ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դպրոցներում հոգեկան առողջության և հոգեսոցիալական առողջության ներդրում. ամփոփիչ միջոցառում

Դեկտեմբերի 25, 2024
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն օրերս ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մասնակցել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ընդգրկումը կրթական գործընթացում նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագրի «Դպրոցներում հոգեկան առողջության և հոգեսոցիալական առողջության ներդրում» միջոցառման ամփոփիչ հանդիպմանը:

Ծրագիրն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ: Վերջինիս նպատակն էր ապահովել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների սահուն ինտեգրումը կրթական գործընթացին նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով: Ծրագրի ընթացքում վերապատրաստվել է 632 հաստատության 6834 ուսուցիչ, 690 հոգեբան, դասընթացներին մասնակցել է շուրջ 37920 աշակերտ: Ընդհանուր առմամբ անցկացվել է 654 դասընթաց։

Ողջունելով ներկաներին՝ Արաքսիա Սվաջյանը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք ուղղված են կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների աջակցությանը: Նրա խոսքով՝ միջազգային գործընկերների ջանքերի և համագործակցության շնորհիվ նախանշված գործընթացները դառնում են ավելի թիրախային և նպատակաուղղված։ Ամփոփելով կատարված աշխատանքները՝ փոխնախարարն անդրադարձել է տեղահանված երեխաների՝ կրթական գործընթացում ներգրավման ուղղությամբ դեռևս առկա մարտահրավերներին ու դրանց հաղթահարմանը միտված քայլերին, մանկավարժների ու հոգեբանների կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված վերապատրաստումներին՝ կարևորելով ՀՄԿ-ի կողմից իրականացված գործողությունները։ Նախարարի տեղակալն ընդգծել է դպրոցներում հոգեբանների առկայության անհրաժեշտությունը՝ առանձնակի շեշտելով 2024 թվականին հանրակրթական ուսումնական հաստատություններում հոգեբանի պարտադիր հաստիքների ներդրման հանգամանքը, որի արդյունքում բոլոր սովորողներին կտրամադրվի հոգեբանական աջակցություն։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին ևս ողջունել է ներկաներին և նշել. «ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համագործակցելով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, մշակել է կրթության ոլորտում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության առաջին հայեցակարգային փաստաթուղթ, որը հաստատվելու դեպքում կապահովվեն այս ծառայության ներդրումը բոլոր դպրոցներում և չափանիշների համապատասխանեցումը: Մենք նաև քարտեզագրել ենք հանրակրթական դպրոցներում առկա հոգեկան առողջության ռեսուրսներն ու ծառայությունները և մշակել դպրոցական հոգեբանի աշխատանքային նկարագիր»:

Նրա խոսքով՝ մշակվել է նաև վերապատրաստման մոդուլ հոգեբանների և ուսուցիչների համար, որոնք այնուհետև վերապատրաստվել են՝ կենտրոնանալով դրական հսկողության և մենթորական աջակցության վրա:

ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը, կարևորելով համակարգային մոտեցման ապահովումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների՝ կրթության մեջ ներառման գործում, խոսել է երեխաների, նրանց հետ աշխատող ուսուցիչների և մասնագետների կարիքների գնահատման, դրա արդյունքներով իրականացված վերապատրաստումների, մշտադիտարկումների, ինչպես նաև աշակերտների հետ իրականացված աշխատանքների մասին։

Միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության Բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Դավիթ Կնյազյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Բարոզո Հիրատա Ժանաինա Հացոյը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը։

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև ծրագրի շրջանակում ՀՄԿ-ի կողմից մշակված «Երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացում» ձեռնարկի շնորհանդեսը, որն ուղղված է երեխաների համար որակյալ ծրագրերի իրականացմանը, հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության վերաբերյալ ուսուցիչների գիտելիքների կատարելագործմանը։

Միջոցառման երկրորդ մասում կայացել է պանելային քննարկում «Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական աջակցություն» թեմայով, որի ընթացքում ներկայացվել են երեխաների հոգեկան առողջության ու հոգեսոցիալական աջակցության ուղղությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ միջազգային տարբեր կառույցների համագործակցությամբ Երևանի և մարզերի դպրոցներում իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։ Ծրագրի և վերջինիս արդյունավետության վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտել են տարբեր դպրոցների ուսուցիչներ, հոգեբաններ և աշակերտներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն