ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Քո արվեստը դպրոցում». ընտրված արվեստագետներից յուրաքանչյուրը կայցելի 30 դպրոց

Նոյեմբերի 21, 2018
Պաշտոնական

ՀՀ մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթության նախագիծը, որը դպրոցներում իրագործվող հերթական մշակութային ծրագիրն է: Նախագծի շրջանակում գրականության, կերպարվեստի և երաժշտության ոլորտների շուրջ 50 արվեստագետներ կայցելեն Հայաստանի բոլոր պետական հանրակրթական դպրոցներ` աշակերտներին ներկայացնելու իրենց արվեստը: Այդ նպատակով նախապես հայտարարվել էր դրամաշնորհային մրցույթ, որի շրջանակում արվեստագետները Մշակույթի նախարարություն են ներկայացվել արվեստի կրթության հեղինակային ծրագրեր: Երկու նախարարությունների ներկայացուցիչներից կազմված մրցութային հանձնաժողովն ընտրել է 50 ծրագիր: Յուրաքանչյուր արվեստագետ պետք է այցելի 30 դպրոց` յուրաքանչյուր մարզից և Երևանից ընտրելով նվազագույնը 1, առավելագույնը 3 դպրոց: 

 Մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել դպրոցների ընտրության հրապարակային վիճակահանություն: Դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված արվեստագետները Հայաստանի 1360 պետական դպրոցների ցանկից վերը նշված սկզբունքով ընտրել են մարզային և մայրաքաղաքային դպրոցները:

«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը կմեկնարկի դեկտեմբերից և կավարտվի մայիսին:

Նախագծի շրջանակում յուրաքանչյուր արվեստագետ կստանա 1 մլն ՀՀ դրամ դրամաշնորհ:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 16-ին նախարարներ Արայիկ Հարությունյանն ու Լիլիթ Մակունցն ազդարարեցին կրթամշակութային երկու ծրագրերի մեկնարկի մասին.  մշակութային հաստատություններ այցելության աբոնեմենտային համակարգի ներդրում, որի շրջանակում  ՀՀ բոլոր դպրոցների 1-12-րդ դասարանների   աշակերտները ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ անվճար այցելում են թանգարան, համերգասրահ և թատրոն, և  «Քո արվեստը դպրոցում»  ծրագիրը, որի շրջանակում արվեստագետներն են այցելում դպրոցներ` ներկայացնելու արվեստի  կրթության հեղինակային ծրագրերը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն