ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

««Արմաթ» լաբորատորիաներ հաճախած երեխաների մեծ մասը հետագայում ընտրում է այդ ուղղությամբ մասնագիտություն». Արաքսիա Սվաջյան

Փետրվարի 20, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) տարեկան 24-րդ համաժողովին:

Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և նշել, որ ուրախ է համաժողովի շրջանակում ներկայացնել կրթության ոլորտում մասնագիտական կառույցների հետ արդյունավետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը:

ԿԳՄՍՆ և ԱՏՁՄ համագործակցությամբ հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագիրը, որի նպատակն է բարելավել ԲՏՃՄ առարկաների, մասնավորապես՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցումը, որը ներդրվել է Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում: Նրա խոսքով՝ վերջին շրջանում կրթական բոլոր մակարդակներում բազմաթիվ բովանդակային աշխատանքներ են իրականացվում՝ կրթական ծրագրերի փոփոխության տեսքով:

«Բնագիտական, մաթեմատիկական, ճարտարագիտական առարկաների դասավանդման որակի բարելավման ուղղությամբ աշխատանքները հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գլխավոր թիրախներից են, և այս ուղղությամբ արդեն իսկ ունենք գրանցված արդյունքներ: ԲՏՃՄ առարկաների ներդրումն իրականացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ: Հանրակրթության նոր չափորոշիչը նախ փորձարկվել է Տավուշի մարզում և այժմ փուլային եղանակով ներդրվում է ՀՀ բոլոր դպրոցներում: ԲՏՃՄ առարկաների ուղղությամբ Տավուշի մարզի երկամյա գնահատման արդյունքները ցույց են տվել, որ ի համեմատ մյուս մարզերի և մայրաքաղաքի՝ 2 տարվա ընթացքում կրթական արդյունքի 6 ամսվա աճ ենք գրանցել: Այսինքն՝ չափորոշչի՝ ԲՏՃՄ ուղղությամբ փոփոխություններն արդեն իսկ իրենց դրական արդյունքը ցույց են տվել»:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև կրթության կազմակերպման պայմաններին՝ նշելով, որ միայն կրթական ծրագրերի բովանդակության փոփոխությունը չի կարող ապահովել բավարար արդյունք. «Հանրակրթության պետական չափորոշչի կարևոր ռազմավարական ուղղություններից մեկը ԲՏՃՄ լաբորատորիաների ապահովումն է, և ես ուրախ եմ, որ ԲՏՃՄ լաբորատորիաների ցանկում ունենք ճարտարագիտական լաբորատորիաներ: Այս ուղղությամբ քննարկումներ են իրականացվել ԱՏՁՄ և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործընկերների հետ: Սարքավորումները և գույքը, որը ճարտարագիտական լաբորատորիաների տեսքով տրվում են դպրոցներին, բավարար պայմաններ են ստեղծում` այս ուղղությամբ որակյալ կրթություն կազմակերպելու համար»:

Անդրադառնալով տեխնոլոգիական կրթությանը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է՝ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնցից ամենախոշորն ԱՏՁՄ–ի հետ իրականացվող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրն է:

«Այս ծրագիրն իրականացվում է` նաև ի նպաստ մասնագիտական կողմնորոշման: Վերջերս ԱՏՁՄ-ի գործընկերների հետ քննարկվել են հետազոտության արդյունքները՝ հասկանալու, թե «Արմաթ» լաբորատորիաներ հաճախած երեխաների քանի տոկոսն է հենց այդ ուղղությամբ շարունակում մասնագիտական կրթությունը: Տվյալները բավական ոգևորող են. մեծ մասն ընտրում է այդ ուղղությունը, ինչը նշանակում է՝ մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով: Համատեղ ջանքերի արդյունքում ծրագիրը տարեցտարի ընդլայնվում է»,- ասել է Արաքսիա Սվաջյանն ու շնորհակալություն հայտնել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանն արդյունավետ համագործակցության համար:

Ներկայում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվում և կազմակերպվում է շուրջ 1044 ճարտարագիտական աշխատանոցների խմբակների, այդ թվում՝ ճարտարագիտական աշխատանոցներին կից ԱԹՍ խմբակների գործունեությունը: Պետության կողմից ապահովվում է ճարտարագիտական խմբակների մարզային (տարածքային) 26, ինչպես նաև ԱԹՍ կրթական ծրագրի խմբակների շուրջ 35 համակարգողի վարձատրությունը:

«Պետության աջակցությամբ ապահովում ենք խմբակավարների վարձատրությունը, բայց պայմանների ստեղծումն ու ծրագրի ներդրումն իրականացվում է ԱՏՁՄ գործընկերների և ներդրած ռեսուրսների միջոցով: Ծրագիրը նաև այլ երկրներում ներդնելու փորձ և բավական մեծ հետաքրքրություն ունենք, ինչը շատ ուրախալի է: Միջազգային հարթակներում մեր երկրի կրթական ձեռքբերումներն ու ուժեղ կողմերը ներկայացնելիս՝ առաջինն անդրադառնում ենք տեխնոլոգիական կրթության ոլորտում մեր գրանցած հաջողություններին»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, անդրադառնալով պետության հետ համագործակցությանը, ընդգծել է՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագիրը, թերևս, պետություն-մասնավոր համագործակցության լավագույն օրինակներից է:

«10 տարվա ընթացքում ծրագիրը 24 մլն դոլարի ներդրումներ է ներգրավել երկու կողմերից: 2025 թվականի համար նախատեսված բյուջեն պետության կողմից ավելացվել է 97 մլն դրամով: Նախորդ տարի ևս 17 աշխատանոց ենք տեղադրել դպրոցներում, որոնցից 2-ը՝ մասնագիտացված ԱԹՍ աշխատանոց: 53 աշխատանոցներ էլ համալրվել են նոր գույքով, իրականացվել են վերապատրաստումներ: 16 հազար ակտիվ աշակերտ ունենք, որոնք դպրոցներում ստանում են բարձրակարգ կրթություն ԲՏՃՄ ուղղություններով: Կարող ենք ասել, որ 114 հազար երեխայի համար ապահովված է հասանելիություն այդ կրթությանը, որը 10-18 տարեկան երեխաների 52%-ն է»,- ասել է Սարգիս Կարապետյանը՝ շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ նախարարությանը համագործակցության համար:

Այսպիսով, 2025 թվականի տվյալներով Հայաստանի տարածքում գործում են ավելի քան 650 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ. 10-18 տարեկան շուրջ 16 հազար երեխաներ ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներությանը և մաթեմատիկային:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը տեխնոլոգիական կրթության համատեքստում անդրադարձել է նաև 2023 թ. սեպտեմբերից Հայաստանի 7 մարզերի և Երևանի 15 ավագ դպրոցներում FAST-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագրին: Նա նշել է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Թվային կրթության շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակում ներկայացվել է հանրակրթական դպրոցներում արհեստական բանականության (ԱԲ-ի) ոլորտի խորացված կրթության ներդրման հայաստանյան փորձառությունը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային գործընկերների շրջանում: Ներկայում քննարկվում են ծրագրի ընդլայնման հնարավորությունները:

Արաքսիա Սվաջյանը կարևորել է նաև արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթության ոլորտում իրականացվող աշխատանքները՝ մասնավորապես անդրադառնալով Թումո, «Քոաֆ սմարթ» կենտրոնների գործունեությանը:

«ԿԳՄՍ նախարարությունը բաց է համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնք տեխնոլոգիական կրթության ուղղությամբ իրականացնում են կրթական ծրագրեր: Հուսով եմ՝ մի քանի տարվա ընթացքում իրապես կկարողանանք գրանցել ավելի լավ արդյունքները, որը տեխնոլոգիական կրթությունը որակապես այլ մակարդակի կհասցնի»,- եզրափակել է Արաքսիա Սվաջյանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, տեխնոլոգիական համայնքի ավելի քան 300 ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, հյուրեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն