ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՌԴ ԿԳ նախարարը՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատվավոր դոկտոր

Սեպտեմբերի 26, 2017
Պաշտոնական

Պաշտոնական այցով ՀՀ-ում  գտնվող  ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան և ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այցելել են Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, որտեղ տեղի է ունեցել հանդիպում ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, Երևան քաղաքի ռուսերեն լեզվի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների ուսուցչական կազմի, բուհերի ռուսաց լեզվի և գրականության դասավանդողների հետ: Հանդիպման մասնակիցներն իրենց ելույթներում կարևորել են ՀՀ հանրակրթական դպրոցներում աշխատող ռուսաց լեզվի ուսուցիչների  վերապատրաստման արդյունավետության բարձրացումն ու մանկավարժական կադրերի մասնագիտական և մեթոդական որակի բարելավումը:

Իր ելույթում ՌԴ ԿԳ նախարարն անդրադարձել է հայ-ռուսական կրթամշակութային բարեկամության պատմությանը՝ շեշտելով, որ հայ և ռուս անվանի մտավորականները հարյուրամյակներով իրենց ավանդն են ունեցել  երկու ժողովուրդների մշակութային ժառանգության զարգացման գործում: «Ռուս գրողները մշտապես հետաքրքվել են հայ մշակույթով ու պատմությամբ, հիացել հայի տաղանդով: Երկու ժողովուրդների միջև կապն առաջին հերթին ամրապնդվել է գրականությամբ: Չնայած քաղաքական, տնտեսական փոփոխություններին՝ երկու ժողովուրդները շարունակում են լինել հոգևոր, բարեկամական կապի մեջ»,-նշել է Օ. Վասիլևան:

Նա կարևորել է Հայաստանի հանրակրթական դպրոցներում դասավանդող  ռուսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի արդյունավետության բարձրացումը՝  նշելով, որ ռուսական կողմը պատրաստ է այս հարցում աջակցություն ցուցաբերել:

Հանդիպման ավարտին Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օ.Յու.Վասիլևային շնորհվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատվավոր դոկտոր կոչում:

Պաշտոնական արարողությունից հետո ՀՀ և ՌԴ կրթության և գիտության նախարարները պատասխանել են  լրագրողների հարցերին: Ի պատասխան լրագրողի Մոսկվայի արևելյան լեզուների խորացված ուսուցմամբ Լազարյան եղբայրների անվան թիվ 2042 դպրոցի փակման կամ օպտիմալացման մասին հարցի՝ ՌԴ ԿԳ նախարարը նշել է, որ Լազարյան եղբայրների դպրոցը չի փակվելու և շարունակելու է գործել:

Այցի շրջանակում  ՌԴ ԿԳ նախարարին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: