Տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր համակարգ. կառավարման խորհուրդների ձևավորման, գործառույթների սահմանման և տնօրենների ընտրության կարգերի վերանայված մոտեցումների ներկայացում: Փոխնախարարը նշել է, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման համակարգում այսօր առկա են խնդիրներ, որոնք վերանայելու և լուծելու համար կարող են դիտարկվել մի քանի մոտեցումներ: «Եթե համապարփակ մոտեցում որդեգրելու լինենք, ապա նշանակում է, որ կառավարման համակարգի ամբողջական հիերարխիան պետք է նայենք՝ ՀՀ կառավարության, ԿԳ նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների, դպրոցների խորհուրդների և տնօրենների գործառույթներ: Սակայն այսօր դիտարկելու ենք այդ համապարփակ համակարգի միայն մեկ հատվածը՝ դպրոցների մակարդակը: Կարծում եմ, որ այն աշխատանքը, որ հանրակրթության վարչությունն իրականացրել է և ներկայացրել համապատասխան առաջարկություններ, բավականին մեծ առաջընթաց է»,-նշել է Արևիկ Անափիոսյանը:
Հիմնական զեկուցող ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը տեղեկացրել է, որ հանրակրթության ոլորտը համակարգող փոխնախարար Լուսինե Առաքելյանի գլխավորությամբ և Երիտասարդ փորձագետների ծրագրի (YES Armenia) համագործակցության արդյունքում առանձնացվել և ուսումնասիրվել են հանրակրթական հաստատությունների կառավարման համակարգի բարելավման առաջնահերթ ուղղությունները՝ կառավարման խորհուրդներ և տնօրենների ընտրություն ու նշանակում: «Մինչ հասարակական խորհրդին ներկայացնելը՝ նախագիծը քննարկվել է խորհրդի այն անդամների հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնել ներգրավվել աշխատանքային խմբում: Հիմնականում քննարկվել են Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության ներկայացրած առաջարկները, որոնց մի մասն ընդունվել է, իսկ որոշները դեռևս գտնվում են քննարկման փուլում»,-նշել է Սյուզաննա Մակյանը՝ ընդգծելով, որ մշակվել են հայեցակարգային մոտեցումները, միջոցառումների ծրագիրը և ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխությունների նախագծերը: Անդրադառնալով դպրոցների կառավարման խորհրդի ձևավորման կարգի վերանայման անհրաժեշտությանը՝ նա ներկայացրել է առկա խնդիրները, այն է՝ բավարար չէ համայնքի և ծնողների ներգրավվածությունը, ամրագրված չեն անդամների իրավունքները և պարտականությունները, մանկավարժական և ծնողական խորհուրդներում չընդգրկված մանկավարժներին և ծնողներին տրված չէ խորհրդի կազմում ընդգրկվելու հնարավորություն: «Կան դպրոցներ, որոնք ունեն մեծաթիվ մանկավարժական կազմ: Եվ երբ այդ դպրոցներում մանկավարժական խորհուրդը ձևավորվում է 40 ուսուցիչներից, ապա մյուս մանկավարժները դուրս են մնում բոլոր գործընթացներից, այդ թվում՝ տնօրենի ընտրության: Այդ պատճառով ուսհաստատության կանոնադրության մեջ արդեն ամրագրել ենք, որ հատկապես տնօրենի ընտրության հարցում ներգրավվեն դպրոցի բոլոր մանկավարժները»,-նշել է Սյուզաննա Մակյանը: Անդրադառնալով խորհուրդների կազմում նախատեսվելիք փոփոխությանը՝ նա նշել է, որ առաջարկվում է 1 անդամով նվազեցնել լիազոր մարմնին հատկացվող տեղը՝ նախկինի 3-ի փոխարեն այն դարձնելով 2, իսկ 1-ով ավելացնել ծնողական և մանկավարժական խորհուրդները ներկայացնող անդամների թիվը՝ 2-ի փոխարեն սահմանելով 3: «Սրա արդյունքում տեղի կունենա ծնողների և մանկավարժների մասնակցության մեծացում, լիազոր մարմինների ազդեցության նվազում և կառավարման ապակենտրոնացված համակարգի կայացում»,-նշել է հիմնական զեկուցողը՝ խորհրդի անդամներին ներկայացնելով նաև խորհրդի անդամի հիմնական իրավունքներն ու պարտականությունները, օրինակ՝ ծնողական և մանկավարժական համայնքի բոլոր ներկայացուցիչներին տալ հնարավորություն ինքնաառաջադրվելու որպես կառավարման խորհրդի անդամի թեկնածու: Անդրադառնալով հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության գործող կարգին՝ Սյուզաննա Մակյանն առանձնացրել է մի շարք խնդիրներ, այն է՝ տնօրենի ընտրության ներկայիս կարգում վերջնական ընտրության իրավասություն է վերապահված լիազոր մարմնին /փոխվարչապետին, ինչը հակասում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքին, բավարար չէ մանկավարժների և ծնողների ներգրավվածությունը տնօրենի ընտրության գործընթացին, ամրագրված չեն նախարարության ներկայացուցչի իրավունքներն ու պարտականությունները, ապահովված չէ բողոքարկման դեպքում ձևավորվող հանձնաժողովի աշխատանքների թափանցիկությունը: Ըստ զեկուցողի՝ առաջարկվող փոփոխությունների արդյունքում ակնկալվում է` նպաստել հանրակրթական հաստատությունների կառավարման ապակենտրոնացված համակարգի կայացմանը, ապահովել խորհուրդների անկողմնակալությունը, կառավարման խորհրդի անդամներին տալով լրացուցիչ լիազորություններ և պարտականություններ` ապահովել կառավարման և խորհրդակցական մարմինների ներգրավվածությունն ուսումնական հաստատության ամենօրյա խնդիրների լուծմանը, ապահովել կառավարման խորհրդի որոշումների կայացման թափանցիկությունը և շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը տնօրենների ընտրության գործընթացին:
Զեկուցումից հետո խորհրդի անդամները հանդես են եկել մի շարք առաջարկներով, որոնք հիմնականում վերաբերել են խորհուրդների կազմում աշակերտների ներգրավվածության, խորհրդի նպատակների հստակեցման, դրա անդամների գործառույթների և լիազորությունների, կրթական նվազագույն պահանջների սահմանման, քաղաքացիական հասարակության մասնակցության, օրենքների, կարգերի և կանոնադրության համապատասխանեցման, խորհուրդների խոշորացման և այլ հարցերի:
Արձագանքելով խորհրդի անդամների բարձրացրած որոշ առաջարկներին՝ ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը նշել է, որ ներկայումս խորհրդի անդամները ծանոթ չեն կամ մասամբ են ծանոթ իրենց լիազորություններին, որը, ըստ փոխնախարարի, որոշակի խնդիրներ է առաջացնում: «Խորհրդի անդամի՝ կրթական ցենզ սահմանելու հարցը քննարկվել է, և մենք գտնում ենք, որ այս հարցում պետք է հաշվի առնվեն հնարավոր բոլոր ռիսկերը»,-նշել է Լուսինե Առաքելյանը:
ԿԳ փոխնախարարները շնորհակալություն են հայտնել խորհրդի անդամներին՝ հնչեցված բոլոր առաջարկների և դիտողությունների համար՝ վստահեցնելով, որ դրանք անպայման հաշվի կառնվեն և կքննարկվեն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ