ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Պատմության լուռ վկաները» խորագրով գիտաժողով՝ նվիրված ԼՂ պատմամշակութային ժառանգությանը

Նոյեմբերի 4, 2024
Մշակութային լուրեր

«Հիշատակարան» հասարակական կազմակերպության և «Ինալկո» հիմնադրամի նախաձեռնությամբ նոյեմբերի 5-6-ը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Պատմության լուռ վկաները» խորագրով գիտաժողով։

Երկօրյա հագեցած ծրագիր ունեցող գիտաժողովը կպատմի Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության մասին։ Գիտաժողովը կանցկացվի ժամը 9:30-18:00-ն:

Հայկական մշակութային ժառանգության փաստագրման և պահպանման ծրագիրն անկախ գիտական հարթակ է, որի առաքելությունն է ապահովել հայկական հուշարձանների գիտականորեն հիմնավորված փաստագրումը։ Վտանգված հայկական մշակութային ժառանգության բացահայտումը, քարտեզագրումն ու ցուցակագրումը իրականացվում են հնագետների, ճարտարապետների, արվեստաբանների, պատմաբանների և թարգմանիչների սերտ համագործակցությամբ ու թիմային աշխատանքով։

Ծրագրի հիմնական նպատակն է վավերագրել վտանգված հուշարձանային ժառանգությունը՝ դրանով իսկ նպաստելով վերջինիս պահպանությանը։ Առաջարկելով անմիջական և հիմնավոր գիտելիքներ՝ նախագիծն ուղղված է ոչ միայն պատմության, արվեստի ու ճարտարապետության, սոցիոլոգիայի և մարդաբանության ոլորտներում մասնագիտացած համաշխարհային գիտական, այլև արվեստասեր հանրությանը։

Հայկական մշակութային ժառանգության փաստագրման և պահպանման ծրագիրն իրականացնում է Հայաստանում գործող «Հիշատակարան» հասարակական կազմակերպությունը։ Ծրագիրն իրականացվում է Ալիֆ և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ՝ «Ինալկո» հիմնադրամի համակարգմամբ։ Ծրագիրը գործում է Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի (Inalco) գիտական հովանու ներքո, որտեղ հայոց լեզուն և հայկական մշակույթը դասավանդվում են 1798 թվականից: Այն համալրում է «Ինալկո» հիմնադրամի մշակութային ժառանգության պահպանման ծրագրերի շարքը։ Ծրագիրը հիմնել և ղեկավարում է Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի դոցենտ, արվեստաբան, հայ արվեստի և ճարտարապետության, Կովկասի միջնադարյան քրիստոնեական արվեստի, ռուսական արվեստի և արևելյան եկեղեցիների պատկերագրության մասնագետ Աննա Լեյլոյան-Եկմալյանը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն