ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կբացվի Համազգային թատրոնի նոր շենքը, կնորոգվեն մարզային թատրոնները

Հոկտեմբերի 29, 2024
Մշակութային լուրեր

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումներում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մշակույթի ոլորտում իրականացվելիք ծրագրերը:

Կապիտալ ծրագրեր մշակութային հաստատություններում

Խոսելով մշակութային հաստատություններում և թատերահամերգային կազմակերպություններում իրականացվող աշխատանքների մասին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2025 թվականին կբացվի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքը, որը արդիական պահանջներով ու պայմաններով նոր կառուցված շինություն է: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ հաջորդ տարի կապիտալ վերանորոգման աշխատանքներ կմեկնարկեն Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում և Գորիսի պետական թատրոնում՝ մարզերում մշակութային կյանքի ակտիվացման նպատակով: Կշարունակվեն աշխատանքները Մնջախաղի պետական թատրոնի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի շենքերի կառուցման ուղղությամբ, ինչպես նաև թատերահամերգային կազմակերպությունների ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի և երաժշտական գործիքներով ապահովման գործընթացները։

1,8 մլրդ դրամ՝ հուշարձանների վերականգնման համար

Անդրադառնալով հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ այդ նպատակով 2025 թվականին նախատեսվել է մոտ 1,8 մլրդ դրամ, որն էապես գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը: Նշյալ բյուջեով իրականացվելու են 17 հուշարձանների (Ամբերդ ամրոց, Բերդկունք ամրոց, Հորսի պալատ, Օրբելյանների քարավանատուն և այլն) ամրակայման, նորոգման և վերականգնման, ինչպես նաև 6 հուշարձանի գիտանախագծային փաստաթղթերի կազմման աշխատանքներ։ Շարունակվելու է նաև մոդուլային տեղեկատվական կենտրոնների կառուցումը, որոնք, Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ, ստեղծում են ժամանակակից ենթակառուցվածք հուշարձանների գրավչությունը բարձրացնելու և զբոսաշրջային քաղաքականությունը խթանելու նպատակով: Նախարարի խոսքով՝ շարունակվելու է նախորդ տարիներին սկսված և ներկայում ընթացող պետություն-մասնավոր համագործակցությունը, ինչի արդյունքում 2024 թվականին 2 հուշարձանի վերականգնման աշխատանքները մոտեցել են ավարտին, իսկ 6 հուշարձանի վերականգնման աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարի։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն