Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ԻՄՓԱՔԹ կրտսեր ակումբը հիմնվել է 6 ամիս առաջ՝ արդեն 4 տարի գործունեություն ծավալող ԻՄՓԱՔԹ ավագ ակումբի համայնքային ծրագրի իրականացումից հետո, երբ այդ ծրագրի շահառու շատ երեխաների խնդրանքով բացվեց նոր ակումբ: Ակումբի անդամներ են համայնքի երեխաները և ոչ ֆորմալ ուսուցմամբ խթանվում է նրանց քաղաքացիական վարքագծի ձևավորումը և համախմբումը համայնքի խնդիրների լուծման գործում: Կարևորելով իրենց կարողությունների գործնական կիրառումը, ակումբն իրականացրեց համայնքային իր առաջին ծրագիրը «Տեղեկացեք և կլինեք պաշտպանված» խորագրով։ Նպատակն էր դպրոցի աշակերտների շրջանում բարձրացնել իրազեկվածությունը երկրաշարժերի դեպքում անհրաժեշտ վարքագիծ դրսևորելու մասին, ուսուցանել այն կանոնները, որոնց տիրապետելով կարելի է նվազեցնել աղետների դեպքում կորուրստները: Ծրագիրը բազմաբովանդակ էր և հագեցած: Ներկայացվեցին երկրաշարժից վտանգներից խուսափելու համար կարևոր գործողությունների և աղետի դեպքում ճիշտ գործելու վարքականոնների վերաբերյալ շնորհանդես, տեսանյութեր, թեմատիկ բեմականացումներ, որոնք ընթացան ինտերակտիվ և շատ ակտիվ մթնոլորտում: Կազմակերպվել էր նաև երկրաշարժի և դրա ընթացքում ճիշտ գործելու մասին նկարչական աշխատանքների մրցույթ, որի արդյունքները ամփոփելուց հետո մասնակիցները ստացան խրախուսական նվերներ: Դպրոցում նաև փակցվեցին երկրաշարժի նախանշանների, աղետի ժամանակ ճիշտ վարքագիծ դրսևորելու մասին պաստառներ, երեխաներին բաժանվեցին համապատասխան տեղեկատվությամբ էջանիշներ: Ակումբի առաջնորդ Սյուզաննա Միրզոյանի կարծիքով կորուստները երկրաշարժի ժամանակ ոչ միայն կախված են աղետից,այլ նաև մարդկանց իրազեկության մակարդակից։ Միջոցառման մասնակիցներից 13 ամյա Գոռը նշում է .«Ծրագիրն ուսուցանող էր և շատ տեղեկատվություն ստացա: Ես ապրում եմ շենքի 5 –րդ հարկում և այս ներկայացումների միջոցով սովորեցի, թե ինչ պետք է անել երկրաշարժի ընթացքում, եթե գտնվում եմ շենքի բարձր հարկերում: Քանի որ բնական աղետները կարող են լինել հաճախ, կցանկանամ, որ նման ուսուցողական ծրագրերը հաճախակի կազմակերպվեն, որպեսզի բոլորս իրազեկ լինենք»:
ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: Նպատակն է համախմբել երիտասարդությանը ԻՄՓԱՔԹ խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ: Հայաստանի Լոռի, Տավուշ, Արագածոտն, Շիրակ, Սյունիք, Գեղարքունիք մարզերում և Երևան քաղաքում գործում են 86 ԻՄՓԱՔԹ և ՍՔԱՅ ակումբներ, որոնց անդամներ են մոտ 1510 երեխա և երիտասարդ, որոնց առաջնորդում են 130 վերապատրատսված առաջնորդներ:
ՎՎՀ Իջևանի գրասենյակ