ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիտաժողով. Մասնագիտական կրթությունը` սահմանամերձ բնակավայրերի հզորացման նախապայման

Մայիսի 21, 2017
Պաշտոնական

Կարևորելով հեռավոր ու սահմանային բնակավայրերի հզորացման առաջնահերթության հարցը  և նպատակ ունենալով ի նպաստ տարածաշրջանային զարգացումների ակտիվացնել սոցիալական գործընկերների միջև հարաբերությունները, խթանել առաջավոր փորձի ամրապնդումը, ինչպես նաև բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ առկա խնդիրների ու հնարավորությունների վերաբերյալ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախաձեռնել է «Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ) բնակավայրերի հզորացման նախապայման» խորագրով գիտաժողովների շարք, որի երկրորդ հանդիպումը կայացել է ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Անցկացման վայրի ընտրությունը պայմանավորված է հանրային ուշադրությունը սահմանամերձ ու սահմանապահ բնակավայրերին հրավիրելու և տեղական միջավայրը ակտիվացնելու հանգամանքով: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Տավուշի մարզի գործարար հատվածի և մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Միջոցառման մասնակիցներին ՀՀ կրթության և գիտության նախարարի անունից ողջունել է ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը՝ ընդգծելով, որ նախարարությունը խիստ կարևորում է սահմանապահ, սահմանամերձ համայնքների, և, առհասարակ, մարզային ուսհաստատությունների հզորացման խնդիրը: «Գիտաժողովի նպատակը ոչ միայն մարզային ուսումնարանների և քոլեջների հզորացման խնդիրն է, այլ նաև ՄԿՈՒ ոլորտի ուսհաստատություններում ուսուցանվող մասնագիտությունների ցանկի վերանայումը և դրա համապատասխանեցումը մարզի աշխատաշուկայի պահանջներին: Այդ պատճառով էլ գիտաժողովին ներկա են բոլոր շահառուները՝ Կրթության և գիտության, Պաշտպանության, Տարածքային կառավարման, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Գյուղատնտեսության նախարարությունների, Տավուշի մարզպետարանի, ինչպես նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչները: ՊՆ ներկայացուցչի ներկայությունը կարևորվում է ոչ միայն մեր պետության սահմանների ամրապնդման, այլ նաև ռազմական կրթության կարևորության տեսանկյունից՝ հատկապես «Ազգ-բանակ» կոնցեպտի համատեքստում, որտեղ կարևոր տեղ է զբաղեցնում նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը: ՄԿՈՒ ոլորտի հետագա զարգացումն էլ հենց տնտեսության շարժիչ ուժն է»,-նշել է Ա. Աղբալյանը՝ հույս հայտնելով, որ գիտաժողովի արդյունքում պետական գերատեսչությունների և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները կգան ընդհանուր հայտարարի, և յուրաքանչյուր կողմ կնախանշի իր հետագա ռազմավարական ծրագրերը և հիմնական ուղղությունները, որոնք էլ իրենց կտանեն ՄԿՈՒ ոլորտի հետագա զարգացմանը և կընդգրկվեն մշակվող ռազմավարական ծրագրում:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է նաև միջոցառման հյուրընկալող կողմը՝ Բերդի պետական արհեստագործական ուսումնարանի տնօրեն Աննա Ավալյանը: Վերջինիս խոսքով՝ համաժողովը սպասված էր Բերդի տարածաշրջանում, քանի որ, ըստ ուսումնարանի տնօրենի, դեռևս օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել էր սահմանամերձ շրջանների նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների խնդիրներին՝ ընդգծելով, որ դրանք պետք է անպայման գտնվեն պետական կառույցների ուշադրության կենտրոնում: Ա. Ավալյանի խոսքով՝ նման գիտաժողովները օգնում են վերհանել մարզային ուսումնարանների և քոլեջների խնդիրները և գտնել արդյունավետ լուծումներ, որոնց արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում:

Ողջույնի ելույթներից հետո գիտաժողովի մասնակիցները հանդես են եկել զեկույցներով՝ երկրի արդյունաբերական և գործարար հատվածի զարգացումների, սահմանամերձ տարածաշրջաններում ներդրումների, բիզնես նախաձեռնությունների,  ակնկալվող կադրային կարիքների ու մասնագիտական կարողությունների նկատմամբ պահանջարկի, ինչպես նաև հնարավոր համագործակցության հարթակների վերաբերյալ։  Մասնավորապես, պետական ռազմավարական ծրագրերին, դրանց հնարավորություններին  ու հիմնախնդիրներին իրենց ելույթներում անդրադարձել են ԿԳՆ նախնական (արհեստագործական)  և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը /«ԵՄ-ՀՀ աջակցության ծրագրի հնարավորություններ ՄԿՈՒ զարգացման և սոցիալական  գործընկերության  ամրապնդման  գործում»/,  Տարածքային կառավարման և զարգացման  նախարարության աշխատակազմի տարածքային  կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանը /«Սահմանամերձ  համայնքների  զարգացման  ռազմավարական  ծրագրերը և սահմանապահ  բնակավայրերի աջակցության պետական միջոցառումները»/, ՀՀ Պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության ՀՀ և արտերկրի ՈՒՀ-ներում կադրերի պատրաստման բաժնի պետ Սուրեն Դավթյանը /«Ազգ-բանակ» գաղափարախոսությունը, դրա իրագործմանն ուղղված համագործակցային հնարավորությունները Տավուշի մարզում»/, և այլն: Միջազգային և հասարակական կազմակերպությունների աջակցության առկա և հեռանկարային ծրագրերին իրենց ելույթներում անդրադարձել են «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի «ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում»  ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը /«Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացումը Սյունիքի մարզի նախադեպով»/, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանը /«ՀՀ կրթական համակարգում Արմաթ ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիր»/ և այլն: Իրենց ելույթներում գիտաժողովի մասնակիցներն անդրադարձել են նաև գործատու-կրթություն-աշխատաշուկա արդյունավետ գործընկերության անհրաժեշտությանը և դրանց ուղիներին: Մասնավորապես,  «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ գործադիր տնօրեն Միքայել Եզեկյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բերդի պետական արհեստագործական ուսումնարանին՝ տրամադրելով հաստոցներ, դիդակտիկ նյութեր և բարձր որակավորմամբ մասնագետներ, որոնց աջակցությամբ և՛ ֆորմալ, և՛ ոչ ֆորմալ կրթության ձևերով կադրեր կպատրաստվեն «Տավուշ տեքստիլ» ընկերության համար: Նրա խոսքով՝ սա հանդիսանում է մասնավոր սեկտոր-կրթություն համագործակցության լավագույն օրինակ:

Ելութներից հետո հնչել են հարց ու պատասխաններ, որոնց ընթացքում գիտաժողովի մասնակիցները հույս են հայտնել, որ ռազմավարական ծրագրերի, գիտության, կրթության և մասնագիտացված աշխատանքի միջոցով երկրի ռազմավարական զարգացման գործում հետաքրքրված անձանց հետազոտությունների, հաջողված փորձի ու նվաճումների այս քննարկումը  հնարավորություն կտա ձևավորել գործուն և արդյունավետ համագործակցության մեխանիզմներ,  խթանել  ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով բնակչության և արդյունաբերության մրցունակության բարձրացումը հեռավոր, սահմանամերձ և սահմանապահ համայնքներում։

Գիտաժողովի ամփոփիչ հատվածում մասնակիցներն իրենց աշխատանքները շարունակել են թեմատիկ սեկցիաներում՝ բիզնես համագործակցություն-հնարավոր  ծրագրեր, ՊԿ և ՏԻՄ համագործակցություն հնարավոր ծրագրեր:

Նշենք, որ գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկույցներն ամբողջացվելու, վերլուծվելու, դասակարգվելու են ըստ խնդիրների և առաջարկների, իսկ հետագայում՝ որպես հնարավոր  գործողություններ բաշխվելու են համապատասխան  կառույցներին կամ կազմակերպություններին:

ՀՀ Տավուշի մարզ այցելության ընթացքում գիտաժողովի մասնակիցներն այցելել են նաև Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ, ծանոթացել ուսհաստատության նյութատեխնիկական բազային և զարգացման ծրագրերին: Այցելության ընթացքում մասնակիցները հանդիպել են կանադահայ ներդրող Վահրամ Վահրամյանի հետ, ով ԿԳՆ ներկայացուցիչներին առաջարկել է քոլեջում իրականացնել փայտամշակման կարճաժամկետ դասընթացներ, որոնց արդյունքում համապատասխան հմտություններ ստացած երիտասարդ մասնագետները կապահովվեն աշխատանքով իր կողմից իրականացվող բիզնես ծրագրում:

Գիտաժողովի մասնակիցները շրջայցեր են կատարել նաև տեղական արտադրության կազմակերպություններ՝ Չորաթան և Այգաձոր գյուղերում տեղակայված  «Տավուշ տեքստիլ»  և «Էկոգարդեն» արտադրական  ընկերություններ, ծանոթացել վերջիններիս արտադրանքին, ինչպես նաև քննարկել աշխատաշուկա-կրթություն կապի հնարավորությունը:

Գիտաժողովի ամփոփիչ՝ երրորդ օրը, նախատեսվում է մասնակիցների այց N զորամաս, որի ընթացքում  վերջիններս կհանդիպեն զինծառայողների  հետ: 

Հիշեցնենք, որ «Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ) բնակավայրերի հզորացման նախապայման» խորագրով առաջին գիտաժողովը կայացել էր ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…