ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կամավոր ատեստավորմանը մասնակցելու ավելի քան 6000 հայտ. Արաքսիա Սվաջյանի մամուլի ասուլիսը

Նոյեմբերի 7, 2024
Հարցազրույցներ, ելույթներ

Նոյեմբերի 9-ից մեկնարկում է 2024 թ. ուսուցիչների կամավոր ատեստավորումը, որն այս տարվանից կանցկացվի բացառապես էլեկտրոնային եղանակով: Ներկայացնելով նոր փոփոխությունները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն Արմենպրես գործակալությունում հրավիրված մամուլի ասուլիսում նշել է, որ ներկայացվել է ավելի քան 6000 հայտ:

35 քննական կենտրոն. էլեկտրոնային համակարգը փորձարկվել է

Երևանում և ՀՀ բոլոր մարզերում ձևավորվել է 35 քննական կենտրոն, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով և անհրաժեշտ այլ պայմաններով: Նախարարի տեղակալի խոսքով՝ այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել են 5620 աշխատող ուսուցիչ և 572 չաշխատող անձինք, որոնց մեջ ներառված են նաև նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում հանրակրթական առարկաներ դասավանդող մանկավարժները:

«Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս այս տարի պարտադիր պետք է մասնակցեն կամավոր ատեստավորմանը, ինչը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությամբ: Հերթական ատեստավորման շրջանակում 607 ուսուցիչների կարիքի գնահատմամբ նշվել է առարկայական գիտելիքի իմացության անհրաժեշտություն, հետևաբար այս խմբի ուսուցիչների համար ևս կամավոր ատեստավորման շրջանակում գիտելիքի ստուգում է կատարվելու: Էլեկտրոնային համակարգը պատրաստ է. ուսուցիչներին նաև փորձարկման հնարավորություն էր ընձեռվել: Հուսով եմ՝ ուսուցիչներն արդեն փորձարկել ու ծանոթացել են և կգրանցեն դրական արդյունքներ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Քննական կենտրոնների մասնագետները տեխնիկական հարցերում կաջակցեն ուսուցիչներին

Նրա խոսքով՝ համակարգը բավական պարզ կառուցվածք ունի. պարզապես պետք է ընտրել ճիշտ պատասխանը, որոշ դեպքերում էլ՝ թվային տվյալներ լրացնել: «Ուսուցիչներից բարդ տեխնիկական հմտություններ չեն պահանջվում: Քննական կենտրոններում կլինեն նաև մասնագետներ, որոնք անհրաժեշտության դեպքում տեխնիկական աջակցություն կտրամադրեն ուսուցիչներին»,- նշել է Արաքսիա Սվաջյանն ու հիշեցրել՝ ուսուցիչները կամավոր ատեստավորմանը պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով:

Կամավոր ատեստավորման քննությունները կանցկացվեն նոյեմբերի 9-24-ը՝ ժամը 10:00-ին և 15:00-ին:

Էլեկտրոնային ատեստավորման դրական կողմերի մասին

Անդրադառնալով նախապատվությունն էլեկտրոնային ձևաչափին տալուն՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ այն առաջին հերթին հնարավորություն կտա ժամանակ տնտեսել, խուսափել հնարավոր սխալներից: Ընդ որում՝ «պահպանել» կոճակը սեղմելուց հետո ուսուցիչները ցանկացած պահի կարող են վերադառնալ և խմբագրել իրենց լրացրած պատասխանը: Թեստը համարվում է ամփոփված միայն «ամփոփել» կոճակը սեղմելուց հետո: Էլեկտրոնային ձևաչափը հնարավորություն է տալու նաև անմիջապես տեղում տեսնելու, թե ուսուցիչը քանի տոկոս արդյունք է գրանցել:

Արաքսիա Սվաջյանը վստահություն է հայտնել՝ թվային ձևաչափի միջոցով գործընթացն ավելի դյուրին կընթանա, և ավելորդ լարվածություն չի առաջացնի ուսուցիչների շրջանում: Նրա փոխանցմամբ՝ ծրագրի դեմո տարբերակը շուրջ 6000 մուտք է ունեցել:

«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության մասին

Ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է նաև «Հանրակրթության մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունները, որոնք ուղղակիորեն կապ ունեն նաև ուսուցիչների կամավոր և հերթական ատեստավորման գործընթացների հետ:

«Առանձնացվել են կամավոր և հերթական ատեստավորման կարգավորումները: Օրենքում հստակ սահմանվել է, որ ուսուցիչները կամավոր ատեստավորմանը մասնակցում են իրենց ցանկության պարագայում, ինչպես նաև այն դեպքում, եթե նախորդ տարի չեն հաղթահարել կամավոր ատեստավորման շեմը»,- ասել է Արաքսիա Սվաջյանն ու նաև տեղեկացրել՝ ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն այս տարվանից առաջին անգամ իրականացվում է մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների հիման վրա՝ համաձայն նոր կարգի:

Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ մասնավոր դպրոցներից ստացված առաջարկի հիման վրա առանձին կետ է ավելացվել առ այն, որ ոչ պետական դպրոցների ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացը իրականացվի փոքր-ինչ այլ եղանակով: Մասնավորապես՝ այլընտրանքային կրթական ծրագիր իրականացնող հանրակրթական դպրոցներին հնարավորություն է տրվում պետական լիազոր մարմնի կողմից համապատասխան հաստատումից հետո ուսուցիչների մասնագիտական զարգացման սեփական ծրագրեր ներդնելու:

30 մանկավարժական կրեդիտով ուսուցիչ աշխատելու մասին

Արաքսիա Սվաջյանը նաև անդրադարձել է բարձրագույն կրթություն ունեցող, սակայն մանկավարժի որակավորում չունեցող մասնագետներին, որոնք մանկավարժական 30 կրեդիտ հավաքելու պարագայում դպրոցներում աշխատելու հնարավորություն են ստանում: Նախարարի տեղակալն ընդգծել է՝ գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ, մասնավորապես` կապված այն հարցի հետ, թե տվյալ առարկայի դասավանդման համար բուհական որ մասնագիտությունները կարող են համարվել ոլորտային մասնագիտական բարձրագույն կրթություն, ինչպես պետք է կատարվի կրեդիտների հաշվարկը և այլն: Նրա տեղեկացմամբ՝ օրենքի լիազորող նորմը հնարավորություն կտա ենթաօրենսդրական ակտերի միջոցով կարգավորելու վերոնշյալ խնդիրները:

Որոշ դեպքերում դպրոցի տնօրենը կնշանակվի փորձաշրջանով

Ներկայացնելով օրենքում արված մյուս փոփոխությունները՝ Արաքսիա Սվաջյանը նշել է՝ դրանք հիմնականում վերաբերում են դպրոցների կառավարմանը, մասնավորապես՝ տնօրենների նշանակման գործընթացի կարգավորմանը: Օրինակ՝ եթե տնօրենն անցնում է հավաստագրում, ապա այն ուժի մեջ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ տնօրենը շարունակում է պաշտոնավարել, իսկ նոր հավաստագրի առկայությունը պարտադիր է միայն այն դեպքում, եթե տնօրենը նոր մրցույթի է դիմում կամ պաշտոնավարման ընթացքում առկա է ընդհատում:

Նա նաև տեղեկացրել է՝ որոշ դեպքերում դպրոցի տնօրենն աշխատանքի կընդունվի մեկ տարի փորձաշրջանով: Սա հիմնականում վերաբերում է այն դեպքերին, երբ տնօրենի թեկնածուի ներկայացրած զարգացման ծրագիրը դրական եզրակացություն է ստանում, սակայն վերջինս քննության փուլը չի հաղթահարում սահմանային մեկ-երկու միավորով:

Բացի այդ՝ ըստ անհրաժեշտության, դպրոցի տնօրենի թափուր տեղի համալրման նպատակով կկիրառվի գործուղման մոդել, ինչը հնարավորություն կտա ավելի փորձառու մասնագետների ներգրավել դպրոցների կառավարման օղակում:

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխության մասին

Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է՝ ՀՀ կառավարության նիստում հաստատվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոփոխություններից մեկը վերաբերում է նախադպրոցական չափորոշչի ներդրման ընթացքում առաջ եկած կարգավորումներին: Ինչպես դպրոցներում, այնպես էլ նախադպրոցական ուսումնական հաստատություններում այս տարի ներդրվել է մենթոր մանկապարտեզների համակարգը, որը կոչված է օգնելու նախադպրոցական չափորոշչի ներդրմանը:

Անդրադառնալով նախադպրոցական հաստատությունների լիզենզավորմանը՝ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ օրենքում արդեն հստակ սահմանվել է, թե որոնք են այլընտրանքային նախադպրոցական կրթական ծառայությունը և նախադպրոցական կրթական ծառայությունը: Առաջարկվում է ամրագրել, որ նախադպրոցական ծառայություններ կարող են մատուցել միայն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ընկերությունները:

Մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է մանկավարժական աշխատողների և տնօրենների վերապատրաստման գործընթացին: Ըստ այդմ՝ դաստիարակի օգնականը ևս պետք է վերապատրաստվի:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև նշել է՝ նախադպրոցական բազմաթիվ հաստատություններում և հատկապես գյուղական բնակավայրերում մանկավարժների հաստիքների համալրման հետ կապված խնդիրներ են առաջանում: Այդ իսկ պատճառով նախադպրոցական ուսումնական հաստատություններում կներդրվի նախադպրոցական մանկավարժական 20 կրեդիտի համակարգը: Սահմանվել է մասնագիտությունների որոշակի շրջանակ, որոնք մոտ են նախադպրոցական մանկավարժությանը և համապատասխան դասընթացներ անցնելուց ու 20 կրեդիտ հավաքելուց հետո այդ մասնագետները կկարողանան հավասար պայմաններով մասնակցել թափուր տեղի մրցույթներին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…