ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դեռ ճամփա ունենք...

Ապրիլի 13, 2018
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի հինգն է. գարուն ու արև...

Դրսում անդորր է ու խորհրդավոր լռություն: Նույն խորհրդավորությունն է տիրում Վանաձորի թիվ  23 դպրոցի VIIբ դասարանում: Հույզն ու սպասումը, հպարտությունն ու պատասխանտվությունը պարուրել են սովորողների հոգիները:

Հայրենիքը, բանակը, պայքարն ու նվիրումը ներկայացնող բոլոր միջոցառումներն էլ յուրահատուկ ակնածանքով են անցկացվել այս դասարանում: Այս անգամ որոշվել էր հարց ու պատասխանի միջոցով վարել դասը, որովհետև սովորողների համար անհասկանալի շատ բաներ կան, որոնց պատասխանը նրանք պիտի իմանան ստույգ:

 Հնչում է երաժշտությունը, լսվում է Արաբո Իսպիրյանի «Տուն իմ հայրենի» երգը, ու նրա թրթիռների ներքո՝ գլխիկոր սաները լռելյայն խնկարկում են Ապրիլյան քառօրյայի նահատակաց հիշատակը:

Լռության  րոպե...

Դասղեկ Հ. Խաչատրյանի խոսքին հաջորդում է հարցերի տարափը, որոնց մանրակրկիտ պատասխանում է ուսուցչուհին: Սակայն աշակերտներին մեծ անակնկալ է սպասվում:

Հուշիկ բացվեց դասարանի դուռը, և ներս մտան ուսուցչուհու նախկին սաները՝ Ապրիլյան քառօրյայի մասնակից տղաները՝ Ռաֆայել Սարգսյանն ու Նարեկ Մկրտչյանը: Ողջագուրումից ու ծափահարություններից հետո հարցերին սկսեցին պատասխանել ականատեսները: Անհնարին է բառերով նկարագրել այն մթնոլորտը, որ տիրում էր դասարանում: Սովորողների աչքերն  ասես իրենց մեջ ամբարում էին այն ամենը, ինչ հնչում էր: Հիացմունքով են նայում այդ աչքերը հայրենիքի կենդանի պաշտպաններին:

Երեխաները ուղերձ ուղարկեցին սահմանը պահող զինվորներին, ասմունքեցին ու երգեցին և, որ ամենակարևորն է, ուխտեցին արժանի լինել այն հողին, որ Հայաստան է կոչվում և որն իրենց Հայրենիքն է՝ տրված ի վերուստ: Դասի ավարտին կրկին հնչեց ուսուցչուհու խոսքը: Նա նշեց, որ աշակերտներն էլ իրենց բաժին մասնակցությունն ունեցան, կանգնեցին հայրենյաց պաշտպանների կողքին իրենց նամակներով, ծանրոցներով ու լուսե հավատով: Ապա շարունակեց.

     -Մեզ համար մեծ է կորուստը, բայց չե՛նք ողբալու: Մենք կրակից դուրս գալու ու կրկին հառնելու փորձ ունենք, մենք ճակատագրական պահին բռունցքվելու և թշնամուն արժանի հակահարված տալու կարողությու՛ն ունենք, վկա` նախորդ տարվա Ապրիլյան գոյամարտը: Մենք գիտենք դեպի հավերժություն տանող ճամփան... Ուրեմն` հավատա՛նք ու չերկնչենք, մաքառենք ու սովորե՛նք, աշխատենք անմնացորդ և մի՛շտ հիշենք, որ մարդուն նորմալ ապրելու համար տու՛ն է հարկավոր, իսկ մեր բոլորի տունը մեր երկիրն է` Հայոց Դրախտավայրը, որը կանգուն է իր զավակներով:

 Մնա՛նք մեր երկրում, շենացնե՛նք այն, և հաղթանակները չե՛ն ուշանա, իսկ անկախությունը, որ տրվում է դաժանորեն ծանր գնով, օդի ու ջրի պես անհրաժեշտ է յուրաքանչյուր արժանապատիվ ժողովրդի, առավելապես` հային, որը դեռ երկար ճամփա ունի անցնելու մինչև լուսաբաց...