ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ դպրոցներին տրամադրվում են հեծանիվներ

Սեպտեմբերի 11, 2024
Սպորտային լուրեր

Հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման, դպրոցականների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով սեպտեմբերի 28-29-ը Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի 20 կմ ճանապարհահատվածում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարը:

Մրցաշարի կազմակերպման և դպրոցականների կողմից նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով սեպտեմբերի 6-ից սկսվել է հեծանիվների մատակարարումը ՀՀ մարզերի և Երևան քաղաքի միջնակարգ, ավագ դպրոցներին և վարժարաններին: Սեպտեմբերի 11-ի դրությամբ հեծանիվները բաշխվել են Արմավիրի (198 հատ), Արագածոտնի (168 հատ), Կոտայքի (138 հատ), Վայոց ձորի (68 հատ) և Գեղարքունիքի (194 հատ) մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններին:

Հեծանիվների մատակարարման և բաշխման գործընթացը ՀՀ մյուս մարզերում շարունակվում է:

Մրցաշարն անցկացվում է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև:

Մրցաշարի 1-ին փուլին, որը կանցկացվի սեպտեմբերի 20-25-ը, կարող են մասնակցել ՀՀ մարզերի և Երևան քաղաքի միջնակարգ, ավագ դպրոցների և վարժարանների թիմերը, իսկ 2-րդ՝ եզրափակիչ փուլին՝ 1-ին փուլում 1-3-րդ տեղերը գրաված դպրոցների կամ վարժարանների հավաքական թիմերը (թիմի կազմում՝ 1 տղա, 1 աղջիկ):

Սեպտեմբերի 28-ին մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան դպրոցին տրամադրված հեծանիվներով: Յուրաքանչյուր մասնակից պարտավոր է մեկնարկին (start) և վերջնարկին (finish) տեխնիկական զննում իրականացնող հանձնաժողովին ներկայացնել իր հեծանիվը:

Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները կպարգևատրվեն ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթով, մեդալներով և դրամական պարգևներով: 1-ին տեղ գրաված դպրոցը կպարգևատրվի 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով:

Կպարգևատրվեն նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ: Հեծանվավազքի հաղթող թիմերի աշակերտները ևս կպարգևատրվեն դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 2 մասնակից՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 75,000-ական դրամ (հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն