ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մշակութային մասնագիտությունները հատուկ վերաբերմունք են պահանջում. քննարկում

Հուլիսի 3, 2018
Պաշտոնական

Միջին մասնագիտական ոլորտը տարիներ շարունակ պատշաճ ուշադրության չի արժանացել, չնայած իր դերով և նշանակությամբ մեծ գործառույթ և կարևորություն ունի հանրային կյանքում, ինչպես նաև տնտեսության և կրթության ոլորտներում: «Հոդված-3» ակումբում կազմակերպված «Մշակութային և միջին մասնագիտական կրթության հիմնահարցերը» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Քննարկմանը մասնակցել են ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթևոսյանը, ինչպես նաև մշակութային ուղղվածությամբ քոլեջների տնօրեններ, կրթության փորձագետներ: Քննարկումը կազմակարպվել էր մշակութային քոլեջների տնօրենների առաջարկությամբ: ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ միջին մասնագիտական կրթության ոլորտում խնդիրները շատ են. «Այստեղ մենք գործ ունենք մշակութային, ՏՏ, առևտրի և ծառայությունների, սպասարկման, գյուղատնտեսական ուղղվածությամբ ուսումնական հաստատությունների հետ: Այս ոլորտի գլխավոր խնդիրն աշխատաշուկայի պահանջարկի արագ սպասարկումն է: Հատկապես մշակութային քոլեջների գործունեության վերաբերյալ վերջին շրջանում մի շարք հարցեր են բարձրացվել, որոնց մի մասը լուծում են ստացել, որոշ հարցեր էլ քննարկվում են: Մենք խնդիր ունենք մասնավոր սեկտորի համար առավել գրավիչ դարձնել ոլորտը՝ հատկապես ագրարային և տնտեսության ոլորտի մասնագիտությունները: Կոչ կանեմ այն գործարարներին, ովքեր մտահոգված են իրենց իսկ բիզնեսի զարգացման հեռանկարներով՝ մեծ ուշադրություն դարձնեն ոլորտի զարգացմանը»,-նշել է Հովհաննես Հովհաննիսյանը` նկատելով, որ ոլորտի զարգացման նկատմամբ հետաքրքրություն ունեցող մի շարք հանդիպումներ մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ արդեն տեղի են ունեցել: Նրա խոսքով` ոլորտի որոշ խնդիրներ օրենսդրական փոփոխություն են ենթադրում, որոշներն էլ պայմանավորված են կառավարման բացթողումներով: Վերջին տարիներին ակտիվացել է միջազգային կազմակերպությունների համագործակցությունը ՄԿՈՒ ոլորտի հետ, մասնավորապես արդյունավետ համագործակցություն է ծավալվել Եվրոպական Միության, Գերմանական միջազգային համագործակցության ծրագրի (GIZ)-ի հետ, որի աջակցությամբ սկսվել է դուալ կրթական համակարգի փորձնական ներդրումը մի քանի քոլեջներում: ՀՀ ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի խոսքով՝ 12-ամյա պարտադիր կրթության սահմանադրական պահանջի ամրագրումից հետո քոլեջներն ու ուսումնարանները հիմնական կրթության հիմքով վճարովի կրթության կազմակերպման իրավունք չունեն, բայց սա առաջացնում է հավելյալ խնդիրներ, քանի որ պետության կողմից հատկացված տեղերը սահմանափակ են: «Եթե դպրոցի պարագայում, որքան դիմորդ լինում է, այնքան էլ ընդունվում է և որևէ խոչընդոտ չկա, ապա քոլեջի և ուսումնարանների համար պետպատվեր տեղերի սահմանափակ քանակը խնդիրներ է առաջացնում»,- նշել է վարչութան պետը և ներկայացրել վիճակագրություն: 2017-ին արհեստագործական կրթության համար պետության կողմից հատկացվել է 3877տեղ ԿԳՆ-ին և 400 տեղ՝ ոստիկանությանը, իսկ միջին մասնագիտական կրթությանը` 7713 տեղ ԿԳՆ-ին, 279 տեղ այլ ոլորտների` մշակույթ, սպորտ և այլն: 2018 թվականին միջին մասնագիտական ոլորտում պետպատվերի տեղերը կտրուկ նվազել են, քանի որ կրթության ոլորտի ֆինանսավորումը պակասել էր: Ըստ այդմ` այս տարի արհեստագործական կրթությանը հատկացվել է 3777 տեղ ԿԳՆ-ին և 200 տեղ ոստիկանությանը, իսկ միջին մասնագիտական կրթությանը 6270 տեղ ԿԳՆ-ին և 271 տեղ այլ ոլորտների: Այսինքն` 1600 տեղով նվազել են միջին մասնագիտական և մոտ 300-ով արհեստագործական կրթության պետպատվերի տեղերի: Արտակ Աղբալյանի խոսքով` այժմ նախարարությունում քննարկում են պահուստային տեղերի բաշխումն այնպես կազմակերպել, որպեսզի հնարավորինս ապահովվի արհեստագործական և միջին մասնագիտական կրթության առկա պահանջարկը: Հաշվի առնելով, որ պետության պատվերը, այնուամենայնիվ սահմանափակ է, օրենսդրական փոփոխության առաջարկ է նախապատրաստվում, ըստ որի պետք է քոլեջներին և ուսումնարաններին թույլատրել հիմնական կրթության հիմքով վճարովի կրթություն կազմակերպել. «Պետպատվերի շրջանակում մենք կտրամադրենք տեղեր և մրցութային հիմունքներով ընդունելություն անելուց հետո, եթե կլինեն մարդիկ, ովքեր անպայման ուզում են սովորել հենց այդտեղ ու պատրաստ են նաև վճարել դրա համար, մենք օրենսդրական փոփոխությունից հետո այդ հնարավորությունը կտանք: Սա նաև հնարավորություն կտա ուսումնական հաստատություններին ունենալ արտաբյուջետային ֆոնդ և ֆինանսական խնդիրներ լուծել»: Իրավական խնդիր կա նաև քոլեջից բուհ անցման գործընթացում: Մինչև 2012 թ. գործող կարգով քոլեջի բարձր առաջադիմությամբ շրջանավարտները հնարավորություն ունեին կրթությունը շարունակել համապատասխան մասնագիտությամբ բուհի առկա՝ 2-րդ և հեռակա՝ 3-րդ կուրսերում: Այս կարգը, սակայն հետագայում վերանայվեց և օրենսդրությամբ ամրագրվեց, որ քոլեջի լավագույն շրջանավարտները կարող են ուսումը շարունակել բուհի համապատասխան մասնագիտությամբ ֆակուլտետի հեռակա 2-րդ կուրսում. «Մի շատ կարևոր սկզբունք իրավական դաշտից դուրս մնաց՝ արվեստի, առողջապահության, սպորտի ոլորտի մասնագիտությունների համար բուհերը հեռակա ուսուցում չունեն, հետևաբար քոլեջների մշակութային մասնագիտությամբ շրջանավարտների կրթության շարունակականության իարվունքը խախտվում է: Ստացվում է, որ, օրինակ, Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջն ավարտած կամ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջն ավարտած անձը ստիպված է ընդհանուր հիմունքներով բուհ ընդունվել և հայտնվում է ընդամենը առաջին կուրսում: Այստեղ նաև ուսանողի իրավունքների «խախտում» ենք տեսնում»,-նշել է Ա. Աղբալյանը: Ըստ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի` հիմնական կրթության հիմքով վճարովի կրթություն կազմակերպելու խնդիրը դեռ քննարկման փուլում է: Այս հարցում կրթության և գիտության նախարարությունը նաև սահմանադրագետների փորձագիտական եզրակացության կարիքն ունի: Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով քոլեջների վճարովի-անվճար տեղերի, ինչպես նաև բուհական աստիճանում կրթությունը շարունակելու հնարավորությունների նվազեցումը պայմանավորված է ավագ դպրոցին չվնասելու միտումով. «Ավագ դպրոցը դեռևս լուրջ բովանդակային փոփոխությունների կարիք ունի, և եթե երեխան իմանա, որ քոլեջից հետո միանգամից ընդունվելու է բուհ, ավագ դպրոցը կտուժի: Բացի այդ՝ ՀՀ Սահմանադրությամբ կրթության հանրակրթական բաղադրիչը անվճար է և այստեղ խնդիր է՝ արդյո՞ք միջին մասնագիտական կրթությունը հանրակրթությո՞ւն է, թե՞ ոչ: Ես խնդրել եմ, որ սահմանադրագետներն ուսումնասիրեն այս խնդիրը»: Քննարկման ընթացքում անդրադարձ է մշակութային քոլեջների շրջանավարտների դիպլոմային աշխատանքների պահպանման և արխիվացման հարցերին: Որպես կանոն շրջանավարտները իրենց ավարտական աշխատանքները թողնում են ուսումնական հաստատությանը, ինչն առանձին դեպքերում դժգոհություններ է հարուցում: Նախարարի տեղեկալը նշել է, որ այժմ քննարկվում է դիպլոմային աշխատանքները էլեկտրոնային տարբերակով պահպանելու հարցը, իսկ բուն աշխատանքը կարելի է կամ հեղինակին փոխանցել կամ էլ հեղինակի համաձայնությամբ նվիրել սոցիալական, կրթական, պետական որևէ հիմնարկի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային մասնագիտությունների ուսուցման արդյունավետության բարձրացման, ֆինանսավորման, դիմորդների շրջանում պահանջարկ չունեցող, սակայն խիստ կարևոր մասնագիտացումների պահպանման ու զարգացման հետ կապված խնդիրները: Ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում կազմակերպել հանդիպում հրատապ լուծումներ պահանջող հարցերը քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…