ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Երիտասարդական աշխատողները դառնում են մեր դեսպանները, քաղաքականության կրողները». Ժաննա Անդրեասյան

Դեկտեմբերի 9, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն այսօր մասնակցել են «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի ավարտական միջոցառմանը։

Դասընթացն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ կողմից՝ UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստանի հետ համագործակցությամբ։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը և այլք:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին և շնորհավորելով մասնակցության առթիվ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է ընդհանուր օրակարգի շուրջ համատեղ իրականացվող աշխատանքը: Նախարարի գնահատմամբ՝ համատեղ աշխատանքի կարևոր արդյունքներից է նաև բոլորովին վերջերս ՀՀ կառավարության կողմից «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի ընդունումը, որը հաջորդիվ կքննարկվի նաև ԱԺ-ում։

«Սա, թերևս, մեր ամենամասնակցային մշակված օրենսդրական նախաձեռնություններից մեկն է, որն արտացոլում է մեր ընդհանուր օրակարգը: Ուրախ եմ, որ այս օրենսդրական նախաձեռնությունը հետաքրքրություն է առաջացրել նաև միջազգային գործընկերների շրջանում, որոնք փորձում են ուսումնասիրել Հայաստանի փորձն այս առումով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով Ազգային ժողովում առաջիկայում կայանալիք հանրային լսումները երիտասարդական քաղաքականության շուրջ:

Նախարարն օրենքի նախագծում կարևորել է մասնավորապես երիտասարդական աշխատողի ու երիտասարդական աշխատանքի գաղափարն ինստիտուցիոնալ շրջանակի մեջ դնելու հանգամանքը. «Սա, իսկապես, կարևոր է, որովհետև երիտասարդության ոլորտում աշխատանքը պահանջում է հատուկ հմտություններ, կարողություններ, գիտելիք. այն ամենը, ինչը նաև վերապատրաստման ծրագրի մասն էր, և վստահ եմ, որ դրանով իսկ մենք կկարողանանք շատ ավելի մեծ չափով օգտագործել տարբեր երիտասարդական կազմակերպությունների ներուժը»:

Շնորհավորելով դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է այն պատասխանատվությունը, որով նրանք շարունակելու են որակյալ աշխատանքը և ուղենիշ են դառնալու նաև ոլորտի մյուս աշխատողների համար. «Վստահ եմ՝ երիտասարդական աշխատողներն ինչ-որ առումով դառնում են մեր դեսպանները, քաղաքականության կրողները և նաև նպաստում են բոլոր խնդիրների կարգավորմանը, օրակարգերի առաջմղմանը»:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է՝ այս տարվա դասընթացին ավելի մեծ ակտիվությամբ մասնակցել են հենց երիտասարդական կենտրոնների աշխատակիցները:

«ՀՀ կառավարությունն առանձին քաղաքականություն է վարում մարզերում երիտասարդական կենտրոնների զարգացման ուղղությամբ, բայց խոսքը ոչ միայն հագեցված միջավայրի ու գույքի մասին է, այլև՝ աշխատանքի, որը պետք է արվի որակյալ աշխատակազմի կողմից»,- ընդգծել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակին արդյունավետ համագործակցության համար:

ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը ևս ողջունել է ներկաներին և կարևորել երիտասարդների համար անհրաժեշտ պայմանների ապահովումը. «Շատ կարևոր է, որ դեռահասներն ու երիտասարդները համայնքներում ունենան իրենց անկյունը: Ապահով և երիտասարդահեն մի վայր, որտեղ նրանք կարող են հանդիպել և զբաղվել կրթական գործունեությամբ, զվարճանալ և ինքնաարտահայտվել, ինչպես նաև աշխատել համատեղ նախագծերի վրա՝ հօգուտ իրենց համայնքի զարգացման: Որպեսզի դա տեղի ունենա, բացի ֆիզիկական վայրից, նրանց պետք են բանիմաց երիտասարդական աշխատողներ, որոնք կաջակցեն դեռահասների և երիտասարդների զարգացմանը, ինչպես նաև հնարավոր կդարձնեն վերջիններիս մասնակցությունն իրենց վերաբերող համայնքային որոշումներին և գործընթացներին»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ևս շնորհավորել է դասընթացի մասնակիցներին, անդրադարձել ՀՀ մարզերում գործող երիտասարդական կենտրոններին, ինչպես նաև «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի մշակման մասնակցային գործընթացին:

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացն իրականացվել է երեք փուլով՝ կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով, որի նպատակն է կատարելագործել երիտասարդների հետ պրակտիկ աշխատանք կատարող անձանց մասնագիտական և անձնային որակները՝ ազգային և ՏԻՄ մակարդակում որակյալ և գիտելիքահեն երիտասարդական աշխատանք իրականացնելու համար։ Որպես դասընթացավարներ հանդես են եկել ՀՀ-ում երիտասարդության դաշտում բազմաթիվ տարիների աշխատանքային փորձառություն ունեցող, ինչպես նաև իրենց մասնագիտական կրթության ոլորտում կայացած մասնագետները։ Մասնակիցների համար միաժամանակ կազմակերպվել է ուսումնաճանաչողական այց Ապարանի «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոն ու ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառի՝ ԵՆԿ ՀԿ-ի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն