ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Օտարերկրյա հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ պետական կրթաթոշակ՝ մասնավոր ընկերության հետ համագործակցությամբ

Մարտի 6, 2025
Լուրեր կազմակերպություններից

Օտարերկրյա հեղինակավոր բուհերում սովորելու համար ՀՀ քաղաքացիներն այսուհետ կստանան պետական կրթաթոշակ, եթե նրանք համապատասխան աջակցություն ունեն նաև ՀՀ-ում գործող մասնավոր ընկերությունների կողմից և համարվում են տվյալ ընկերության աշխատակից։

Բակալավրի կրթական ծրագրերի պարագայում կրթաթոշակը կտրամադրվի աշխարհի լավագույն բուհերի http://www.shanghairanking.com վարկանիշավորման կայքի՝ տվյալ տարվա ցանկերի առաջին 65, իսկ մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի կրթական ծրագրերի պարագայում՝ առաջին 75 բուհերի համար։ Պետության կողմից տրվող կրթաթոշակի առավելագույն չափ է սահմանվում 10 մլն ՀՀ դրամը՝ մեկ տարվա համար։ Պարտադիր պայման է նաև, որ արտերկրի բուհում սովորող քաղաքացին աջակցություն ունենա ՀՀ-ում ռեզիդենտ համարվող մասնավոր կազմակերպության կողմից՝ ուսման վարձի 50 տոկոսի չափով։

Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մարտի 6-ի նիստում: Հարցի զեկուցման ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ներկայացված որոշման ընդունումը բխում է մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված Կառավարության քայլերից, որոնք արտահայտված են ռազմավարական մի շարք փաստաթղթերում և ոլորտում իրականացվող բարեփոխումներում: Մասնավորապես՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում և Կառավարության ծրագրում ամրագրված մի շարք թիրախներ վերաբերում են մարդկային կապիտալի զարգացմանը:

«Վերանայելով կրթաթոշակային քաղաքականությունը՝ հնարավորություն կստեղծվի ներդնելու նոր համակարգ արտերկրի բուհերում կրթություն ստացող ուսանողների ֆինանսավորման տեսանկյունից: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով նախկինում նմանօրինակ ձեռնարկների փորձն ու ռիսկերը՝ նախագծով փորձել ենք ներդնել այնպիսի մեխանիզմ, որն ավելի մեծ արդյունավետություն կունենա և հանրային ու տնտեսական զարգացման տեսանկյունից ավելի բարենպաստ կլինի երկրի համար: Մասնավորապես՝ նախատեսվում է կիրառել ձեռնարկությունների նորարարական ներուժի հզորացման գործընթացում պետական աջակցության նոր մոտեցում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախագծի կարգավորումներն ուղղված են գործող կրթաթոշակային մեխանիզմների ու սկզբունքների վերանայմանը՝ կրթաթոշակը դիտարկելով որպես կրթության շարունակականությունը կամ ուսումնառության ընթացքն ապահովելու նպատակով սովորողներին անհատույց տրամադրվող ֆինանսական աջակցություն, խրախուսանք:

«Ծրագրի իրականացման կարևոր պայման է մասնավոր ընկերությունների ներգրավումը գործընթացին։ Առնվազն 100 աշխատող ունեցող առևտրային կազմակերպությունը պետք է կատարի համաֆինանսավորում՝ ընդհանուր կրթաթոշակի առնվազն 50 տոկոսի չափով, որից հետո նախատեսվում է պետության կողմից մնացորդային կրթաթոշակի տրամադրում, որի առավելագույն չափն ամեն տարվա համար չի կարող գերազանցել 10 մլն դրամը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը նաև շեշտել է՝ կարևոր պայման է, որ ուսումնառության ավարտից հետո քաղաքացին պետք է առնվազն 3 տարի համապատասխան մասնագիտությամբ աշխատի տվյալ կազմակերպությունում:

«Կարծում ենք՝ այս նախագծի ներդրումը հնարավորություն կտա, որ մի շարք առանցքային ոլորտներ համալրվեն որակյալ կադրերով, որոնք էլ նոր գիտելիքներ կներդնեն արտադրական և արդյունաբերական գործընթացներում: Նմանօրինակ աշխատակիցների առկայությունը կբերի նաև նոր գիտելիքների կիրառմանն ու փոխանցմանը մյուսներին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Միաժամանակ, առաջարկվում է սահմանել՝ եթե ուսման ավարտից հետո կրթաթոշակի շահառու քաղաքացին չի վերադառնում Հայաստանի Հանրապետություն կամ ուսումնառությունը կիսատ է թողնում կամ տեղափոխվում է այլ հաստատություն, գործատուն ՀՀ պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշվին է փոխանցում է հրաժարագին՝ պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի կամ համաֆինանսավորման ընդհանուր գումարի եռապատիկի չափով:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ կրթաթոշակային նոր քաղաքականություն մշակելու շրջանակում իրականացվել է նաև մասնավոր կազմակերպությունների փորձի («Իմ քայլը», «Լույս» հիմնադրամներ) և ուսանողների հետվերադարձի վիճակագրության որոշակի ուսումնասիրություն: ՀՀ են վերադարձել «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ արտերկրում ուսումնառություն ստացած ուսանողների 61 տոկոսը, «Լույս» հիմնադրամի կողմից ֆինանսավորում ստացած ուսանողների 20,3 տոկոսը:

«Կարծում ենք՝ այս մոտեցմամբ խնդիրն էապես կարգավորվում է, քանի որ ի սկզբանե աշխատանքային հեռանկար է առաջարկվում՝ ապահովելով կրթության ավարտից հետո մասնագիտական գիտելիքների դրսևորման միջավայր»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Կարևորելով տնտեսության տարբեր ոլորտներում մրցունակ կադրերի առկայությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ պետք խստացնել վերահսկողությունը և ծրագրի շրջանակում կրթաթոշակ ստացողների պարտադիր հետվերադարձի համար գործուն մեխանիզմներ սահմանել։

Նա ընդգծել է՝ պետությունը չի կարող ռեսուրսներ ներդնել մարդկային կապիտալի զարգացման համար, որը հետագայում չի ծառայելու Հայաստանի Հանրապետությանը: Վարչապետն ընդգծել է՝ պետական քաղաքականության առաջնահերթություն են որակյալ մասնագետների վերադարձն ու ՀՀ տնտեսական զարգացմանը նպաստելը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)