոս և ավելին անցկացվում է աշխատավայրում՝ գործատուի մոտ: Պետության կողից ֆինանսավորվող տեղերը ձևավորելիս հարցում ենք անում շահագրգիռ կառույցներին՝ հասկանալու աշխատաշուկայի պահանջարկը, որպեսզի պահպանվի կրթություն-աշխատաշուկա օրգանական կապը»,- ասում է վարչության պետը:

Գործում է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդ (ՄԿՈՒԶԱԽ), որի հետ յուրաքանչյուր տարի համաձայնեցվում են տարբեր մասնագիտությունների համար մշակվող կրթական չափորոշիչներ, և առավելություն է տրվում աշխատաշուկայում ու տնտեսության մեջ մեծ պահանջարկ ունեցողներին: ԿԳՄՍ նախարարության պատվիրակմամբ Եվրոպական կրթական հիմնադրամը իրականացրել է շինարարության ոլորտում մասնագետների կարիքի գնահատման մեծածավալ ուսումնասիրություն: Հետազոտության համաձայն սահմանվել են առավել լայն պահանջարկ ունեցող մասնագիտությունները ոչ միայն արհեստագործական և միջին մասնագիտական ոլորտում, այլև բարձրագույն կրթության: Տեխնոլոգիաների զարգացումը, թվային լուծումները, նոր նյութերի հետ աշխատանքը առաջացրել են նաև նոր մասնագիտությունների ներդրման կարիք:

«Այս ոլորտը կարիք ունի որակավորված նոր մասնագետների և արժե, որպեսզի երիտասարդներն ընտրեն հենց այս ոլորտի մասնագիտությունները, որովհետև դրանք բարձր վարձատրվողների ցանկում են, և ուսանողները տարբեր կազմակերպություններում աշխատելու լայն հնարավորություն կունենան»,- եզրափակելով խոսքը՝ նշում է Արմենուհի Պողոսյանը:

ՄԿՈՒ հաստատությունների դիմորդների հայտագրումը մեկնարկել է հուլիսի 30-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 8-ը՝ ոլորտային մասնագիտությունների, մինչև օգոստոսի 17-ը ներառյալ՝ ոչ ոլորտային մասնագիտությունների համար:

ՄԿՈՒ հաստատություններ դիմելու համար անհրաժեշտ է հայտագրվել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի dimord.emis.am կայքում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)