ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ ԱԺ հանձնաժողովի նիստում

Սեպտեմբերի 3, 2024
Մշակութային լուրեր

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Փոփոխությունները վերաբերում են «ինքնազբաղ արվեստագետ» և «մշա­կութային գործունեությամբ զբաղվող անձ» եզրույթների հստակեցմանը, մշակութային կազմակերպություններին «պետական» կարգավիճակ շնորհելու գործընթացի արժևորմանը, պետության կողմից ստեղծարար ոլորտի խթանման և զարգացման համատեքստում մշակույթի ոլորտում անվանական թոշակների սահմանմանը, Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությանն ու գործառույթներին:

«Որպես ոլորտը կանոնակարգող մեկ միասնական իրավական փաստաթուղթ՝ նշյալ օրենքն ընդունվել է 2002 թվականին: Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են ՀՀ-ում գործող պետական մշակութային կազմակերպությունների կառավարման մոդելների կատարելագործման և ֆինանսավորման նոր մոդելների ներդրման, ստեղծարար ոլորտի զարգացման, ինքնազբաղ արվեստագետների գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությամբ»,- նշել է Դանիել Դանիելյանը:

Փոփոխություններ՝ խթանելու ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների գործունեությունը

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ առանցքային է օրենքում «ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների» եզրույթի սահմանումը, ըստ որի՝ այն որևէ ստեղծագործական աշխատողների միության չանդամակցող և քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձն է, որը գրանցված է հարկային դաշտում և ինքնուրույն իրացնում է իր ստեղծած արտադրանքը։

Օրենքով սահմանվել է նաև «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» հասկացությունը, որը մշակույթի որևէ ոլորտում գործունեություն իրականացնող կամ մշակութային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում ներառված և ստեղծագործական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձն է: Տվյալ կազմակերպությունների ոչ ստեղծագործական անձնակազմը՝ տնօրեններ, տեխնիկական սպասարկողներ, հսկիչներ, հաշվապահներ, ադմինիստրատորներ, չեն հանդիսանում մշակութային գործունեությամբ զբաղվող անձինք։

Վերոնշյալ լրացումները միտված են խթանելու ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների գործունեությունը, որն իրականացվում է ԿԳՄՍՆ կողմից հայտարարվող դրամաշնորհային ծրագրերի, նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների կողմից կազմակերպվող միջոցառումներում վերոնշյալ ստեղծագործողներին ընդգրկելու, ինչպես նաև ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի և հավասար մրցակցային դաշտի ձևավորման միջոցով:

Առաջարկվել է նաև խմբագրել «ազգային հարստություն» եզրույթը՝ այն դարձնելով «ՀՀ քաղաքացի հանդիսավող ազգային փոքրամասնությունների համար նշանակություն ունեցող հարստություն»՝ հաշվի առնելով ազգային փոքրամասնությունների մասին կոնվենցիաներով ամրագրված դրույթները:

Լրացումներ՝ պայմանավորված ՊՈԱԿ-ների ֆինանսավորման նոր մոդելի ներդրմամբ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրման հրամայականով պայմանավորված՝ օրենքում կատարվել է համապատասխան լրացում: Ամրագրվել են ՀՀ կառավարության լիազորությունները ՊՈԱԿ հանդիսացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման, մշակութային կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստման, ստեղծագործական կազմի ատեստավորման և ելույթավճարների տրամադրման, ինչպես նաև սակագնային ընդհանուր քաղաքականության սկզբունքների վերաբերյալ ուղենիշային կարգերի հաստատման, մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակ տրամադրելու վճարման կարգը և չափերը հաստատելու սկզբունքները:

Միաժամանակ հստակեցվել է Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությունը, որը կոչված է ներդնելու թանգարանների արդյունավետ կառավարման, թատերահամերգային կազմակերպությունների առաջխաղացման մեխանիզմներ, ինչպես նաև իրականացնելու լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման, զարգացման հեռանկարային ծրագրերի ներկայացման և ՀՀ-ում ու միջազգային հարթակներում հայ մշակույթի հանրահռչակմանն ուղղված գործառույթներ: «Այն կներառի մշակութային ամբողջ դաշտը՝ թե՛ թանգարաններ ու գրադարաններ, թե՛ թատրոններ ու համերգասրահներ՝ ճկուն և արդիական գործունեություն իրականացնելու հեռանկարով»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Մշակույթի գործիչներին անվանական թոշակ տրամադրելու վճարման կարգը հաստատելու մասին

ՀՀ կառավա­րության հաստատմանը կներկայացվի նաև «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների անվանական թոշակի վճարման կարգը և չափերը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ «Այս կարգի ընդունումը ոչ միայն նպատակ ունի խրախուսելու մշակույթի ոլորտի ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային հեղինակավոր մրցույթներին և փառատոներին, որն իր հերթին կնպաստի հայ մշակույթի հանրահռչակմանը, այլև միտված է պետության կողմից արվեստագետների կատարած աշխատանքի և ձեռքբերումների արժևորմանը։ Այս տարի ծրագրին մասնակից 5 շահառու կա, որոնք հեղինակավոր մրցույթներում զբաղեցրել են բարձր հորիզոնականներ»,- իրազեկել է նախարարի տեղակալը:

«Պետական» անվանումը կշնորհվի միայն համապետական նշանակության կազմակերպություններին

Ըստ փոփոխությունների՝ անհրաժեշտություն է առաջացել «պետություն», «պետական» և «պետականություն» բառերի առավել արժևորման նպատակով կանոնակարգել «պետական» բառի օգտագործումը։ «Սա առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ «պետական» անվանումը կրող կազմակերպությունները ներկայում ունեն և՛ համապետական, և՛ մարզային, և՛ համայնքային նշանակություն, մինչդեռ «պետական» անվանումը պետք է շնորհվի համապետական նշանակության կազմակերպություններին։ Հետևաբար, պետք է կիրառվի տարբերակված մոտեցում»,- ասել է Դանիել Դանիելյանը։ Ներկայում համապետական նշանակության կազմակերպությունների տարբերակումն իրականացվում է «ազգային» բառի օգտագործմամբ։ Առաջարկվում է «պետական» անվանումը շնորհել միայն այն կազմակերպություններին, որոնք ունենք համապետական նշանակություն, «մարզային» անվանումը՝ մարզային նշանակություն և գործառույթներ իրականացնող կազմակերպություններին և «համայնքային» անվանումը՝ համայնքային գործունություն ծավալող և նշանակություն ունեցող կազմակերպություններին։

Մի շարք գործառույթներ վերապահվել են մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին

Դանիել Դանիելյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով արդեն իսկ հաստատվել է նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային ՊՈԱԿ-ների ստեղծագործական անձնակազմի մասնագիտական որակավորման քննությունների անցկացման օրինակելի կանոնակարգը, որի համատեքստում օրենքում կատարվել է լրացում: Դրա համաձայն՝ մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայությունների սակագների հաստատումը և աշխատակիցների պարբերական ատեստավորման գործընթացի իրականացումը վերապահվել են նշյալ կազմակերպություններին։

Օրենքի անցումային դրույթներով սահմանվել է, որ ուժի մեջ մտնելուց 9 ամիս հետո պետք է ընդունվեն օրենքից բխող նորմատիվ իրավական ակտեր ու կանոնակարգեր, այդ թվում՝ Մշակույթի զարգացման հիմնադրամի կանոնադրությունը, սահմանվեն ՊՈԱԿ հանդիսացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները, մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման, աշխատակիցների վերապատրաստման, ստեղծագործական կազմի ատեստավորման և ելույթավճարների տրամադրման սկզբունքների ձևավորման կարգերը, հաստատությունների սակագնային ընդհանուր քաղաքականությունը: Անցումային դրույթներով նաև սահմանվում է, որ մշակութային հաստատությունների անվանումների համապատասխանեցումները կավարտվեն 2025 թվականի դեկտեմբերի 25-ին:

Այսպիսով՝ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու արդյունքում առավել կկանոնակարգվի մշակույթի օրենսդրական դաշտը, կդյուրանա ոլորտի կառավարումը և կբարձրանա ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը:

Նշենք, որ նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը և առաջարկվել է այն ներառել է ԱԺ լիագորմար նիստերի օրակարգ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)