ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփում 2024. «Վարպետության դաս. Մեկնարկ» կրթամշակութային ծրագիր

Հունվարի 3, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոն ՀԿ-ն 2024 թ. ընթացքում իրականացրել է «Վարպետության դաս. Մեկնարկ» կրթամշակութային ծրագիրը. իրականացվել է 12 վարպետության դաս։

Ծրագրում ներգրավվել են հայ կատարողական արվեստում բազմամյա փորձ ունեցող 10 առաջատար մասնագետներ՝ ինչպես երիտասարդ, այնպես էլ ավագ սերնդի ներկայացուցիչներ, և արտասահմանյան 2 մասնագետներ, որոնք իրականացրել են իրենց գործունեությունը ըստ նախապես համաձայնեցրած ժամանակացույցի՝ վարպետության դասերի ձևաչափով։ Յուրաքանչյուր մասնագետ դասավանդել է ընդհանուր առմամբ 20 ժամ։

2024 թ. ծրագրին մասնակցելու համար հրավիրվել են հետևյալ արտասահմանյան մասնագետները՝ Օլեգ Պոլյանսկի (Ուկրաինա,Գերմանիա, Քյոլնի բարձրագույն երաժշտականաան դաշնամուրային ամբիոնի պրոֆեսոր), Ալբերտ Տյու (Սինգապուր, Յոնգ Սյու Թոհ կոնսերվատորիայի պրոֆեսոր), իսկ հայաստանյան մասնագետներն էին՝ Էդուարդ Թադևոսյանը (ՀՀ ժողովրդական արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր), Ալեքսանդր Կոսեմյանը (ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր), Կարինե Օհանյանը (ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր), Կարինե Հարությունյանը (ՀՀ վաստակավոր ուսուցիչ), Արամ Թալալյանը (ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր), Հռիփսիմե Աղաքարյանը (միջազգային մրցույթների դափնեկիր), Տիգրան Հախումյանը (միջազգային մրցույթների դափնեկիր, Լահրի երաժշտական դպրոցի պրոֆեսոր), Մարինե Մարգարյանը (ԵՊԿ պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր), Սյուզի Երիցյանը (միջազգային մրցույթների դափնեկիր) և Դավիթ Մելքոնյանը (միջազգային մրցույթների դափնեկիր)։

Վարպետության դասերին մասնակցել են 8-18 տարեկան պատանի և երիտասարդ 203 երաժիշտ-կատարողներ (դաշնամուր, ջութակ և թավջութակ)՝ Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական ուսումնական տարբեր հաստատություններից։

Յուրաքանչյուր մասնագետի վարպետության դասերի շարքի ավարտից հետո տվյալ ուսումնական հաստատությունում, որտեղ կայացել են դասերը, պատանի երաժիշտների մասնակցությամբ կազմակերպվել են համերգներ և զրույց-հանդիպումներ մասնագետ-մասնակից-ուսուցիչ ձևաչափով։ Համերգի մասնակիցներին ընտրել է տվյալ մասնագետը՝ առաջնորդվելով երաժշտի պատրաստվածությամբ և իր վարպետության դասերի ընթացքում առաջադիմությամբ։ Համերգներին մասնակցելու հնարավորություն է ընձեռվել 132 պատանի երաժիշտ-կատարողների։ Կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել նաև տարեվերջյան ամփոփիչ երկու համերգ, որոնց մասնակցել են 27 լավագույնները բոլոր երեք մասնագիտություններով։ Ընդհանուր առմամբ կազմակերպվել է 14 համերգ։

Վարպետության դասերը անցկացվել են Երևանի Սայաթ-Նովայի անվան, Ալ. Սպենդիարյանի անվան, Ա. Տիգրանյանի անվան և Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոցներում, Բ․ Կանաչյանի անվան ԱԴ, Հ. Դանիելյանի անվան ԱԴ, Ղ. Սարյանի անվան ԱԴ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

Դասընթացների մասին ինֆորմացիան հրապարակվել է սոցհարթակում՝ https://www.facebook.com/meknark։

Նշենք, որ ուսուցման նոր մեթոդիկայի, կատարելագործման և ունակությունների զարգացման հատուկ պլանի ստեղծման շնորհիվ շահառուները հնարավորություն են ստացել առավել նպաստավոր պայմաններում զարգացնելու մասնագիտական կարողություններն ու տաղանդը, ինչպես նաև ձեռք բերել բեմական փորձ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն