ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկել է մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված վերապատրաստման դասընթացը

Հոկտեմբերի 16, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում հոկտեմբերի 15-18-ն անցկացվում է վերականգնման և ժառանգության պահպանության ոլորտի հայ մասնագետների վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլը:

Ծրագրի մեկնարկին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Ծրագրի շրջանակում Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում հոկտեմբերի 15-ին մեկնարկել է «Գրաֆիկական և արխիվային փաստաթղթերի պահպանության հիմունքներ. գործնական հմտություններ, փոշեզրկում, փաթեթավորում» թեմայով վերապատրաստման դասընթացը: Ծրագրի այս բաղադրիչն իրականացնում է Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտը՝ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին: Նրա ընդգծմամբ՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա է մշակութային համագործակցության լայն շրջանակ, որի կարևորագույն թիրախներից է մշակութային ժառանգության պահպանությունը. «Վերապատրաստման դասընթացը կարևոր նախաձեռնություն է երկու երկրների միջև փոխգործակցության ամրապնդման, ֆրանսիական լավագույն փորձի փոխանցման, մասնագիտական կարողությունների զարգացման, ինչպես նաև հայ-ֆրանսիական համագործակցության հեռանկարների ընդլայնման համատեքստում»:

Նշենք, որ քառօրյա դասընթացն անցկացվելու է տեսական և գործնական աշխատանքներով, օրինակ՝ ինչպես են Ֆրանսիայում իրականացվում գրավոր ժառանգության ոլորտում պահպանմանն ուղղված աշխատանքները, գրաֆիկական և արխիվային փաստաթղթերի պահպանության հիմունքները, գրքի, կաշվի, մագաղաթի պատրաստման մեխանիզմը, փոշուց մաքրելու գործընթացը, փաթեթավորման և պահեստավորման եղանակները, սանիտարական միջոցները, մանրէաբանական վարակազերծումը և այլն:

Դասընթացը կամփոփվի գործնական աշխատանքով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն