ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայն անմահ է

Ապրիլի 11, 2018
Դպրոցական անցուդարձ

Այդ օրը խորհրդավոր անդորր էր տիրում Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում: Ապրիլյան ցողաթաթախ ու խաղաղ առավոտներից մեկն էր: Սովորականի նման բացվեց դպրոցի դուռը, բայց ժպտադեմ դռնապանի փոխարեն սովորողներին դիմավորեցին արդեն անմահների շարքը լրացրած ապրիլյան քառօրյա պայքարի աննկուն մարտիկների նկարները: Նրա′նք էին ժպտում բոլորին` ի լուր աշխարհի հայտարարելով.

հանդգնե′ք մոտենալ հայոց հողին, ձեր պիղծ շունչը հեռու′ տարեք հայրենյաց սահմաններից. մեր հողը կժայթքի, և դարերի զայրույթը լավայի նման կապտակի ձեր դեմքին:

Մենք այստե′ղ ենք, կա′նք,

Մարմինն է մեռած. ոգին` կենդանի

Կանգնելու է դեռ ոսոխի դիմաց

Ու տալու հարված` հային արժանի:

Դասամիջոցներին հնչում էին ռազմի երգեր, լսվում էր վաստակավոր արտիստների ասմունքը, ցուցադրվում էին պատառիկներ կինոֆիլմերից:

Միջոցառումը կազմակերպել էին դպրոցի փոխտնօրեններ Գայանե Հակոբյանը, Հրաչիկ Ջուլհակյանը, դասղեկ-դասվարները:

Սովորողները հատուկ ակնածանքով լսեցին ապրիլյան քառօրյայի մասնակից, դպրոցի զիղեկ Արմեն Խանաղյանին: Գնահատանքի ու խոնարհումի խոսք ասացին Գ. Հակոբյանն ու հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Համասփյուռ Խաչատրյանը:

Սովորողներից շատերը զինվորական համազգեստով էին: Առավոտից պատվո պահակները փոխարինում էին միմյանց: Երեխաների երգն ու ասմունքը արտահայտում էին այն մեծ սերն ու նվիրումը, որ ամբարված էր մանկական հոգիներում: Նրանք ասես լռելյայն երդվում էին արժանի հետնորդ դառնալ, շարունակել հայրենյաց նահատակների կիսատ թողած գործը և հող-հայրենին փոխանցել սերունդներին հավելումով...

Բոլոր դասարաններում (5-9-րդ) անցկացվեցին դաս-միջոցառումներ, որոնց ներկա էին դպրոցի նախկին շրջանավարտներ, քառօրյա մարտերի մասնակից զինվորներ Նարեկ Մկրտչյանը և Ռաֆայել Սարգսյանը: Նրանք եղան դասարաններում, պատասխանեցին սովորողներին հուզող հարցերին:

Սրանք դասեր էին, հայրենասիրական դասեր, որոնք երբեք չեն մոռացվի: Յուրաքանչյուր սովորող իր հոգում պահել ու իր հետ տանելու էր մի պատառ այն մեծ սխրանքից, որ կոչվում է հայրենիքի անձնուրաց պաշտպանություն. հայրենիք, հայրենիքի սեր, որը ծնվում է յուրաքանչյուր հայորդու հետ ու երբեք էլ չի մարում. անգամ եթե կրողն արդեն երկնքից է նայում ապրողներին:

Փա′ռք հայ ազգին, որը դեռ ասելիք ունի աշխարհին...