ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփիչ ասուլիս 2024․ «Կրթության ոլորտում ունենք որակի բարելավման ցուցանիշներ»․ Ժաննա Անդրեասյան

Հունվարի 9, 2025
Հարցազրույցներ, ելույթներ

Հանրակրթության ոլորտում կարևորագույն տարի էր՝ կրթության նոր չափորոշչի ներդրման և կրթության որակի բարելավման տեսանկյունից, որը փաստվել է նաև միջազգային հետազոտությունների արդյունքներով։

Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ այսօր հրավիրված ամփոփիչ մամուլի ասուլիսում։

Բարելավվել է մաթեմատիկայի ուսուցման որակը միջազգային գնահատում

«Հատկապես ուրախ եմ, որ ունենք նաև որակական արդյունքներ: 2024 թվականին TIMSS-ի միջազգային գնահատման արդյունքներով չորրորդ դասարանցիները մաթեմատիկայի իմացության ոլորտում էական աճ է գրանցել: Հայաստանի չորրորդ դասարանցիները բարելավել են մաթեմատիկայի իմացությունը՝ 2019 թվականին գրանցված 498-ի նկատմամբ՝ ապահովելով 15 միավոր աճ։ Առաջին անգամ Հայաստանը 513 միավոր արդյունքով հայտնվել է միջինից բարձր արդյունքներ ցուցաբերած երկրների խմբում՝ հատելով 500 միավորի շեմը։ Այդ իմաստով սա շատ լավ նորություն է, որովհետև, օրինակ բնագիտական առարկաներ սովորելու պարագայում շատ կարևոր է մաթեմատիկայի ֆունդամենտալ իմացությունը: Բնագիտության ոլորտում չունենք աճ, բայց կարևոր եմ համարում, որ կրճատվել է բնագիտության բնագավառում նվազագույն շեմը չհաղթահարող սովորողների թիվը՝ 82%-ը հաղթահարում է նվազագույն շեմը, 40%-ը՝ միջին շեմը։ Միևնույն ժամանակ գիտելիքի կիրառականության խնդիրներ ունենք, որը լուծում կստանա դպրոցներում ԲՏՃՄ և ՏՏ լաբորատորիաների ներդրմամբ»,- ասել է նախարարը և հավելել, որ 2024 թվականին ավելի քան 541 դպրոցներում բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ են բացվել։

Նրա խոսքով՝ հանրապետության դպրոցների շուրջ կեսն արդեն հագեցված է լաբորատորիաներով, ինչը կարևոր է այս ուղղությամբ կրթության որակի բարձրացման տեսանկյունից:

Չափորոշչի ներդրումը նպաստել է կրթական արդյունքի ավելացմանը

Նախարարի տեղեկացմամբ՝ Կրթության տեսչական մարմնի ամենամյա հետազոտության արդյունքում 10 տարեկանների շրջանում բարելավվել են ֆունկցիոնալ գրագիտության ցուցանիշները․ անբավարար արդյունք ունեցող երեխաների թիվը նվազել է շուրջ 20%-ով: Ընդ որում՝ երեխաների կեսից ավելին ապահովել է 64.3%-ից բարձր արդյունք՝ այսինքն ճիշտ է պատասխանել կարդացած տեքստերին վերաբերող 14 հարցերից առնվազն 9-ին։

«Սա համարում եմ մեր աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը: Նոր չափորոշիչը պետք է գա ավելի բարելավելու այս արդյունքները, որովհետև 2024 թվականին հրապարակվել են Տավուշի մարզում հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման երկամյա արտաքին անկախ գնահատման արդյունքները, որի համաձայն՝ 2 տարվա ընթացքում սովորողների կրթական արդյունքն ավելացել է 6 ամսով, ինչը միջինում երկու անգամ գերազանցում է այլ երկրներում չափորոշչի փոփոխության արդյունավետությունը։ Եվ Հայաստանն այս իմաստով համարվում է օրինակելի երկիր, որի կրթական փոփոխության փորձը ուսումնասիրում են նաև միջազգային տարբեր հարթակներում»,- աել է նախարարը:

Ուսուցիչների վարձատրության խրախուսման ծրագրեր

Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ անդրադարձել է ուսուցիչների վարձատրության խրախուսման ծրագրերին և նշել, որ առկա են հինգ տարբեր ծրագրեր, որոնց 2024 թվականին ընդհանուր առմամբ 8 մլրդ 869 մլն ՀՀ դրամ է ուղղվել, բացի դպրոցներին հատկացվող ստանդարտ ծախսերից։

Կամավոր ատեստավորում

«2024 թվականի կամավոր ատեստավորման արդյունքներով արդեն իսկ ավելի քան 6100 ուսուցիչներ, որը կազմում է ուսուցիչների շուրջ 20%-ը, ունեն վարձատրության բարձրացում և հավելավճար»,- ասել է նախարարը։

Միևնույն ժամանակ նա առանձին ցուցանիշներ է ներկայացրել վարձատրության չափերի մասին. այս պահին տարակարգի և կամավոր ատեստավորման համակարգերի միաժամանակյա կիրառությամբ 300 000 – 400 000 ՀՀ դրամ աշխատավարձ ստանում է ավելի քան 1600 ուսուցիչ, 400 000 ՀՀ դրամ և ավելի աշխատավարձ է ստանում է ավելի քան 500 ուսուցիչ, ինչը շուրջ 2.5 անգամ ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը:

3300 նոր ուսուցիչներ են մուտք գործել դպրոցներ

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ընդհանուր առմամբ ուսուցիչների աշխատանքի գրավչության բարձրացման կարևոր ցուցանիշ է նոր ուսուցիչների ընդգրկումը։ «Այս ուսումնական տարում ավելի քան 3300 նոր ուսուցիչներ են մուտք գործել դպրոցներ, ինչը նշանակում է՝ ուսուցիչների աշխատանքի գրավչությանը և մրցունակության բարձրացմանն ուղղված աշխատանքները տալիս են իրենց արդյունքը: Կարևոր եմ համարում, որ նոր ուսուցիչների 56.6%-ը՝ կեսից ավելին, աշխատանքի է անցել գյուղական դպրոցներում։ Առանձին հավելավճարի ծրագրեր ունենք հենց գյուղական փոքր դպրոցների համար և հատկապես կարևորում եմ, որ նոր ուսուցիչների շուրջ 16%-ը տղամարդ ուսուցիչներ են, ինչը ավելի մեծ համամասնություն է, քան միջինում համակարգում տղամարդ ուսուցիչների տոկոսը: Սա նշանակում է, որ այս պայմանները նաև ավելի են խրախուսում տղամարդ ուսուցիչների մուտքը համակարգ: Նոր ուսուցիչները հատկապես ակտիվորեն են ներգրավվել բնագիտական առարկաների և ֆիզկուլտուրայի ուղղությամբ»,- ասել է նախարարը։

300 դպրոց ծրագիր

Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է 300 դպրոցների ծրագրին և նշել, որ ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքներն ակտիվ ընթանում են ավելի քան 220 հաստատություններում, դրանց մեծ մասը նոր կառուցվող շենքեր են:

«Առանձին ծրագիր ունենք նաև վերանորոգման ուղղությամբ՝ ուղղված դպրոցական այն շենքերին, որոնք վերակառուցման կարիք չունեն, բայց ունեն միասնական ստանդարտի բերվելու անհրաժեշտություն: Արդեն իսկ կառավարության որոշումներով հաստատված է ավելի քան 50 նման դպրոցի ցանկ և առաջիկայում այդ դպրոցներում աշխատանքները կմեկնարկեն: Ընդհանուր առմամբ ՀՀ դպրոցականների ավելի քան 25%-ը 300 դպրոցների ծրագրի շահառու է, այսինքն ավելի քան 107 հազար երեխաներ այս ծրագրի ուղիղ շահառու են, որովհետև իրենց դպրոցական պայմաններն ուղղակիորեն բարելավվում են: Արդեն իսկ շահագործման հանձնված 38 դպրոց ունենք՝ շուրջ 15 000 սովորողի համար և 16 մարզադահլիճ՝ ավելի քան 6000 սովորողի համար։ Զուգահեռաբար գույքով ապահովման աշխատանքները նույնպես ընթանում են»,- ասել է նախարարը:

Նախադպրոցական կրթություն. 500 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման և հիմնանորոգման ծրագիր

Նախարարի նշմամբ՝ նախադպրոցական համակարգում 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը շուրջ 75% է կազմում, ինչը շուրջ 5%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

«Ոլորտում ակտիվորեն ընթանում է 500 մանկապարտեզների ծրագիրը՝ նոր մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման և հիմնանորոգման ուղղությամբ: 500 մանկապարտեզների ծրագրով 195 հաստատություններում շինարարական աշխատանքներն ավարտվել են (119 մանկապարտեզ, 76 նախակրթարան), 136-ում՝ ընթացքի մեջ են, իսկ 64 հաստատությունում՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում: Պետք է առանձնահատուկ նշեմ, որ նախադպրոցական նոր հաստատություններից 125-ը, այսինքն մեծ մասը, գտնվում են գյուղական բնակավայրերում և այստեղ մեծ թիվ են կազմում այն բնակավայրերը, որտեղ նախադպրոցական ծառայությունը առաջին անգամ է հասանելի դառնում: Ծրագրի ավարտին բարեկարգ պայմաններում նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենա ավելի 33 000 երեխա»,- նշել է նախարարը:

2024 թ. կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների վարձատրությունը՝ 2025 թ. հունվարից

Ի պատասխան լրագրողի հարցին՝ նախարարն անդրադարձել է նաև 2024 թվականին հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հավելավճարների և բարձրացված աշխատավարձերի տրամադրմանը՝ պարզաբանելով, որ բարձրացված դրույքաչափով վարձատրություն ուսուցիչները կստանան 2025 թվականի հունվարի 1-ից: Նախարարը նշել է, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ վարձատրություն տրվել է նաև նոյեմբերին և դեկտեմբերին, այս տարի բարձրացված դրույքաչափերը կիրառվելու են հունվարից, քանի որ կամավոր ատեստավորման համակարգը փոխվել է՝ իրականացվել է էլեկտրոնային եղանակով և համապատասխան հրամանը՝ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների վերջնական ցանկով, հաստատվել է դեկտեմբերի վերջին:

Ընդունելության 11.4% աճ քոլեջներում և ուսումնարաններում

Անդրադառնալով միջին մասնագիտական կրթությանը՝ նախարարն ասել է, որ այն տնտեսության զարգացման կարևոր նախապայման ապահովող ոլորտներից է։

«Հատկանշական է, որ 2024 թ. քոլեջներում և ուսումնարաններում ընդունելության շատ լավ արդյունքներ են արձանագրվել․ ՄԿՈՒ հաստատություններ է ընդունվել 15 058 ուսանող՝ 2023-ի նկատմամբ գրանցելով ընդունելության 11.4% աճ։ Ներկայում ՄԿՈՒ հաստատություններում սովորում է ավելի քան 45 000 ուսանող։ Հատկապես նկատելի է աճը պետության կողմից գերակա ճանաչված և ամսական 50 հազար դրամ կրթաթոշակ նախատեսող արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության ուղղության մասնագիտություններում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ ներդրվել է նաև տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագիր, որը տրամադրվում է թե՛ դասախոսներին, թե՛ ուսանողներին:

2024 թվականին առաջին անգամ կազմակերպվել է նաև քոլեջներում և ուսումնարաններում դասավանդող մանկավարժների վերապատրաստման և ատեստավորման գործընթացը 4 ուղղություններով՝ ոսկերչություն, գյուղատնտեսություն, ՏՏ, խոհարարություն։ «Ատեստավորմանը մասնակցել է 310 աշխատակից, արդյունքում մասնակիցների 88.4%-ը հաղթահարել է նվազագույն շեմը՝ առնվազն կրկնապատկելով վարձատրությունը։ Ակնհայտ է, որ արդյունքը գոհացուցիչ է»,- ասել է նախարարը:

Ակադեմիական քաղաքի մասին

Բուհական կրթության ոլորտում իրականացվող փոփոխություններին անդրադառնալիս Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հիմնական ծրագիրը բուհերի խոշորացման, գիտահետազոտական կազմակերպությունների միավորման բարեփոխումն է, որը արտացոլված է նաև Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նոր նախագծում, որն այժմ շրջանառվում է:

Ձևավորված են «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքային խմբերը, որոնք աշխատում են մի քանի ուղղությամբ:

««Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում պատրաստ է գլխավոր հատակագծի հայեցակարգը, որի մշակման աշխատանքներն իրականացվել են գերմանական ճարտարապետական հեղինակավոր GMP ընկերության կողմից: Ընթացքում են նախապատրաստական մյուս աշխատանքների պայմանագրերը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համատեղ»,- ասել է նախարարը։

21 տոկոս ընդունելության աճ գերակա ուղղություններով

Պետության կողմից գերակա ճանաչված բնագիտական մանկավարժության ծրագրերով, որտեղ գործում է ամսական առնվազն 70 հազար դրամ կրթաթոշակ, 2024-2025 ուսումնական տարում բուհեր է ընդունվել 304 ուսանող՝ նախորդ ուսումնական տարում ընդունվածներից 21%-ով ավելի։ Այս քաղաքականությունը տարածվել է նաև ագրարային ոլորտի մասնագիտությունների վրա։

«ԲՏՃՄ ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով 135 ուսանողի տրամադրվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում: Այս ուղղություններով պետական պատվերով ընդունելությունը նախորդ ուսումնական տարվա համեմատ աճել է 5%-ով: Բուհերի հետ քննարկվում են տարկետման ցանկի հնարավոր բարեփոխումներն ու վերանայումները»,- հայտնել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա իրազեկմամբ՝ էապես փոխվել են ՀՀ բուհերում օտարերկրյա ուսանողների ընդունելության, ակադեմիական շարժունության կարգերը՝ մեծացնելով թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, տվյալների հավաստիության ստուգելիությունը՝ նախատեսելով նաև գործընթացի իրականացումը էլեկտրոնային հարթակի միջոցով։ 2024-2025 ուսումնական տարում օտարերկրյա դիմորդների թվաքանակը ՀՀ ուսումնական հաստատություններ կազմել է 1599 (36.7%-ով ավելի նախորդ տարվանից):

Գիտնականների աշխատավարձերի բարձրացման մասին

Շարունակվել է նաև գիտական աշխատողների աշխատավարձերի բարձրացման գործընթացը, ինչի արդյունքում 2018-2021 թվականներին գիտական աշխատողների յուրաքանչյուր տարակարգի միջին աշխատավարձի նկատմամբ արդեն իսկ գրանցվել է աշխատավարձի ավելացում 78%-ից մինչև 267%:

Նախարարի տեղեկացմամբ՝ գիտության ոլորտի (ներառյալ ռազմարդյունաբերությունը) ֆինանսավորումը կազմել է շուրջ 40 մլրդ ՀՀ դրամ՝ 2023 թվականի ֆինանսավորման չափից 4 մլրդ ՀՀ դրամով ավելի: 2018 թվականի 14.3 մլրդ ՀՀ դրամի համեմատ 2024 թվականին ոլորտի ֆինանսավորումը ավելացել է 25.9 մլրդ ՀՀ դրամով՝ շուրջ 2.8 անգամ: Նախարարի գնահատմամբ՝ ըստ այդմ բարձրացել է նաև ոլորտի մրցունակությունը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ոլորտում իրականացվող տարիների աշխատանքի արդյունք է նաև այն, որ էապես բարձրացել է նաև գիտական աշխատանքի միջազգային մրցունակությունը․ ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրի շրջանակում 2024 թվականին ՀՀ կողմից ներկայացվել է 144 հայտ (կրկնակի ավելի նախորդ տարվա համեմատ), կնքվել է ֆինանսավորման 17 պայմանագիր (7-ով ավելի նախորդ տարվանից) 7.58 մլն եվրո ընդհանուր բյուջեով, որը գերազանցում է նախորդ տարվա բյուջեն 2.4 անգամ:

Միջազգային հեղինակավոր գիտական պարբերականներում ավելացել են ՀՀ գիտնականների հրապարակումները

Գիտության ոլորտի աջակցության էական մեծացումը արտահայտվել է նաև ՀՀ գիտնականների կողմից միջազգային հեղինակավոր գիտական պարբերականներում հրապարակումների թվի աճի տեսքով. մասնավորապես, ըստ Web of science գիտատեղեկատվական շտեմարանի տվյալների` ազդեցության գործակից ունեցող պարբերականներում ՀՀ գիտնականների հրապարակումների թիվը 2023 թվականի համար կազմել է 1 205, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը` 41%-ով (854) և պատմականորեն գրանցված ամենաբարձր ցուցանիշն է (նախորդ ամենաբարձրը եղել է 2019 թ.՝ 1 021):

Գիտական հետազոտություններ՝ պետական պատվերով

Ինչպե՞ս է գիտությունը սպասարկում պետության կարիքները հարցին ի պատասխան ՝ նախարարն ասել է. «Առաջին անգամ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների արդյունքները պետության կարիքների բավարարմանն ուղղելու նպատակով՝ 2024 թվականի ընթացքում ծավալուն աշխատանքներ են տարվել պետական պատվերով գիտական հետազոտություններ իրականացնելու մեխանիզմ ձևավորելու ուղղությամբ։ Ստեղծվել են ՀՀ գերատեսչությունների և գիտական համայնքի ներկայացուցիչներից կազմված ոլորտային 5 աշխատանքային խմբեր: Քննարկումների արդյունքում առանձնացվել են գիտական հետազոտությունների պահանջարկ ունեցող շուրջ 60 թեմաներ, որոնց մրցույթները կիրականացվեն հաջորդ տարի»:

Նախարարն անդրադարձել է նաև մշակույթի և սպորտի ոլորտներում կատարված աշխատանքներին և պատասխանել լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են հուշարձանների վերականգնմանը, ուսուցիչների կամավոր ատեստավորմանը և վերապատրաստմանը, դպրոցական դասագրքերին, դպրոցներում հեծանիվների բաշխմանը և ոլորտային այլ խնդիրների։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…