ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՄԿՈւ ոլորտի բարեփոխումները. մամուլի ասուլիս

Մարտի 3, 2025
Հարցազրույցներ, ելույթներ

ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում հանդես է եկել մամուլի ասուլիսով. թեման՝ «Միջին մասնագիտական կրթություն-աշխատաշուկա․ սպասվող բարեփոխումներն ու ծրագրերը»:

Վարչության պետի տեղեկացմամբ՝ 2024 թ. հունիսից ուժի մեջ է մտել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքը, որի կատարման նպատակով այժմ ընթացքի մեջ են ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունների և լրացումների մշակման, ինչպես նաև նոր ընթացակարգերի ու կարգերի մշակման աշխատանքները: Ըստ նրա՝ նոր օրենքը պահանջում է աշխատանքի վրա հիմնված /դուալ/ ուսուցման համակարգի ներդրում: Դուալ ուսուցման ծրագրերի մշակումը նախատեսվել է 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտում:

«Մինչ այժմ փորձնական ծրագրով իրականացված դուալ ուսուցումն արդեն իսկ ներդրվելու է ողջ համակարգում, սակայն փուլային եղանակով, քանի որ այն ենթադրում է նաև մասնավոր հատվածի մասնակցություն: Հետզհետե կընդլայնվի ծրագրում ընդգրկված ՄԿՈՒ հաստատությունների ցանկը, և այն կշարունակվի իրականացվել միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ»,- ասել է Արմենուհի Պողոսյանը:

Կստեղծվի դուալ կրթության պատասխանատու կառույց

Արմենուհի Պողոսյանը նշել է, որ օրենքի պահանջով պետք է ստեղծվեն դուալ ուսուցման պատասխանատու կառույց և ոլորտային միավորումներ, որոնք կաջակցեն այս ուսուցման ձևը ողջ համակարգում կազմակերպելու և տարածելու հարցում: Նոր կառույցը գործելու է նախարարությանը կից:

Նա հայտնել է, որ այսօր գործում է երկու աջակցող կառույց՝ ՄԿՈւԶԱԿ-ը և Ուսուցման ազգային հիմնադրամը: Նոր կառույցը ստեղծվելու է դրանց գործառույթների համադրմամբ:

«Կառույցը, ըստ ոլորտների, ունենալու է հոգաբարձուների խորհուրդ տարբեր գերատեսչություններից և մասնավոր հատվածից: Այն ընդլայնելու և խորացնելու է մասնավորի հետ համագործակցությունը, որովհետև մասնագիտական ուսուցումը հմտությունների և կարողությունների զարգացմանը միտված կրթություն է, ուստի առանց գործնական միջավայրի և աշխատաշուկայի հետ ուղիղ կապի՝ կրթության որակ չենք կարող ապահովել»,- ասել է բանախոսը:

Դուալ կրթության փորձնական ծրագրի արդյունքները

Դուալ ուսուցման ծրագիրն իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության գործակալության (GIZ) հետ համագործակցությամբ: Ըստ փորձնական ծրագրի արդյունքների հետազոտության՝ դուալ ուսուցմամբ կրթություն ստացած ուսանողներն հետագայում ավելի հեշտությամբ են կարողանում աշխատանքի տեղավորվել:

«Ուսանողների մեծ մասն անցել է աշխատանքի նույն գործատուի մոտ, որտեղ սովորել է: Ապահովվել է զբաղվածության 50 տոկոս ցուցանիշ: Մեծ թվով ուսանողներ էլ շարունակել են ուսումը բուհերում»,- նշել է Արմենուհի Պողոսյանը:

Ծրագրի փորձարկումը մեկնարկել է գինեգործության, ՏՏ և խոհարարության մասնագիտություններով և ընդլայնվել է գյուղատնտեսության 5-6 ուղղությամբ: «Ամեն տարի ընդլայնում ենք մասնագիտությունների ցանկը, ինչը համահունչ է կրթության զարգացման պետական ծրագրին: Նախատեսվում է նաև ներառել թեթև արդյունաբերության ոլորտը»,- ասել է Արմենուհի Պողոսյանը:

Ուսանողը կլինի նաև աշխատող

Ծրագրի մասին մանրամասնելիս Արմինե Պողոսյանն ընդգծել է. «Օրենքով սահմանվել է աշխատանքի վրա հիմնված աշխատանքի երեք տեսակ: Առաջինը աշխատանքային պրակտիկան է, որն ավելի խորացված պետք է ներդրվի ուսումնական հաստատություններում: Մյուսը դուալ ուսուցումն է, որն իրականացվելու է աշխատավայրում: Ուսանողը գործատուի համար լինելու է նաև աշխատող՝ ունենալով աշխատանքային իրավահարաբերություններ՝ համապատասխան նվազագույն վարձատրությամբ: Երրորդ տեսակը տվյալ ոլորտում աշխատող, սակայն որակավորում չունեցող անձանց կրթական դաշտ բերելու գործընթացն է՝ համապատասխան որակավորման փաստաթղթի տրամադրմամբ»:

Դուալ ուսուցման ոլորտում գործատուների անելիքի մասին

«Գործատուի մասնակցությունը սկսվում է ծրագրի մշակման փուլից, քանի որ հիմնված է գործատուի կարիքի վրա: Գործատուն մասնակցում է նաև ուսուցման կազմակերպմանը՝ համագործակցության հուշագիր և համաձայնագիր կնքելով հաստատության հետ: Կրթական ծրագրի 50 և ավելի տոկոսն անցկացվում է հենց աշխատավայրում,- ասել է Արմենուհի Պողոսյանը և հավելել,- դեռևս շատ մեխանիզմներ կան, որոնք պետք է մշակվեն, այդ թվում՝ գնահատման չափանիշները, գործատուների ներգրավման, աշխատանքի կազմակերպման գործընթացները: Ակնկալվում է, որ աշխատավայրում լինելու են համապատասխան հրահանգիչներ, որոնք պետք է կարողանան աշխատել ուսանողների հետ: Ամենագլխավոր արդյունքը լինելու է այն, որ շրջանավարտը պետք է գնահատվի գործատուի կողմից»:

Պահանջված մասնագիտությունների խթանում՝ բարձր կրթաթոշակ

Արմինե Պողոսյանի խոսքով՝ պետության կողմից վերջին տարիներին իրականացված քաղաքականությունը նպաստել է որոշ ուղղություններով, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտի մասնագիտություններով հետաքրքրության աճին: Նրա գնահատմամբ՝ Կառավարության կողմից գերակա հռչակված մասնագիտություններով ընդունելությունը աճել է:

«Յուրաքանչյուր տարի Կառավարությունը հաստատում է ցանկ, որում ընդգրկված մասնագիտություններով սովորող ուսանողները ստանում են բարձր կրթաթոշակ. առաջին կուրսում՝ 50 հազար դրամ, երկրորդ կուրսից սկսած՝ պայմանավորած առաջադիմությամբ՝ կրթաթոշակը կպահպանվի: Առանձին 25 հազար դրամ կրթաթոշակ է սահմանվել նաև տարբեր սոցիալական խմբերի ուսանողների համար: Նախորդ տարվա համեմատ՝ գերակա արհեստագործական մասնագիտություններով գրանցվել է 123 տոկոս, իսկ միջին մասնագիտական մասնագիտություններով՝ 69 տոկոս աճ»,- ներկայացրել է ԿԳՄՍՆ ներկայացուցիչը:

Տրանսպորտային ծախսերի փոխհատուցում

Նա կարևորել է նաև մարզերում տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման ծրագիրը՝ նշելով, որ եթե մարզային հաստատությունն ուսանողի բնակավայրից առնվազն 5 կմ հեռու է գտնվում, ապա նա ստանում է տրանսպորտային ծախսերի փոխհատուցում: Նույն սկզբունքով ծրագրից օգտվում են նաև մարզերի ՄԿՈՒ հաստատություններում դասավանդողները: Նա անդրադարձել է նաև ՄԿՈւ ոլորտում իրականացվող ՄԱՎԵՏԱ ծրագրին, որն ուղղված է գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության խթանմանը, կարողությունների զարգացմանը:

Խոսելով ՄԿՈՒ ոլորտի մասնագիտական պահանջարկի մասին՝ Արմենուհի Պողոսյանը նշել, որ աշխատաշուկայում շարունակում են պահանջված մնալ նաև ՏՏ, առողջապահության, խոհարարության, սպասարկման ոլորտների մասնագետները:

Ենթակառուցվածքներ

Մի շարք հաստատություններ, որոնք ենթակա են թե՛ վերանորոգման, թե՛ վերակառուցման ու գույքով հագեցման, ներառված են կապիտալ ծրագրերի ցանկում: Նշված ուսումնական հաստատություններն ամբողջովին վերանորոգվում են և հագեցվում գույքով ու մասնագիտական լաբորատորիաներով:

Մասնագիտական կարողությունների զարգացում

2024 թ. առաջին անգամ իրականացվել է ՄԿՈւ մանկավարժական աշխատողների ատեստավորման գործընթաց 4 ոլորտի գծով՝ գյուղատնտեսություն, ՏՏ, ոսկերչություն և խոհարարություն: Ատեստավորմանը մասնակցած 310 մասնագետների 89 տոկոսը հաղթահարել է նվազագույն շեմը:

«Նրանք արդեն ունեն դրույքաչափի փոփոխություն՝ 200 հազար դրամ, որի նկատմամբ էլ կիրառվում է համապատասխան հավելավճարը՝ 30-50 տոկոս: Այս տարի ատեստավորման ուղղությունները կավելացվեն: Ունենք նաև ՄԿՈւ հաստատություններում հանրակրթական առարկաներ դասավանդող մանկավարժներ, որոնք մասնակցում են կամավոր ատեստավորմանը: Այստեղ ևս գրանցվել են բարձր ցուցանիշներ»,- ներկայացրել է բանախոսը:

Եզրափակելով խոսը՝ նա իրազեկել է, որ ՄԿՈւ մանկավարժների համար 2025 թվականին առաջին անգամ նախատեսվում է տարակարգի տրամադրում, որը ևս ենթադրում է հավելավճարի տրամադրում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Պարզաբանումներ

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…

  • Դասի սկզբում կիրառվող օնլայն գործիքներ/ ՈւՀԴ դասապլանով/

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…