ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Կրթության միջազգային օրվա կապակցությամբ

Հունվարի 24, 2025
Պաշտոնական

Այսօր մենք նշում ենք Կրթության միջազգային օրը, որը հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս ընդգծելու կրթության կարևոր դերը մեր հասարակության կայացման, քաղաքացու ձևավորման և խաղաղության հաստատման գործում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ այս տարվա թեման արհեստական բանականության հնարավորություններն ու մարտահրավերներն են, որոնք կարող են փոխել մեր կրթական համակարգը և ընդլայնել նորարարությունների սահմանները:

Հայաստանում արդեն մի քանի տարի է, ինչ 15 ավագ դպրոցներում հաջողությամբ փորձարկվում է ԱԲ կրթական ծրագիրը, որին մասնակցում է շուրջ 600 աշակերտ: Այս ծրագիրը, որը մշակվել է մեր երկրում, ճանաչվել է միջազգային մակարդակում, և մենք հպարտ ենք, որ այն համապատասխանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստանդարտներին: Մենք նպատակ ունենք մինչև 2026 թվականը ծրագիրը հասանելի դարձնել հանրակրթական դպրոցների աշակերտների 80%-ին, ինչը կնպաստի մեր երիտասարդների մրցունակությանը և ստեղծագործական զարգացմանը:

Բարձրագույն կրթության ոլորտում` Երևանի պետական համալսարանում, գործում է արհեստական բանականության լաբորատորիա, որտեղ իրականացվում են նորարարական և կիրառական հետազոտություններ: Պետական բյուջեից հատկացված 8.6 մլրդ դրամը, այդ թվում՝ ԵՊՀ-ում նոր գերհամակարգչային կենտրոնի ստեղծման համար, հնարավորություն կտա մեր գիտնականներին և ուսանողներին աշխատել ժամանակակից տեխնոլոգիաներով ու միջոցներով:

Այսօր, ավելի քան երբևէ, կարևոր է, որ մենք միասին աշխատենք կրթության, գիտության և նորարարության ոլորտներում, որպեսզի մեր երկրում ստեղծենք կայուն, արդիական և մրցունակ հասարակություն:

Վստահ եմ, որ արհեստական բանականության ճիշտ կիրառությունը կարող է լավ գործիք լինել այդ ճանապարհին։ Միաժամանակ, ինչպես տեխնոլոգիական զարգացման մյուս դեպքերում, արժեքային կրթությունը դառնում է առանցքային՝ ստեղծված հնարավորությունները հանրային զարգացմանն ի նպաստ օգտագործելու և խելամիտ որոշումներ կայացնելու համար։ Սա էլ է կրթության համակարգի խնդիրը, որ պիտի լուծենք՝ գիտելիքն ու հմտությունը փոխանցելուն զուգընթաց։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն