ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ կհստակեցվի 30 մանկավարժական կրեդիտով ուսուցիչ աշխատելու ընթացակարգը

Հոկտեմբերի 17, 2024
Լուրեր կազմակերպություններից

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ փոփոխությունները հիմնականում վերաբերում են ուսուցիչների ատեստավորման գործընթացում անհրաժեշտ հստակեցումներին, մասնավորապես՝ ուսուցիչների մասնագիտական զարգացման գործընթացի կարգավորմանը։ Նախագծով հստակեցումներ են առաջարկվում նաև դպրոցների կառավարման օղակի, տնօրենների նշանակման գործընթացի, անհրաժեշտ փորձաշրջանի սահմանման վերաբերյալ:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո եղել են որոշակի առաջարկներ՝ հիմնականում իրավական խմբագրման ու տեխնիկական բնույթի, որոնք ընդունվել են:

Հարակից զեկուցմամբ ներկայացվել են առաջարկներ՝ օրենքի նախագծում ներառելու նպատակով: Դրանք վերաբերել են, մասնավորապես, ոչ պետական կամ այլընտրանքային կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության ուսուցչի մասնագիտական զարգացումը տվյալ հաստատության կողմից մշակված ընթացակարգով իրականացմանը, ինչպես նաև մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ շնորհելու կարգի սահմանմանը:

ԿԳՄՍ նախարարը, շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար, նշել է՝ աշխատանքային քննարկումների ժամանակ պարզ է դարձել, որ ենթաօրենսդրական կարգավորումների կարիք կա, որոնք իրականացնելու համար անհրաժեշտ է օրենքում լիազորող նորմեր նախատեսել:

««Հանրակրթության մասին» օրենքում 2022 թ. իրականացված փոփոխությամբ հնարավորություն էինք ընձեռել, որ եթե ուսուցչի թափուր տեղը հայտարարված մրցույթի արդյունքում չի համալրվում, ապա հաջորդ մրցույթին կկարողանան մասնակցել նաև մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթությամբ անձինք՝ մանկավարժական 30 կրեդիտ հավաքելու պայմանով: Մեծ հետաքրքրվածություն կա. բազմաթիվ մարդիկ դիմում և անցնում են այս ծրագրերով: Տարբեր ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում ունենք չորս երաշխավորված ծրագրեր, որոնցում նրանք կարողանում են անցնել համապատասխան դասընթացներ ու աշխատել դպրոցներում: Սակայն գործընթացի իրականացման ժամանակ պարզ դարձավ, որ որոշակի ենթաօրենսդրական կարգավորումների կարիք կա: Օրինակ՝ որ մասնագիտությունները որ առարկաների դասավանդման համար կարող են համարվել համապատասխան մասնագիտական կրթություն, կամ ինչպես պետք է կատարվի համապատասխան կրեդիտների հաշվարկը՝ նախորդ բարձրագույն կրթությունից և կրթական ծրագրի բացվածքից ելնելով»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանն ու վստահություն հայտնել՝ նոր փոփոխությամբ նմանօրինակ գործընթացները հնարավոր կլինի առավել սահուն կազմակերպել:

Ըստ այդմ՝ առաջարկվող կարգավորումներից մեկով հնարավորություն կտրվի տարբեր մասնագիտությունների համար որոշել, թե ինչ առարկա կարող է դասավանդել տվյալ մասնագիտությամբ մասնագետը՝ մանկավարժահոգեբանական 30 կրեդիտ ապահովելու դեպքում:

Անդրադառնալով ոչ պետական կամ այլընտրանքային կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության ուսուցիչների մասնագիտական զարգացմանը՝ Ժաննա Անդրեասյանը շեշտել է՝ հարցը բազմիցս քննարկվել է նմանօրինակ ուսումնական հաստատությունների հետ, որոնք նշում են՝ ունեն ուսուցիչների կարիքների գնահատման և զարգացման ծրագրերի սեփական մոտեցումները:

«Բնականաբար, եթե «Հանրակրթության մասին» օրենքը ճանաչում է այլընտրանքային կրթական ծրագիրը՝ որպես հանրակրթական ծրագրի տեսակ, ապա այն պետք է շարունակություն ունենա իր ընթացակարգերի տեսանկյունից: Այս լիազորող նորմով մենք հնարավորություն կընձեռենք, որպեսզի այլընտրանքային կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններն իրենց առաջարկած ընթացակարգերը ներկայացնեն և դրանց հաստատումից հետո կարողանան դրանք կիրառել որպես ուսուցչի հերթական ատեստավորման և մասնագիտական զարգացման իրենց մեխանիզմ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը և վստահություն հայտնել՝ օրենքի նախագծում նման կետի ներառումը համակարգի զարգացման համար կունենա շատ դրական ազդեցություն:

Ժաննա Անդրեասյանը ներկայացված առաջարկների վերաբերյալ փոխանցել է Կառավարության դրական դիրքորոշումը:

Նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարարն արձագանքել է նաև ԱԺ պատգամավորների կողմից բարձրացված մի շարք հարցերի:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…