ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հպարտ եմ արծաթե մեդալը նվաճելու առիթով». Արթուր Դավթյանը Փարիզում գործող «Հայաստանի օլիմպիական տանը» հանդիպել է երկրպագուների հետ

Օգոստոսի 6, 2024
Սպորտային լուրեր

Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը (օղակներ, 6-րդ հորիզոնական) հյուրընկալվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում գործող «Հայաստանի օլիմպիական տանը», հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների և երկրպագուների հետ:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ու մարզիչ Հայկ Նազարյանը, ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ներկայության համար: Եվս մեկ անգամ շնորհավորելով մեր մարմնամարզիկներին Փարիզ-2024-ում գրանցած արդյունքների համար՝ Կարեն Գիլոյանը շեշտել է՝ նրանք արել են առավելագույնը:

«Վահագնը բավական լուրջ արդյունք գրանցեց և փայլուն մրցելույթ ունեցավ, իսկ Արթուրն արեց այն, ինչը չափազանց բարդ էր, շատ սառնասրտորեն ու գեղեցիկ կատարեց իր գործը: Շնորհավորում եմ նաև մեր մարզիչներին քրտնաջան աշխատանքի համար: Վստահ եմ՝ կլինեն նոր հաջողություններ և դուք կփայլեք ձեր գիտելիքներով ու հմտությունները կիսելու ունակությամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ վերահաստատելով ՀՀ կառավարության հանձնառությունը՝ աջակցելու հայ մարզիկներին, խրախուսելու սպորտի զարգացումը:

Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ևս ողջունել է մարմնամարզիկներին ու շնորհակալություն հայտնել հպարտության և հուզմունքի պահեր պարգևելու համար. «Ամբողջ Հայաստանը և սփյուռքը մեկ մարդու պես հետևում էր ձեր ելույթներին: Եվ դուք հիանալի էիք: Բոլորս անհամբեր էինք տեսնելու առաջին մեդալն Օլիմպիական խաղերում: Աննկարագրելի զգացողություններ ապրեցինք: Ձեր հաջողություններն ու հաղթանակներն ամբողջ Հայաստանինն են: Ուրախ ենք, որ Փարիզում առաջին անգամ նաև «Հայաստանի օլիմպիական տուն» է գործում, որը Հայաստան-սփյուռք միասնության խորհրդանիշն է»:

Ներկաներին ողջունել է նաև Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան՝ ընդգծելով, որ Հայաստանը Ֆրանսիայի համար բարեկամ երկիր է: Շնորհավորելով Արթուր Դավթյանին՝ Փարիզի փոխքաղաքապետը հույս է հայտնել, որ Օլիմպիական հաջորդ խաղերում նա արդեն ոսկե մեդալակիր կդառնա. «Ուրախ ենք, որ Օլիմպիական արծաթե մեդալը նվաճեցիք հենց Փարիզում, և այդ առումով Փարիզը Ձեզ համար առանձնահատուկ վայր կլինի: Հայաստանը թե՛ Փարիզի, թե՛ առհասարակ Ֆրանսիայի համար բարեկամ երկիր է»:

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների ու ջերմ ընդունելության համար:

«Ուրախ ու հպարտ եմ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր դառնալու առթիվ: Որակավորման փուլում այնքան էլ լավ չցատկեցի, և եզրափակիչ դուրս գալը հարցականի տակ էր: Եզրափակչում արդեն արեցի այն, ինչ կարող էի: Հաջորդ Օլիմպիական խաղերում կցանկանամ ոսկե մեդալը նվաճել»,- ասել է Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը:

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամները նաև հարցուպատասխանի ձևաչափով շփվել են հայ երկրպագուների հետ, լուսանկարվել նրանց հետ և ինքնագրեր բաժանել:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար ու ընդգծել՝ նվաճած յուրաքանչուր մեդալ ծանր աշխատանքի արդյունք է. «Հասել ենք այն մակարդակին, որ բրոնզե ու արծաթե մեդալները սկսել են մեզ չգոհացնել. սա մեծ ձեռքբերում է մեզ համար: Այդուհանդերձ, նվաճած ցանկացած մեդալ մեծ պատիվ է և առաջին հերթին նպաստում է մեր երկրի հեղինակության բարձրացմանը: Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը էապես մեծացրել է ուշադրությունը հայկական սպորտին. արվում են հսկայական ներդրումներ, որոնք, անկասկած, իրենց արդյունքը տալիս են: 2027 թվականին Հայաստանում անցկացնելու ենք սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը՝ ի պատիվ մեր մարզիկների, մարզիչների և ՀՀ կառավարության գործադրած ջանքերի: Մեզ համար դա շատ նշանակալի և կարևոր փորձություն է, և վստահ եմ՝ պատվով ենք կատարելու մեր առջև դրված խնդիրը»:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Երևանում 2027 թվականին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային 10-րդ խաղերի, ինչպես նաև Հայաստանում առաջիկա տարիներին տարբեր մարզաձևերից անցկացվելիք միջազգային խոշոր մրցաշարերի կազմակերպմանը:

Հիշեցնենք՝ «Հայաստանի օլիմպիական տունը» գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում՝ 118 Rue, Courcelles 75017, Paris հասցեում: Այցելուները կարող են վայելել օլիմպիական մրցաշարերի համատեղ դիտումները, հանդիպել հայտնի մարզիկների հետ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…