ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գրքի երևանյան փառատոնով կտրվի մշակութային կրթության ուսումնական տարվա մեկնարկը. մամուլի ասուլիս

Սեպտեմբերի 4, 2024
Մշակութային լուրեր Հարցազրույցներ, ելույթներ

Մի քանի օրից կմեկնարկի ԿԳՄՍ նախարարության Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնը:

Սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում տարվա ամենասպասված գրական իրադարձությանը նախատեսված է 32 միջոցառում:

Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, փառատոնի համակազմակերպիչ, ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը և փառատոնի տնօրեն Անի Ղազարյանը ներկայացրել են Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի ծրագիրը:

Գրքի կյանքը՝ ստեղծողից մինչև ընթերցող

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհավորել է ներկաներին Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի ամենամեծ միջոցառման կապակցությամբ և ընդգծել՝ այն ԿԳՄՍ նախարարության լավագույն ծրագրերից մեկն է, որը յոթ տարի պահպանում է իր կարևորությունն ու հետաքրքրությունը հայ ընթերցասեր հանրության շրջանում: «Երեք օրերի ընթացքում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ՝ գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, պոեզիայի ընթերցումներ և այլն։ Նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ ներկա կլինեն գրքի կյանքի շղթայի բոլոր օղակները՝ ստեղծողից մինչև ընթերցող,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և հավելել,- այս ուսումնական տարին հայտարարված է մշակութային կրթության տարի, և այն Գրքի երևանյան միջազգային փառատոնով սկսելը համահունչ է մեր այս մոտեցմանը»,-նշել է նախարարի տեղակալը՝ կոչ անելով դպրոցներին ակտիվորեն մասնակցել փառատոնի շրջանակում անցկացվող միջոցառումներին:

Փառատոնը մարզեր տանելու մասին

Նա ընդգծել է, որ փառատոնը հայ գրողների համար միջազգային ասպարեզում ճանաչելի դառնալու լավ հարթակ է: Դանիել Դանիելյանն իրազեկել է, որ ԿԳՄՍ նախարարի առաջարկությամբ քննարկվում են միջազգային այլ փառատոների հետ կապերը զարգացնելու, ինչպես նաև փառատոնը մարզերում անցկացնելու, մասշտաբներն ընդլայնելու, նոր գործընկերներ ձեռք բերելու հնարավորությունները:

Նա նաև շնորհակալություն է հայտնել գործընկերներին, մասնավորապես՝ գլխավոր հովանավոր Երևանի քաղաքապետարանին, մյուս աջակիցներին ու մասնակից կառույցներին:

Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը ևս ողջունել է ներկաներին և նշել, որ գրականության ոլորտում իրականացվող ծրագրերը խթանում են ընթերցանությունն ու գրականության նկատմամբ երիտասարդների հետաքրքրության բարձրացումը:

Միսաք Մեծարենցի մատանու ցուցադրությունը փառատոնի շրջանակում

Փառատոնի համակազմակերպիչ, ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը շնորհավորել է բոլորին Գրքի երևանյան միջազգային փառատոնի կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ այս փառատոնն իրապես գրական տոն է մեր երկրի և քաղաքի համար: ԳԱԹ տնօրենն անդրադարձել է Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնի առանձնահատուկ մի նախաձեռնությանը՝ թանգարանային մեկ առարկայի ցուցադրությանը:

«Գրականության և արվեստի թանգարանում են պահվում հայ և սփյուռքահայ գրեթե բոլոր գրողների, գրական գործիչների և ոլորտի երևելիների անձնական արխիվները: Այդ արխիվները ներառում են ոչ միայն գրավոր ժառանգության նմուշներ, այլև անձնական իրեր, այդ թվում՝ կահ-կարասի, հագուստ, զենքեր, զարդեր և այլն: Ահա այս հավաքածուներից մեկում է պահվում հայ գրականության ամենալուսավոր և սիրելի դեմքերից մեկի՝ Միսաք Մեծարենցի մատանին: Սա սովորական մատանի չէ. կիսաթանկարժեք երկշերտ քարով պատրաստված այս ոսկե մատանին Մեծարենցին նվիրել է մայրը: Բանաստեղծն այն կրել ու փայփայել է՝ իբրև իր կյանքի ամենաթանկարժեք գանձ: Նվեր ստանալուց հետո՝ տարիներ անց, Մեծարենցը մատանու վրա փորագրել է Հովհաննես Ավետարանչի խոսքերը՝ «Կատարեալ սէր մերժէ զերկիւղ /կատարյալ սերը մերժում է վախը/»: Հետագայում այս մատանին թանգարանին է փոխանցել Մեծարենցի եղբոր դուստրը»,- պատմել է ԳԱԹ տնօրենը և վստահություն հայտնել, որ Միսաք Մեծարենցի հոգուց և մատանուց ճառագած կատարյալ սերը փոխանցվելու է փառատոնի մասնակիցներին և ցուցադրության բոլոր այցելուներին:

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է

Փառատոնի տնօրեն Անի Ղազարյանը հակիրճ ներկայացրել է ծրագիրը: Ըստ նրա՝ փառատոնն ունի երեք բաղադրիչ՝ գրքի տոնավաճառը՝ 20-40% պարտադիր զեղչով, որը կլինի Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում, 32 տարաբնույթ միջոցառումները և ամենահեղինակավոր գրական մրցույթը՝ «Պոեզիա», «Արձակ», «Դրամատուրգիա» և «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում: Բոլոր միջոցառումների մոտքն ազատ է:

Կլինեն թատերական ներկայացումներ

Որպես հետաքրքրական միջոցառումներ՝ Անի Ղազարյանն առանձնացրել է թատերական ներկայացումները՝ «Անտիպոեզիա» և «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է», որոնց մուտքը՝ պարտադիր գրքով: «Ներկայացումներին հանրությունը կարող է հետևել «մուտքը գրքով» սկզբունքով, որը բարեգործական նպատակով է: Գրքերը փոխանցվում են «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին և տրամադրվում սահմանամերձ գյուղերին»,- ասել է Անի Ղազարյանը: Նա նաև իրազեկել է, որ նախատեսվում է փոքրիկ հատված հատկացնել գրական սրճարանին՝ որպես նորույթ, որտեղ այցելուները կարող են վայելել սիրած գրողների նախընտրած ուտեստները:

Ծրագրին հնարավոր է ծանոթանալ փառատոնի պաշտոնական կայքում՝ www.evnbookfest.com:

Ասուլիսին ԶԼՄ ներկայացուցիչներն իրենց հուզող հարցերն են ուղղել բանախոսներին փառատոնի միջոցառումների և կազմակերպչական այլ հարցերի վերաբերյալ:

Նշենք, որ փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։ Այս տարվա գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ Ստեղծագործ Եվրոպայի «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…