ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության գործունեության կարևոր առաջնահերթություններից է երիտասարդներին ուղղված քաղաքականությունը, որի հիմքում երիտասարդերի զարգացման և ինքնաիրացման համար նպաստավոր պայմանների և միջավայրի ձևավորումն է: Դրան են ուղղված բազմաթիվ ծրագրեր կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, բարձր տեխնոլոգիաների, տնտեսության և այլ ոլորտներում: «Հարկ է նշել, սակայն, որ մինչև այս պետությունը չի ունեցել համապարփակ օրենսդրություն, որը կներկայացներ երիտասարդական քաղաքականությունը, դրա թիրախները, նպատակները, ինստիտուցիոնալ գործիքակազմը և շահառուներին: Ներկայացված օրենսդրական փաթեթը կլրացնի այդ բացը. այն սահմանում է պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները՝ հանդիսանալով շրջանակային փաստաթուղթ երիտասարդական քաղաքականության բոլոր դերակատարների, այդ թվում նաև քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների համար»,-նշել է նախարարը։
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ օրենքի նախագծով պետական երիտասարդական քաղաքականությունը սահմանվում է որպես ՀՀ կառավարության կողմից ընդունված ծրագրերի և միջոցառումների համակարգ, որը միտված է երիտասարդների կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, կրթական, մշակութային և սոցիալական բնույթի հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, երիտասարդության հիմնախնդիրների լուծմանը և դրանց շուրջ հանրային խոսույթի ձևավորմանը, ինչպես նաև քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության մակարդակի բարձրացմանը: Պետական երիտասարդական քաղաքականության նպատակը ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ երիտասարդի ձևավորումն է, որը սեփական երկրում կընդլայնի իր բարեկեցությունն ապահովելու հնարավորությունները և այդպիսով նաև կաջակցի հանրային զարգացմանը:
«Օրենքի առկայությունը կնպաստի նաև Կառավարության ծրագրով նախատեսված և արդեն մի քանի տարի իրականացվող երիտասարդական կենտրոնների ձևավորմանը և արդյունավետ գործունեությանը: Մասնավորապես՝ ծրագիրը մեկնարկել է 2022 թվականից, որի արդյունքում մարզերում արդեն իսկ գործում են Կառավարության, համայնքների և մասնավոր ոլորտի գործակցությամբ ձևավորված 5 կենտրոններ՝ Իջևանում, Մեղրիում, Ապարանում Դիլիջանում և Վանաձորում։ Այս տարի դրանց կավելանան ևս չորս կենտրոններ տարբեր մարզերում. հաջորդ տարվա բյուջետային հայտում ամրագրված է ևս 6 կենտրոնի ձևավորում: Մյուս տարի կմեկնարկենք նաև բազմաֆունկցիոնալ կենտրոնների ձևավորումը՝ երիտասարդական կենտրոն, մշակույթի տուն, համայնքային գրադարան ձևաչափով: Օրենքի շնորհիվ երիտասարդական կենտրոնների այս քաղաքականությունը կդառնա ինստիտուցիոնալ առումով ավելի հիմնավոր՝ նպաստելով համայնքներում երիտասարդական միջավայրերի ձևավորմանը և արդեն իսկ ստեղծված կենտրոնների միջոցով երիտասարդական քաղաքականության թիրախային իրականացմանը: Այս կենտրոնները հասցեագրում են նաև, այսպես կոչված, ոչ մի տեղ չաշխատող և չսովորող երիտասարդների խմբերին, ինչը առավել կարևոր է, քանի որ նրանք դուրս են ինստիտուցիոնալ համակարգերի ուշադրությունից և այդ իմաստով նաև լրացուցիչ աջակցության կարիք ունեն»,-ընդգծել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ օրենքի նախագծով որպես երիտասարդների տարիքային շեմ առաջարկվում է սահմանել 13-35 տարեկանը՝ հիմք ընդունելով բազմաթիվ հանգամանքներ, որոնք հիմնված են թե՛ միջազգային պրակտիկայի, թե՛ մեր հասարակության ժողովրդագրական իրավիճակի վրա:
Նրա խոսքով՝ օրենքի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ավելի մասնակցային միջավայր ունենալ, որտեղ տարբեր շահառուներ՝ քաղաքացիական հասարակությունը, առանձին երիտասարդների խմբեր հնարավորություն կունենան մասնակցել վարվող քաղաքականությանը: Օրենքի նախագծով սահմանվել են նաև պետական մարմինների և ՏԻՄ-երի՝ երիտասարդական քաղաքականության իրականացման լիազորությունները: Նախատեսվում է յուրաքանչյուր համայնքում պետական, բայց նաև համայնքային ու մասնավոր ֆինանսավորմամբ և բազմակողմ համագործակցությամբ ձևավորել երիտասարդական միջավայրեր:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունումը ներառված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում։
«Օրենքի նախագիծը մշակվել և լրամշակվել է հանրային լայն մասնակցային գործընթացի միջոցով, այդ թվում՝ երիտասարդական կառույցների, միջազգային կազմակերպությունների և փորձագետների ներգրավմամբ։ Ավելի քան երեք տասնյակ հանրային քննարկումներ են կազմակերպվել Երևանում և բոլոր մարզերում՝ շուրջ հազար երիտասարդի մասնակցությամբ։ Տարբեր երկրների փորձ է ուսումնասիրվել, և ապահովվել է միջազգային դրական կարգավորումներին համապատասխանությունը »,-զեկույցն ամփոփել է նախարարը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հետաքրքրել է օրենքի գործառույթների և լիազորությունների հստակեցման, ինչպես նաև երիտասարդական կենտրոնների գործունեության հարցերը, որին ի պատասխան՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ իրավական առումով օրենքը ձևակերպում է պետական տարբեր մարմինների և ՏԻՄ-երի անելիքները և լիազորությունները, բայց այն նաև հստակ սահմանում է շահառու խումբն ու թիրախը, ինչը շատ կարևոր է. «Իրականում մենք տարբեր ոլորտներում բազմաթիվ ծրագրեր ունենք, որոնք ուղղված են երիտասարդների կարողությունների զարգացմանը և նրանց աջակցությանը, սակայն կարևոր է երիտասարդներին որպես առանձին խումբ ունենալու համալիր մոտեցումը։ Օրինակ՝ չաշխատող և չսովորող երիտասարդների խումբը մեր բոլոր ծրագրերից, ըստ էության, դուրս է մնում: Օրենքը կնպաստի, որ այս խմբի հանդեպ ունենանք առանձնացված քաղաքականություն և կարողանանք սինքրոնացնել նաև տարբեր ոլորտների ծրագրերը։ Կարևոր եմ համարում նաև օրենքի առկայությունը ժողովրդագրական իրավիճակի տեսանկյունից. իրականում ծերացող հասարակության ներկա միտումները պահանջում են, որպեսզի պետություններն ունենան ավելի հստակ քաղաքականություն երիտասարդների խրախուսման և զարգացման ուղղությամբ, և օրենքն այդ իմաստով նաև գործիքակազմ է տալիս այդ խմբի հետ աշխատելու և տարբեր աջակցության ծրագրեր իրականացնելու առումով, օրինակ՝ բնակարանային ապահովման հարցում երիտասարդ ընտանիքներին ավելի թիրախային աջակցության իմաստով»:
Անդրադառնալով երիտասարդական կենտրոններին՝ նախարարը նշել է, որ դրանք ձևավորվում են պետության, համայնքի և մասնավորի համագործակցությամբ՝ մանրամասն ներկայացնելով դրանցից յուրաքանչյուրի մասնակցության ձևաչափերը և անելիքները:
Օրենսդրական նախաձեռնության շրջանակում փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում նաև «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, որոնք սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ