ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտնի են Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթի հաղթողները

Դեկտեմբերի 10, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի երաժշտական ընկերությունը դեկտեմբերի 2-9–ն անցկացրել է Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական մրցույթը:

Մրցույթն այս տարի նվիրված էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի են ունեցել մրցույթի գալա համերգը և մրցանակների հանձնման արարողությունը:

Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ողջունելով մրցույթի մասնակիցներին, ժյուրիի անդամներին և հյուրերին՝ նա կարևորել է միջազգային մակարդակով Գոհար Գասպարյանի հոբելյանին նվիրված այս ստուգատեսի անցկացումը:

«Գոհար Գասպարյանն անգնահատելի ավանդ ու ներդրում ունի հայ կատարողական արվեստի զարգացման, տարածման և հանրահռչակման գործում, և պատահական չէ, որ այս մրցույթը կրում է նրա անունը: Գոհար Գասպարյանը՝ որպես մշակույթի դեսպան, իր հետաքրքիր դերերգերով և կատարողական անգերազանցելի բարձր վարպետությամբ հանրահռչակել է հայ օպերային արվեստն ամբողջ աշխարհում: Անգնահատելի է նաև Գոհար Գասպարյանի դերը որպես մանկավարժ. նա իր սաներին փոխանցել է այնպիսի գիտելիքներ և կատարողական արվեստի նրբերանգներ, որոնց շնորհիվ նրանք հանդես են եկել աշխարհի լավագույն բեմերում»,- նշել է Դանիել Դանիելյանը և բարի երթ ու մասնագիտական վերելքներ մաղթել մրցույթի բոլոր մասնակիցներին:

Դեկտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ ժյուրիի կողմից մրցանակների են արժանացել հետևյալ մասնակիցները՝

Սիմոնյան Սոֆիա՝ 2-րդ մրցանակ

Մելքոնյան Վիկտորիա՝ 2-րդ մրցանակ

Միսակյան Մերի՝ 3-րդ մրցանակ

Օրդանյան Հովհաննես՝ 2-րդ մրցանակ

Փոդրատչյան Հայկ՝ 3-րդ մրցանակ

Մկրտչյան Արթուր՝ 3-րդ մրցանակ

Մարիամ Գրիգորյան՝ Կոմիտասի լավագույն կատարման համար մրցանակ

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29–ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակուստիկ դահլիճում տեղի է ունեցել մրցույթի վիճակահանությունը: Մրցույթի մասնակցության հայտ էր ներկայացրել 43 մասնակից: Առաջին փուլը կայացել է դեկտեմբերի 2-4-ը Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի մեծ դահլիճում: Երկրորդ փուլն անցկացվել է դեկտեմբերի 6–7-ին, որն ունեցել է 21 մասնակից: Դեկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել 3–րդ փուլ անցած 11 մասնակիցների ելույթը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն