‹‹Ձեռքդ դի´ր նախահայրերիդ հզոր աջի մեջ և դու պիտի զգաս,
թե ինչպես ուժեղ է զարկում սիրտդ, զորեղանում բազուկդ, պողպատանում կամքդ››։
Գ․ Նժդեհ
ԿԳՆ ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը նոյեմբերի 22-ից 25-ը ՀՀ սահմանամերձ Տավուշի մարզում իրականացրեց կրթամշակութային ծրագիր՝ ‹‹Ես մի զարկն եմ քո բազկի›› խորագրով։
Ծրագրի նպատակն էր ծանոթանալ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում բնակվող հասակակիցների և սահմանապահ զինվորների ապրելակերպին, առօրյային և հետաքրքրություններին, գնահատել հայ զինվորի դերն ազգային բանակի կազմավորման ու անկախ պետության կայացման գործընթացում, նպաստել դեռահասների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, կարևորել արտադպրոցական կրթության դերը։
Ծրագրի շրջանակում ‹‹Ընտանիք›› կենտրոնի սաներն ու մանկավարժները հյուրընկալվեցին Տավուշի մարզի տարբեր սահմանամերձ համայնքներում, նրանք ‹‹Մասնագիտական կողմնորոշման›› դասեր անցկացրին Բերդի թիվ 3 հիմնական, Ներքին Կարմիրաղբյուրի Լ.Ադամյանի անվան և Տավուշի գյուղի միջնակարգ դպրոցների դեռահասների համար։
Սահմանակից դպրոցներում մեծ սպասումով դիմավորեցին գյումրեցիներին: Ստեղծագործական կենտրոնի մասնագետներն ու շնորհալի սաները պատրաստակամությամբ իրենց փորձը, մասնագիտական կարողությունները փոխանցեցին տավուշցի դեռահասներին: Հայկական արհեստի ու արվեստի ճյուղերից՝ խեցեգործության, վիտրաժային նկարչության, գեղանկարչության, ուլունքագործության, ազգագրական երգի, պարարվեստի, ասեղնագործության, փայտի փորագրության, բատիկայի, քվիլինգի մեկօրյա գործնական դասընթացների իրականացման շնորհիվ համայնքաբնակ աշակերտները ծանոթացան նախընտրած մասնագիտությունների առանձնահատկություններին, կատարողական տեխնիկային և հնարավորություն ունեցան բացահայտելու սեփական ունակություններն ու կարողությունները։
Ծրագրի վերաբերյալ իր տպավորությունները կիսեց Բերդի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզան Թումանյանը. «Սահմանում ամուր կանգնած ենք մենք և Ձեր ներկայությունը մեզ ոգեշնչում է: Հայաստանի Հանրապետությունը՝ Արցախի հետ միասին մեկ բազուկ է կազմում, և մենք այդ բազկի ուժով էլ պետք է շարունակենք սովորել, պայքարել՝ մեր ինքնությունը հաստատելու ամբողջ աշխարհում: Այսօր բոլորի աչքերում փայլ կար և երեխաները չէին ուզում, որ ավարտվեր այս հանդիպումը: Շատ բովանդակալից միջոցառում էր, շնորհակալություն»:
Ակնհայտ էր «սահմանապահ» դեռահասների շահագրգռվածությունը, հետաքրքրությունն ու սերը ազգային արհեստի և արվեստի նկատմամբ: Շատերն իրենց ուրախությունը կիսեցին հասակակից ընկերների հետ և զարմանալի չէր, որ բոլորի մտածումներն ու երազանքները նույն էին՝ ապրել շիտակ, խաղաղ երկնքի տակ, կերտել ու արարել, հզորացնել հայրենի բնօրրանը...
«Շատ հաճելի հանդիպում էր, ողջունելի նախաձեռնություն, քանի որ այն համախմբեց գյումրեցի և տավուշցի դեռահասներին: Արվեստի նոր ճյուղեր բացահայտելուց բացի, մեր նոր ընկերների հետ մասնակից դարձանք նաև միասնական երգ ու պարին: Դպրոցը լցված էր հայկական արհեստի ու արվեստի ծաղկուն շնչով... Ինչու չէ, կցանկանայի ապրել Գյումրիում, հաճախել արվեստի կենտրոն, զբաղվել իմ նախընտրած մասնագիտությամբ: Բոլորս էլ կցանկանայինք կապ պաշտպանել Ձեր հետ և մեծ ոգևորությամբ կսպասենք Ձեր հաջորդ այցին»,-անկեղծորեն խոստովանեց Տավուշի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Աննա Օհանյանը:
Դասընթացներից ոգևորված ու տպավորված էին ոչ միայն դպրոցահասակները, այլև մանկավարժական հանրույթը. վերջիններս նույնպես ցանկություն հայտնեցին ուսանելու մասնագիտական խմբակներում:
«Իրոք, սահմանին կանգնած երեխաները կարիք ունեն նման առիթների: Նրանք ուրախանում են սրտանց և մասնակցում մեծ խանդավառությամբ նմանօրինակ միջոցոցառումներին: Խորին շնորհակալություն եմ հայտնում ծրագրի նախաձեռնողներին, գյումրեցի բարեկամներին։ Սա մեծ գործ էր, որը խթանեց ստեղծագործ և բազմաշնորհ երեխաներ բացահայտելուն, նրանց մոտ ձևավորեց գեղեցիկը գնահատելու կարողություն: Մեր երեխաներին ցանկանում եմ խաղաղ երկինք, թող երբեք էլ կրակոց չլինի, այսպիսի միջոցառումները դառնան հաճախակի, քանզի մենք զգում ենք, որ մենակ չենք, մեզ հետ ապրում են և միշտ մեր կողքին են: Սա մեծ դաս էր բոլորիս համար»,-նշեց Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Սիլվա Հասանյանը:
Դեռահասների համատեղ պարապմունքներն ավարտվեցին պատրաստած աշխատանքների, գեղարվեստական համարների ցուցադրությամբ և պարգևատրման արարողությամբ։
«Ընտանիք» կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը զորակցություն հայտնեց սահմանամերձ համայնքաբնակներին, տոգորեց լինել էլ ավելի ուժեղ և ամրահոգի։ Նա պատվոգրեր և հուշանվերներ հանձնեց կրթօջախների տնօրեններին՝ կենտրոնի հետ համագործակցության խթանման և դեռահասների ռազմահայրենասիրական դաստիրարակության գործընթացին աջակցելու համար: «Մասնագիտական կողմնորոշման» դասերին ակտիվ մասնակցելու համար պարգևատրվեցին նաև համայնքների բացահայտված շնորհալի դպրոցականները:
Դասընթացների ավարտին գյումրեցի և տավուշցի դեռահասներն իրենց տպավորություններն ու ցանկությունները մեկտեղեցին համատեղ ստեղծած խորհրդանշական պաստառի վրա, որը դարձավ նրանց հավաքական և միասնական ուժի անխախտ դրսևորում, հոգևոր կապն արտահայտող ամուր «կամուրջ»։
Միևնույն հաղթական ոգով և պատրաստակամությամբ «Ընտանիք» կենտրոնը հանգրվանեց Բերդի ՊՆ N զորամաս: Զինվորները, ոգեպնդված նման հանդիպումից, զինվորավայել դիմավորեցին կենտրոնի մանկավարժներին ու սաներին: Ծրագրի մասնակիցները շրջեցին զորամասում, հանդիպում ունեցան սպայական կազմի և զինծառայողների հետ, տեղում ծանոթացան սահմանապահների սոցիալ-տնտեսական պայմաններին, առօրյային։ Զինվորականները սաների հետ անցկացրեցին զրույց-քննարկումներ՝ «Մենք ենք տերն ու պաշտպանը մեր բնօրրանի» թեմայի շուրջ և տարածաշրջանի ռազմական տարաբնույթ հիմնախնդիրների վերաբերյալ:
Կենտրոնի տաղանդաշատ սաները և Գյումրու մրցանակակիր երգիչները հայրենի պաշտպանների համար կազմակերպել էին համերգային ծրագիր: «Միասին առաջ՝ դեպի հաղթանակ». այս գաղափարն էր ընկած յուրաքանչյուր ելույթի հիմքում։ Դահլիճը ողողված էր հայրենական ոգու ամրակուռ շնչով. հայրենասիրական երգն ու պարը, դուդուկի հոգեզմայլ մեղեդիները, մայր հայրենիքն արժևորող խոսքերը գերել էին միջոցառման մասնակիցներին։ Հուզիչ էր հատկապես զորամասի ժամկետային զինծառայող Տարոն Վարդազարյանի՝ ‹‹Թռչեի մտքով տուն›› երգի կատարումը։ Վերջինս, մտորելով ‹‹Ազգ-Բանակ-Հայրենիք›› գաղափարների շուրջ, հորդորեց հայ զինվորներին լինել եռանդուն, հաստատակամ և իր փորձից դուրս գալով ապսպրեց երբեք չերկնչել թշնամու կարծեցյալ բազմությունից։
Միջոցառման ավարտին հնչեց ‹‹Գինի լից›› խրոխտ երգը. դահլիճը միահամուռ թնդյունով արձագանքեց, բազեի հզոր ճախրանքով հայրենասիրությունն ու հաղթականությունն ամրացան յուրաքանչյուրի սրտում։ Համերգային ծրագիրը եզրափակվեց «Ընտանիք» կենտրոնի և զորամասի հրամնատարական կազմի երկուստեք պատվոգրերի և հուշանվերների հանձնմամբ։
Ծրագրի մասնակիցները, որոնց մեջ էին նաև ապագա զինվորներ, հրաժեշտ տվեցին հայրենի հողը պահող զինվորներին, հրամանատարներին, որոնց նվիրական ջանքերի շնորհիվ ստեղծվել է արհեստավարժ բանակ և ապահով հայրենիք:
‹Ես մի զարկն եմ քո բազկի› խորագրով ծրագրի շրջանակներում մասնակիցները գիտաճանաչողական այցեր կատարեցին նաև Տավուշի մարզի պատմամշակութային կոթողներ։ Կենտրոնի պատանիները ծանոթացան և հաղորդակից դարձան պատմական, հոգևոր մշակութային ժառանգություններին։
Գյումրեցի դեռահասները, հասակակիցներին ուսուցանելով, իրենք ևս դասեր առան և գոտեպնդվեցին. տավուշցու հզոր կամքով, հարազատ հողին ամուր կառչելու հաստատակամությամբ և թշնամիների ոտնձգությունների դեմ դիմակայելու ու պայքարու ուժով։
Փոխտնօրեն՝ Ս. Էլբակյան
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ