ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում կիրականացվի 42 հանդիպում․ մեկնարկել է արվեստագետների հայտերի ընդունումը

Փետրվարի 14, 2025
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին։

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակում իրականացվելու են Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։

Հանդիպում-դասախոսությունները կունենան հատուկ ընտրված խորագրային թեմաներ, որոնց օգնությամբ կբացահայտվեն արվեստի պատմությանը, նպատակներին ու խնդիրներին առնչվող ուշագրավ փաստեր ու տեղեկություններ։ Թեմաների ընտրությունը կկատարվի` հաշվի առնելով աշակերտների տարիքային խմբերի հետաքրքրություններն ու առանձնահատկությունները։ Հանդիպումները կզուգորդվեն շնորհանդեսներով, երաժշտական կատարումներով, ստեղծագործությունների հատվածային դիտումներով, գրական ընթերցումներով։ Հանդիպումների վերջին մասը կտրամադրվի հարցուպատասխանին, ինչը կնպաստի աշակերտ-արվեստագետ առավել անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը։

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի նպատակն է լրացնել հանրակրթության ոլորտում «մշակութային կրթություն» բաղադրիչը, մեծացնել հետաքրքրությունը ընթերցանության, երաժշտարվեստի, թատերարվեստի, պարարվեստի, մշակութային կրթության, կինոարվեստի և կերպարվեստի նկատմամբ, խթանել կրթական հաստատություններում քննադատական, վերլուծական և ստեղծագործ մտքի զարգացումը արվեստի բնագավառներում, ինչպես նաև բարձրացնել դպրոցականների գեղագիտական ճաշակը, քաղաքացիական գիտակցությունը, ընդլայնել արվեստի ոլորտներում աշակերտների ճանաչողության սահմանները։

Արվեստագետների ընտրությունը կկատարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը՝ հարցազրույցի միջոցով:

2025 թվականի ընթացքում «Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում կիրականացվի 42 հանդիպում Երևանում և ՀՀ բոլոր մարզերում: Մասնակից արվեստագետների ընտրության հիմնական սկզբունքներն են՝

  • արվեստագետի կայուն գործունեությունն ու նվաճումները,
  • արվեստագետի ներդրումն ազգային և միջազգային արվեստի կամ մշակույթի ոլորտի զարգացման, տարածման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում մշակույթի հանրահռչակման գործում,
  • արվեստագետի ներդրումը բարձրարժեք երկերի ստեղծման, արվեստի զարգացման, մշակույթի ոլորտում ակտիվ գործունեության ծավալման գործում,
  • արվեստագետի ավանդը երիտասարդ սերնդի ձևավորման գործում,
  • արվեստագետի պետական պարգևներն ու պատվավոր կոչումները.

Մրցույթի արդյունքում ընտրվելու է 42 արվեստագետ:

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրն իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Հայտերն ընդունվում են մինչև 2025 թ. մարտի 10-ը ներառյալ:

Հայտաձևը անհրաժեշտ է ուղարկել qoarvestydprocum@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Հարցերի դեպքում զանգահարել +374 95112292 հեռախոսահամարով (Հռիփսիմե Ալեքյան՝ ծրագրի գլխավոր համակարգող):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն