ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուրախ եմ, որ հետազոտական աշխատանքներում երիտասարդներ են ներգրավված. Ժաննա Անդրեասյան

Հունվարի 29, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցել է Երևանի պետական համալսարան:

Ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ԵՊՀ գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաներում, որի ընթացքում քննարկվել են համալսարանի զարգացմանն ուղղված տարբեր նախաձեռնություններն ու համագործակցության նոր հնարավորությունները, որոնք նպատակ ունեն բարելավելու կրթական միջավայրը և լավարկելու բարձրագույն կրթության որակը ՀՀ-ում։

Կենսաբանության, Քիմիայի ֆակուլտետների, Ֆարմացիայի և Ֆիզիկայի ինստիտուտների լաբորատորիաներում նախարարը ծանոթացել է ձեռքբերված նոր սարքավորումներին և դրանց կիրառմամբ իրականացվող հետազոտական և ուսումնական աշխատանքներին:

Անդրադառնալով ԵՊՀ շրջայցի նպատակներին և արդյունքներին՝ նախարարը նշել է, որ բուհերում պարբերաբար իրականացվում են տարբեր ծրագրեր և շրջայցի նպատակն արդյունքներին ծանոթանալն է:

«Վերջին տարիներին Կառավարության կողմից էապես ավելացվել է գիտության ֆինանսավորումը, որը դրսևորվում է թե՛ գիտական սարքավորումների տրամադրման ծրագրերով, թե՛ տարբեր թեմատիկ հետազոտությունների և այլ դրամաշնորհային ծրագրերի իրականացման հնարավորություններով: Շրջայցի ընթացքում տեսանք համատեղ ջանքերի արդյունքը. բացվել են նոր լաբորատորիաներ, ձեռք են բերվել նոր սարքավորումներ, ընդ որում՝ սարքավորումների մի զգալի մասը եզակի են իրենց բնույթով, բավական թանկարժեք են և հնարավորություն են տալիս իրականացնել ամենաարդիական հետազոտությունները: Դրամաշնորհային ծրագրերն էլ հնարավորություն են տալիս արդիական կարևոր թեմաներ ուսումնասիրել՝ օգտագործելով նոր սարքավորումներն ու ենթակառուցվածքները: Հատկապես ուրախ եմ, որ իրականացվող հետազոտական աշխատանքներում երիտասարդներ են ներգրավված, որոնք ուսումնառությունն ավարտելուց հետո զբաղվում են գիտությամբ: Մեր կարևոր նպատակներից է բուհերում զարգացնել գիտությունը, և Երևանի պետական համալսարանի օրինակով մենք տեսնում ենք, որ ընթանում ենք այդ ուղիով»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը գոհունակություն է հայտնել բնագիտական լաբորատորիաների տարածքների բարեկարգման, սարքավորումների նորացման, նոր տեխնոլոգիաների ներդրման, նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքներից, որոնք իրականացվել են պետական և միջազգային տարբեր դրամաշնորհների շրջանակում:

«Համալսարանը՝ որպես կրթական և գիտական կենտրոն, շարունակում է ամրապնդել իր տեղը և նշանակությունը ՀՀ գիտական հետազոտությունների ոլորտում։ Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի քաղաքականությունը մեր համալսարաններին խրախուսելն է, որպեսզի դրանք դառնան հետազոտական համալսարաններ։ Գիտության հետ կապը պետք է լինի այն տրամաբանությամբ, որ դա կրթական գործընթացի անբաժանելի մասն է։ Ուրախ եմ, որ այսօր ԵՊՀ-ում հենց այդ տրամաբանությամբ է կազմակերպվում աշխատանքը: Մենք տեսանք տարածքներ, որոնք ամբողջությամբ վերափոխվել են և դարձել հետազոտական կրթական միջավայրեր»,- ասել է նախարարը՝ կարևորով լաբորատորիաներում անվտանգության ստանդարտների ապահովումը:

Նրա խոսքով՝ լաբորատորիաների պարագայում շատ կարևոր է նաև կատարվող աշխատանքի որակը, որը հնարավորություն կընձեռի նման հետազոտությունների արդյունքներին օգտագործել ինչպես գիտական աշխատանքների, այնպես էլ մասնավորի հետ համագործակցության համար:

Որպես օրինակ՝ նախարարը նշել է Ֆարմացիայի ինստիտուտում դեղերի փորձաքննության իրականացումը, որը ԵՊՀ-ին կարող է համապատասխան պատվերներ ապահովել՝ նպաստելով հանրային զարգացման տանող գիտություն- կրթություն-հանրություն շղթայի լիարժեք կապին:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով համալսարանի գրանցած ձեռքբերումները, նշել է. «ԿԳՄՍ նախարարի հետ ԵՊՀ լաբորատորիաներում կատարած բովանդակալից շրջայցն առիթ էր ցույց տալու Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի շնորհիվ ձեռք բերված սարքերը, ծանոթացնելու արվող հետազոտություններում դրանց կիրառությանը։ Մեր աշխատանքն ավելի արդյունավետ է դարձել. 2024 թվականին ԵՊՀ-ն ավելի քան 600 հոդված է հրապարակել միջազգային գրախոսվող ամսագրերում»։

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հավաստագրեր են հանձնել միջազգային հավատարմագրում ստացած կրթական ծրագրերի ղեկավարներին:

ԵՊՀ կրթական ծրագրերի հավատարմագրումն իրականացվել է գերմանական ASIIN գործակալության հետ համատեղ, մասնավորապես՝ հավատարմագրվել են Կենսաբանության ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» (բակալավրիատական), «Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա» (մագիստրոսական), «Ֆարմացիա» (բակալավրիատական), «Ֆարմացիա» (մագիստրոսական) կրթական ծրագրերը:

ԵՊՀ ռեկտերի խոսքով՝ այժմ իրականացվում է Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 6 կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման գործընթաց։

Անդրադառնալով կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրմանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ միջազգային հավատարմագրումը ԿԳՄՍ նախարարության կողմից կարևորվող հիմնական ուղենիշներից է:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն