ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ընթերցանության և մշակութային աճուրդների կազմակերպման մասին հարցերը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի առանցքում

Դեկտեմբերի 18, 2024
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Ընթերցանությունը՝ որպես կոգնիտիվ կարողությունները զարգացնելու գործիք ԿԶՆ հասանելիության համատեքստում» զեկույցի և «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացում:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ օրակարգի երկու հարցերն էլ վերաբերում են այն թեմաներին, որոնց հասարակական խորհրդի նիստերում տարբեր հարցերի շուրջ ունեցած քննարկումներում բազմիցս առնչվել են, մասնավորապես՝ ընթերցանության խնդիրների և գրադարանների դերի մասին: Ըստ նախարարի՝ տարբեր քննարկումների և ոլորտում առկա խնդիրների արդյունքում որոշում է կայացվել ընթերցանության օլիմպիադան ներառել դպրոցական օլիմպիադաների կարգում, և այս տարի արդեն պլանավորվում է այն անցկացնել 5-րդ և 6-րդ դասարաններում: «Կարևոր է, իհարկե, նաև որակը, որովհետև ակնհայտ է, որ ընթերցանության օլիմպիադան պետք է միտված լինի տեքստեր կարդալու և վերլուծելու հմտությունների զարգացմանը, այլ ոչ թե անգիր անելուն: Հուսով եմ՝ այդ մասով էլ որոշակի հետևողականություն կունենանք, որպեսզի առաջադրված խնդիրները ճիշտ հասցեագրվեն և լուծվեն: Այս հարցերի շուրջ նաև հասարակական խորհուրդը հնարավորություն կունենա ձևակերպել իր դիրքորոշումը, որը նախարարության համար կարևոր կլինի հետագա քաղաքականության մշակման տեսանկյունից»,- նշել է նախարարը՝ կարևորելով, որ հասարակական խորհրդի անդամները ևս օրակարգի հարցեր են առաջադրում. «Սա ոչ միայն նախարարության օրակարգն է. յուրաքանչյուրը կարող է իրեն հետաքրքրող հարցերը դարձնել քննարկման առարկա»:

Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մշակութային աճուրդների մեխանիզմը հնարավորություն է տալու ձևավորել ժամանակակից արվեստի իրացման միջավայր և շուկաներ: «Մենք ձեզ հետ առիթ ենք ունեցել խոսել նաև մշակույթի տնտեսական ազդեցության և դերի մասին. հուսով ենք, որ սա նմանատիպ մի մեխանիզմ կարող է ծառայել»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այն օրենսդրական ամբողջական փաթեթ է, որը մշակվել է նախարարության գործընկերների կողմից, և մեծ ծավալի աշխատանք է արվել ոլորտային փորձագետների հետ քննարկումների արդյունքում:

Օրակարգի առաջին հարցը ներկայացրել է հասարակական խորհրդի անդամ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մանրամասն անդրադառնալով այն խնդրին, թե ինչպես է ընթերցանությունը՝ որպես կոգնիտիվ կարողությունները զարգացնելու գործիք, դիտարկվում Կայուն զարգացման նպատակների հասանելիության համատեքստում: Նա անդրադարձել է այն հարցերին, թե ինչո՞ւ կարդալ և ինչո՞ւ հենց հայերեն, քանի որ, ըստ բանախոսի, բազմաթիվ հետազոտություններ վկայում են՝ նոր միտքը ծնվում է մայրենի լեզվով, հետևաբար պետք է խթանել հայերեն ընթերցանությունը: Այդ համատեքստում նա ներկայացրել է ճանաչողական զարգացման հիմնական ուղղությունները և դրա վրա ազդող գործոնները՝ տարիքային, անհատական առանձնահատկությունները, կրթական միջավայրը: Արմեն Մարտիրոսյանն անդրադարձել է նաև քննադատական մտածողության զարգացման, տարիքային խմբերի համար առաջարկվող գրականության և այլ հարցերի: Ներկայացնելով Հայաստանում հայերեն ընթերցանության զարգացման համապարփակ հայեցակարգի նախագիծը՝ նա անդրադարձել է ներկա իրավիճակին և առկա խնդիրներին, ինչպես նաև հայեցակարգի հիմնական նպատակներին: Դրանք են՝ բարձրացնել բնակչության, հատկապես երիտասարդների ընթերցանության մակարդակը և տեքստը հասկանալու կարողությունը, զարգացնել գրադարանային համակարգը և բարձրացնել գրադարանավարների որակավորումը, խթանել գրական միջավայրի զարգացումը՝ ներառյալ գրական քննադատությունը և թարգմանչական գործը, աջակցել գրքի շուկայի զարգացմանը՝ հավասարակշռելով առաջարկն ու պահանջարկը, ստեղծել գրքի և ընթերցանության նկատմամբ դրական վերաբերմունք հասարակության մեջ: Այդ համատեքստում Արմեն Մարտիրոսյանն անդրադարձել է հայեցակարգով սահմանված ռազմավարական ուղղությունների և գործողությունների, ֆինանսավորման աղբյուրների, իրականացման ժամանակացույցի, մոնիթորինգի և գնահատման, միջազգային փորձի կիրառման հարցերին՝ ընդգծելով, որ հայեցակարգի իրականացումը պահանջում է պետական, մասնավոր և հասարակական հատվածների համատեղ ջանքերը:

Օրակարգի երկրորդ հարցը՝ «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նա անդրադարձել է այն հարցին, թե ինչու է անհրաժեշտություն առաջացել ունենալ նման նախագիծ: «Քանի որ 2 տարի առաջ պետությունը վերականգնեց թանգարանները մշակութային արժեքներով համալրելու՝ դեռևս 2009 թվականից դադարած գործընթացը, խնդիր առաջացավ հասկանալու, թե որոնք են մշակութային արժեքների ձեռքբերման մեխանիզմները: Այդ շրջանակում անհրաժեշտություն առաջացավ փոփոխություններ կատարել օրենսդրական դաշտում»,-նշել է Ալֆրեդ Քոչարյանը՝ տեղեկացնելով, որ ուսումնասիրվել են ՀՀ օրենսդրության մեջ առկա խնդիրները՝ մշակութային արժեքների և առարկանների ձեռքբերման և օտարման վերաբերյալ, միջազգային փորձը, մասնավորապես՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Սոթբիի ու Կրիսպի միջազգային աճուրդային տների աճուրդների կազմակերպման ընթացակարգերը։

Նախարարի տեղակալն ընդգծել է՝ աճուրդների համակարգում ամբողջ աշխարհում կարևոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները, որոնք ապահովում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի թափանցիկ մեխանիզմների և գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձևավորումը: «Այս առումով մշակութային աճուրդները ճկուն հարթակներ են, որոնք ձևավորում և արտացոլում արվեստի շուկայի տեղաշարժերը և դինամիկ զարգացումները: Ներկայում ՀՀ-ում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, որը բացասական ազդեցություն ունի ընդհանուր արվեստի շուկայի կայացման գործում: Մասնավորապես՝ կանոնակարգված չեն արվեստի գործերի առքուվաճառքի գործընթացները: Բացակայում է արվեստի պատկերասրահների և աճուրդային տների միջև համագործակցության էկոհամակարգը, որը կարևոր նշանակություն ունի ընդհանուր արվեստի դաշտի դինամիկ զարգացման, արվեստագետի վարկանիշի բարձրացման և արվեստի նոր միտումների ձևավորման գործում: Միաժամանակ, արվեստի ստեղծագործությունների բաց հոսքերը և թափանցիկ շրջանառությունը ստեղծում են հնարավորություններ պետության կողմից մշտադիտարկում իրականացնելու և պետության համար կարևոր նշանակության մշակութային արժեքների ձեռք բերման տեսանկյունից»:

Ըստ Ալֆրեդ Քոչարյանի՝ նշյալ գործընթացի շրջանակում պետության հիմնական գործառույթներից է դաշտի մշտադիտարկումը: Նախարարի տեղակալը վստահեցրել է՝ նախագծի ընդունմամբ կապահովվի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը և ընդհանուր միջավայրի կայացումը, որը կնպաստի արվեստի ստեղծագործությունների շրջանառության թափանցիկ գործիքակազմի ներդրմանը և առաջարկ-պահանջարկի և մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը, ինչպես նաև ոլորտի հանրահռչակմանը: Նախագծի ընդունմամբ կապահովվի նաև ոլորտում համակարգված պետական քաղաքականության վարումը, մասնավորապես՝ ՀՀ-ից մշակութային արժեքների արտահոսքի կանխումը և պետական թանգարանային հավաքածուների համալրման համակարգված իրականացումը:

Զեկույցից հետո խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել հիմնական զեկուցողներին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ընթերցանության արդյունավետության բարձրացման և ընթերցողների թվի ավելացման, այդ ուղղությամբ միջազգային փորձի ուսումնասիրման, թարգմանիչների բացակայության, գրքի վաճառքի ծավալների ավելացման, գրադարանավարների ատեստավորման և աշխատավարձերի բարձրացման, ուսումնական հաստատություններում համապատասխան միջավայրի ապահովման, մշակութային արժեքների վաճառքի իրավունքի և այլ հարցերի:

Նիստի ավարտին զեկուցողները շնորհակալություն են հայտնել շահագրգիռ քննարկման համար՝ նշելով, որ բոլոր դիտարկումները հավելյալ կքննարկվեն և, ըստ անհրաժեշտության, հաշվի կառնվեն։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…