ՀՀ վաստակավոր մանկավարժ Նորա Այվազյանն ավելի քան 50 տարի դասավանդում է ջութակ: Նա աշխատում է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական, Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցներում, Մշակութային աջակցության հիմնադրամի մեթոդիստ է:
Վաստակավոր մանկավարժը, չնայած իր անցած բեղուն ճանապարհին, մասնագիտական հարուստ և պատկառելի կենսագրությանը, 2024 թվականին մասնակցել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորմանը և հաղթահարել անցողիկ շեմը:
ժամանակը առավելագույնս նպաստավոր օգտագործել
Նորա Այվազյանի տեղեկացմամբ՝ արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման մասին իրազեկված է եղել դեռևս նախորդ տարվանից: 2023 թվականի ատեստավորումն իրականացվում էր «Դաշնամուր» և «Երաժշտության տեսություն» (սոլֆեջո և երաժշտական գրականություն) առարկաները դասավանդողների համար:
«Ինձ անչափ հետաքրքրեց կամավոր ատեստավորումը, անգամ ծանոթացա դաշնակահարների ատեստավորման ծրագրին, գրականությանը»,- ասում է նա:
Երբ Նորա Այվազյանը տեղեկացել է, որ լարային գործիքների մասնագիտություններով դասավանդողները ևս ներառվել են 2024 թ. կամավոր ատեստավորման գործընթացում, անչափ ուրախացել է:
«Ծանոթանալով գրականության ցանկին՝ սկսեցի պատրաստվել, քանի որ կարդալու և վերհիշելու նյութը ծավալուն էր, իսկ ես սաստիկ ծանրաբեռնված եմ, աշխատանքային խիտ ժամանակացույցս ազատ ժամանակ ունենալու հնարավորություն չէր տալիս: Եվ ի՞նչ եք կարծում, մրցույթին պատրաստվելու ի՞նչ լուծում գտա: Նյութերը ձեռքիս՝ ես պարապում, կարդում, վերհիշում, սովորում էի տրանսպորտային միջոցներում, տնից աշխատավայր, օրվա մեջ մի վայրից մյուս վայր գնալիս, տունդարձի ճանապարհին: Ես փորձում էի ժամանակը առավելագույնս նպաստավոր օգտագործել, օրվա մեջ հասցնել և՛ սովորել և՛ սովորեցնել, չէ՞ որ դասարանում էլ սպասում էին սաներս, նրանց հետ առջևում ունեինք ծրագրեր և մրցույթներ: Կարծում եմ դա ինձ հաջողվեց»,- ժպտալով պատմում է վաստակավոր մանկավարժը և ավելացնում՝ դա հրաշալի շրջան էր:
Մասնակցեցի և հաղթահարեցի
Այն դիտարկմանը, թե կամավոր ատեստավորումը ոլորտում նորություն է, և ըստ էության ծանոթ չլինելով գործընթացի տեխնիկական կողմին՝ խնդիրների կամ տհաճ պահերի չի՞ բախվել, Նորա Այվազյանը պատասխանում է. «Ինձ և մնացած մասնակիցների համար, իհարկե, այս գործընթացը նորություն է, սակայն որևէ խնդրի չեմ բախվել, ինչի պատճառով կզղջայի իմ որոշման համար: Ատեստավորումը կազմակերպված էր բավականին լավ, ամեն դետալ մտածված էր, խիստ հսկողությունը նույնպես ապահովված էր: Ատեստավորումն անցկացվում էր գրավոր՝ թեստերի միջոցով՝ 60 հարց: Յուրաքանչյուր հարց ուներ 4 կետ, որոնցից պետք էր ընտրել ճիշտ պատասխանը: Մասնակցեցի, ընտրեցի ճիշտ տարբերակները և հաղթահարեցի շեմը, ինչն ինձ անչափ ոգևորել է»:
Սպասելիքներ և արդյունք
«Լսելով մեր ոլորտում անցկացվող ատեստավորման մասին՝ մենք` ջութակի դասատուներս, մտածում էինք, որ լարային գործիքների ատեստավորումը պետք է վերաբերեր զուտ լարային դասավանդմանը: Սակայն ատեստավորման ցանկերում տեսանք գրականություն սոլֆեջոյից, երաժշտական գրականությունից, դաշնակահարների տեսական հարցերից՝ հարմոնիա և այլն: Իհարկե առաջին հայացքից հարց է առաջանում, ի՞նչ կապ ունեն այս հարցերը լարային ուղղվածության մանկավարժների հետ, բայց նման հարցադրումը ինձ մոտ առաջացավ միայն ու միայն առաջին հայացքից:
Իրականում այս հարցերը շատ սերտ կապ ունեն լարային գործիքների դասավանդման հետ: Օրինակ, երբ երեխան գալիս է ջութակ նվագել սովորելու, անկախ այն բանից, թե նա «Սոլֆեջո» առարկային ինչ որակով և մակարդակով է տիրապետում, որ դասարանից է անցնում, մենք՝ լարային գործիքների ուսուցիչներս, սկսում ենք բացատրել տոն, կիսատոն և նմանատիպ հասկացությունները: Այս իմացությունները կարևոր են գործիքի վրա, օրինակ՝ երեխայի մատների ճիշտ դասավորվածության համար, որովհետև եթե նա չիմանա այս ամենը դաշնամուրի դեպքում, չի կարողանա մատները ճիշտ դնել նաև ջութակի վրա: Ջութակը բարդ գործիք է, և ես իմ պրակտիկայում եկել եմ այն հետևության, որ առաջին քայլերի, նոտաների ուսուցմանը զուգահեռ երեխաները անպայման պետք է գիտելիք ունենան նաև սոլֆեջոյից, որպեսզի գրագետ և ճիշտ ընթանան՝ գործիքին սովորելու երեխայի առաջին քայլերը: Վստահաբար կարող եմ ասել՝ ջութակի դասատուն պետք է տիրապետի սոլֆեջոյին, տեսությանը և հարակից այլ կարողությունների, որոնք անհրաժեշտություն են լարային գործիքների դասավանդման համար: Կան մասնագիտական հարցեր լարային գործիքների մասնագիտական դասավանդման մեթոդաբանության մասով, որոնք միայն առաջին հայացքից էին վիճելի թվում. կենտրոնանալով հարցի վրա՝ տեսնում էի, որ ամեն ինչ հստակ և հասկանալի է:
Պետք է ուրախությամբ նշեմ, որ մարզային դպրոցներից ատեստավորման եկած շատ դասատուներ կային. դա նշանակում է, որ նրանց կողմից կատարելագործվելու, գիտելիքը հարստացնելու մեծ ձգտում կա, ինչն անչափ կարևոր է նաև երեխաների համար, նրանց բազմակողմանի զարգացման համար: Ըստ իս՝ կամավոր ատեստավորումը ինքնակրթությամբ զբաղվելու, կատարելագործվելու հրաշալի հնարավորություն է: Դասատուի իմացության և գրագիտության միջոցով է, որ զարգանում են երեխայի միտքը, ընկալումները, երաժշտական գործիքին տիրապետելու նրբությունների ընկալումը»:
Ատեստավորմանը մասնակցելու փաստը ոգևորել է
Ավելի քան 5 տասնամյակի փորձառությամբ դասատուն ավելի շատ ոգևորված է կամավոր ատեստավորմանը մասնակցելու փաստից. «Ատեստավորման գործընթացը ինձ մեծ հնարավորություն տվեց ստուգելու գիտելիքներիս սահմանը, նոր գիտելիքներ ձեռք բերել, անգամ այն հարցերը, որոնց չեմ պատասխանել, ատեստավորումից հետո բացել եմ նյութերը նորից ընթերցել, նորից անդրադարձել այն ամենին ինչը անհրաժեշտ է ինձ և իմ սաներին՝ ուսումնառության և զարգացման համար: Վերջին հաշվով կամավոր ատեստավորումը հնարավորություն է տալիս կատարելագործման միջոցով ունենալ ավելի բարձր աշխատավարձ. որքան միավորներդ բարձր են այնքան աշխատավարձդ ավելի է բարձրանում»,- ընդգծում է փորձառու ուսուցիչը:
Հարցին՝ արդյոք կմասնակցի՞ նաև հաջորդ ատեստավորմանը, Նորա Այվազյանը պատասխանում է իրեն հատուկ ոգով. «Իհարկե, անշուշտ: Ես մշտապես պատրաստ եմ թարմացնել գիտելիքներս, պրպտել, նոր բաներ իմանալ: Իմ տարիքում ես դեռ մասնակցում եմ արտերկրի մասնագետների կողմից անցկացվող վարպետության դասերի, մասնակցում եմ իմ սաների հետ, գնում եմ նոր բան սովորելու, ինչու չէ նաև վերահաստատելու այն ամենը, ինչ գիտեմ, տիրապետում եմ, աշխատում եմ, որպեսզի մեկ անգամ ևս հաստատվի իմ իմացության ճշգրտությունը: Կատարելագործվելն իմ բնույթն է, իմ էությունը»:
Գիտելիք, ուժ և վստահություն
«Կամավոր ատեստավորումն անցնելուց հետո ինձ շատ ու շատ մանկավարժներ են դիմում խորհուրդ ստանալու առաջիկա ատեստավորմանը մասնակցելու համար: Ես էլ իմ ոգևորությունը փոխանցում եմ նրանց: Բոլորին միաբերան ասում եմ, որ մասնակցեն, ոչ մի պահ կասկածի չենթարկեն իրենց այդ քայլը: Խորհուրդ եմ տալիս, որ հիմա, հենց այս պահից սկսած կարդան մասնագիտական գրականություն, լարայինների դասատուներին հորդորում եմ, որ անպայման կարդան նաև դաշնամուրի մասնագիտական գրականությունը, որքան հնարավոր է շատ կարդան, գիտելիքի մեծ պաշար ամբարեն և համարձակ, աներեր գնան ատեստավորման: Եթե անգամ առաջին անգամ չհաջողեն, պետք չէ հուսահատվել, այլ պետք է հաջորդին պատրաստվել, որովհետև միևնույն է՝ անկախ արդյունքից, այս գործընթացից դու հարստացած ես դուրս գալիս՝ ձեռք բերելով գիտելիք, ուժ և վստահություն»,- հորդորում և վստահեցնում է Նորա Այվազյանը:
Դասատուի գործոնը՝ երեխայի հաջողության գրավական
Երիտասարդի ավյունով և մշտապես նորը սովորելու ցանկությամբ առաջնորդվող բազմափորձ ջութակի դասատու Նորա Այվազյանն անկեղծանում է. «Ինքը խիստ ուսուցիչ է, ջութակն էլ` բարդ գործիք: Սակայն սաների հետ հաջողության հասնելու համար միայն պահանջկոտությունը բավարար չէ: Հաջողության համար անհրաժեշտ է ուսուցչի նրբանկատությունը, գործիքի և երաժշտության նկատմամբ սաների մոտ հետաքրքրություն, սեր առաջացնելը, ոգևորելը, ուսուցչի մասնագիտական բարձր պատրաստվածությունը, գրագետ և բովանդակալից դասապրոցեսը, կարգապահությունը, և իհարկե, համատեղ անտրտունջ աշխատանքը»:
Երաժիշտ դառնում են բեմերի վրա
Ըստ երկար տարիների մանկավարժական փորձի՝ Նորա Այվազյանը ձևակերպել է «Երաժիշտ դառնում են բեմերի վրա» կարգախոսը. «Դասարանում երեխան սովորում է գործիքը նվագել, բայց երաժիշտ դառնալ չի կարող: Անկախ այն հանգամանքից, թե իմ սաները ինչպիսի ընդունակություններ ունեն, ես նրանց մշտապես բեմ եմ բարձրացնում, տանում եմ հանրապետական և միջազգային մրցույթների, տարբեր ստուգատեսների և արտերկրի մասնագետների մոտ վարպետության դասերի: Ինչպես բաժակն է կաթիլ-կաթիլ լցվում, այնպես էլ յուրաքանչյուր բեմելը աճեցնում և հղկում է երաժշտին: Պատահում է, որ տարին երեք մրցույթի են մասնակցում և հիմնականում հաջողություններ են գրանցում: Արտերկրի միջազգային մրցույթներից սաներս մշտապես վերադարձել են առաջին մրցանակներով»:
Հաջողության բանաձևը
Նորա Այվազյանի սաները Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական և Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցներն ավարտելուց հետո սովորում են Երևանի պետական կոնսերվատորիայում, այնուհետև շատերը կրթությունը շարունակում են արտերկրի՝ Հոլանդիայի, Ամերիկայի, Ֆրանսիայի և այլ երկրների հեղինակավոր երաժշտական բուհերում, դասավանդում են արտերկրի երաժշտական ուսումնական հաստատություններում, հանդես են գալիս անվանի նվագախմբերում: «Ես անչափ գոհ եմ իմ սաներից, հպարտանում եմ նրանցով և ուրախ եմ, որ անգամ տարածության վրա մեր կապը ամուր է»,- ժպտալով եզրափակում է սիրված ուսուցիչը և հակիրճ բանաձևում հաջողության գաղտնիքը՝ սեր, նվիրվածություն, մշտական աշխատանք, պրոֆեսիոնալիզմ և կատարելագործվելու անվերջ ցանկություն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ