ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագիրը դպրոցների տնօրենի հավակնորդների համար

Հոկտեմբերի 10, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ սկսում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման նոր ծրագիրը՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար։

Ծրագրի նպատակն է ուժեղացնել կրթության կառավարիչների ինստիտուտը՝ զարգացնելով հանրակրթական հաստատությունների տնօրենների առաջնորդության և ռազմավարական պլանավորման հմտություններն ու արդյունավետ կառավարման գիտելիքները:

«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի մեկնարկի միջոցառմանն այսօր մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Կարևորելով նոր մեկնարկող վերապատրաստման ծրագիրը՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ 2023 թվականից պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել է կառավարման նոր համակարգ, որի շրջանակում փոփոխվել է տնօրենների նշանակման կարգը, ինչպես նաև վերանայվել են տնօրենի պաշտոնական գործառույթները։ Տնօրենին վերապահվել է կրթության բովանդակության գործառույթը, իսկ տնտեսական խնդիրների կարգավորումը փոխանցվել է վարչական համակարգողին:

Նրա խոսքով՝ 2024 թվականին դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդների կողմից փորձաքննության ներկայացված 745 զարգացման ծրագրերից միայն 86-ն է դրական եզրակացություն ստացել: Ծրագրի փորձաքննության դրական եզրակացությունից հետո հավակնորդները ներկայանում են հարցազրույցի, որտեղ նույնպես վիճակագրությունը մտահոգիչ է. 100 հարցազրույցից 39-ն է ավարտվել նվազագույն շեմի հաղթահարմամբ:

«Այս ծրագիրը շատ կարևոր է մեզ համար, քանի որ ունենալու ենք վերապատրաստված տնօրեններ, որոնք համապատասխանելու են կրթության զարգացման տեսլականով սահմանված չափանիշներին: Դրանք անիրատեսական չեն և կրթության բովանդակությանը, կառավարմանը, մասնագիտական զարգացմանն աջակցելու և մի շարք այլ ուղղություններով միջին պահանջներ են»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ ծրագրի ընթացը և ստացված արձագանքները ցույց են տալու՝ այս ձևաչափն արդյոք կիրառակա՞ն է, թե՞ վերանայելու կարիք կա:

Նա նաև շնորհակալություն է հայտնել գործընկերներին պետության քաղաքականության իրագործմանն աջակցելու համար:

Յոթամսյա վերապատրաստումների ընթացքում ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան, մանկավարժական ու կառավարման արդիական գիտելիքներին զուգահեռ, հմտանալ կրթական ծրագրի մշակման ու որակի գնահատման ուղղությամբ։ Իսկ վերապատրաստման ծրագրի ավարտին մասնակիցները պետք է ներկայացնեն հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագիր:

«Որակյալ կրթության հասանելիությունը կայուն և բարգավաճ հասարակության հիմքն է, որը հատկապես կարևոր է գյուղական բնակավայրերում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը կօգնի զարգացնելու լավ կառավարվող կրթական համակարգ՝ հարմարեցված, մասնավորապես, երեխաների, երիտասարդության և աշխատաշուկայի կարիքներին,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը և հավելել,- ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջնահերթություն է տալիս տվյալահեն որոշումների կայացմանը, երեխաների և երիտասարդության բովանդակալից ներգրավվածությանը: ԵՄ-ի հետ համատեղ մեր ընդհանուր նպատակն ավելին է, քան կրթական որակի բարելավումը. խոսքը փոփոխություն բերող ուժեղ սերունդ դաստիարակելու մասին է: ՅՈՒՆԻՍԵֆ-ը հանձնառու է աջակցելու ՀՀ ջանքերին՝ արդիականացնելու իր կրթական համակարգը՝ բոլոր երեխաների և երիտասարդների համար ներառական որակյալ կրթություն ապահովելու նպատակով»:

Ծրագիրն իրականացվելու է երկու խմբով՝ յուրաքանչյուրում 30-ական մասնակից և անցկացվելու է հիբրիդային՝ առկա և առցանց հանդիպումների ձևաչափերով: Տնօրենի պաշտոնին հավակնողների համար վերապատրաստման կրթական ծրագիրը մշակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի գործընկերության արդյունքում և կանցկացվի հիմնադրամի մասնագետների կողմից:

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, դիմելով մասնակիցներին, նշել է. «Ծայրահեղ պատասխանատվությամբ ենք վերաբերվում այս ծրագրին: Մեր նպատակն է, որ բոլորդ դառնաք միջազգային մակարդակի կրթության կառավարիչներ: Նախապես ուսումնասիրել ենք առաջավոր միջազգային փորձը, որն ուզում ենք հասանելի դարձնել այս դասընթացի արդյունքում: Ակնկալում ենք փոխադարձ աջակցության միջավայր, որը ոչ պակաս կարևոր է, քան բուն դասընթացը»:

Ակնկալվում է, որ տնօրենների կարողությունների զարգացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն կոնկրետ կրթական հաստատության, այլև ամբողջ համակարգի վրա ու նաև կամրապնդի համագործակցային մշակույթը հանրակրթական հաստատությունների կառավարման գործընթացում: Առաջադեմ ու նորարար գործիքակազմը խթան կհանդիսանա՝ նախաձեռնելու և իրագործելու այնպիսի փոփոխություններ, որոնց կարիքն այսօր կա դպրոցներում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)