ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանիք» կենտրոն. «Ձոն մայրերին» խորագրով համերգ

Մայիսի 22, 2018
Լուրեր կազմակերպություններից

Մայիսի 10-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Ձոն մայրերին» խորագրով համերգ՝ կենտրոնի նորաստեղծ փողային գործիքների ուսուցման խմբակի սաների մասնակցությամբ:

Միջոցառման նպատակն էր ներկայացնել սաների գիտելիքներն ու կատարողական կարողությունները, նրանց մոտ ձևավորել բեմական կուլտուրա և ելույթ ունենալու փորձառություն:

Համերգը ևս մեկ առիթ էր նշելու մայիսյան փառահեղ հաղթանակները, որոնք բեկումնային եղան հայ ժողովրդի համար:

Երգացանկում ընդգրկված էին հայազգի հայտնի կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Արա Գևորգյանի դասական ու էստրադային ստեղծագործությունները և ժողովրդական երգեր՝ ըստ Գեորգի Ձամուկաշվիլու, Եվգենի Մարտինովի, Ալեքսեյ Շկալյառի գործիքավորումների:  

Փողային նվագախմբի սաները տնօրինությանը, մանկավարժներին և ծնողներին առաջին անգամ հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց երաժշտական ունակություններն ու կենտրոնում ստացած գիտելիքները: Նրանց մատուցած յուրաքանչյուր ստեղծագործություն ազդեցիկ էր հնչողությամբ և կատարողականությամբ: Ներկաների վրա տպավորիչ ազդեցություն թողեց դուդուկի և փողային նվագախմբի համադրությամբ հնչած «Ո˜վ սիրուն, սիրուն» ժողովրդական երգը:

Միջոցառման ավարտին կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը  ողջունեց խմբավարին և սաներին անդրանիկ և կայացած ելույթի համար: Նա նշեց, որ նմանօրինակ միջոցառումները հաղթանակով են պսակվում, քանի որ մասնակիցները եռանդ ու ջանք չեն խնայում արդյունքի հասնելու համար և ունեն խոստումնալից  ապագա: Գնահատելի է նաև այն հանգամանքը, որ կենտրոնում անգամ նորաստեղծ խմբերը իսկզբանե պահպանում են աշխատանքային հարազատ ձեռագիրը:

Հանդիսատեսն իր ծափողջույններով ևս բարձր գնահատեց խմբակի ստեղծագործական աշխատանքի արդյունքը:

Գ. Կոստանյան