ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքի փոփոխությունը

Հունվարի 16, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 15-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենքի նախագիծը լրամշակվել է: Մասնավորապես՝ ամրագրվել է մշակույթի նոր սահմանումը՝ հիմնված միջազգային կոնվենցիաների, հռչակագրերի, ինչպես նաև ՀՀ կառավարության հաստատած մշակույթի ռազմավարության ուղղությունների վրա:

Հստակեցվել են նաև «ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործող» և «մշակութային գործունեությամբ զբաղվող» սահմանումները, Մշակութային զարգացման հիմնադրամի նպատակները և գործառույթները:

Առաջարկներ է ներկայացրել նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:

Միաժամանակ, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նույն օրվա նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նրա խոսքով՝ նախագծի ընդունումը թույլ կտա կատարելու պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և դրանց զբաղեցրած հողատարածքների ու պահպանական գոտիների կարգավիճակի հստակեցում: Արդյունքում հնարավոր կլինի նույնականացնել և հստակեցնել հուշարձանների, դրանց տարածքների և պահպանական գոտիների զբաղեցրած տարածքների մակերեսները, դրանք արտացոլել կադաստրային քարտեզում:

Նախատեսվում է գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվություն տրամադրելիս ներառել նաև հուշարձանների, դրանց տարածքների, պահպանական գոտիների առկայության վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև ստացված պատկերի հիման վրա մշակել անհրաժեշտ չափորոշիչներ հուշարձանի տարածքի կամ պահպանական գոտու նկատմամբ պետական գրանցում կատարելու գործընթացում՝ ապահովելով հողային ռեսուրսների օպտիմալ կառավարումն ու օգտագործումը, հողօգտագործման արդյունավետության բարձրացումը:

Հանձնաժողովը ներկայացված փաթեթին դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա լիագումար նիստերի ընթացքում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն