Կան բանաստեղծներ, որոնց երգած սերը վարակիչ է, ապրած կյանքն ու անցած ճանապարհը՝ուսուցանող, որոնց թախիծն իսկապես լուսավոր է, իսկ տխրությունը՝ ցավեցնող:
Այդպիսին է հայ գրականության Վարպետը՝ Իսահակյանը: Զարմանալիորեն պարզ ու հասկանալի թվացող երևույթները անհուն խորություն, գույն ու բույր են ստացել նրա գրչի շնորհիվ: Նրա գործերի մասին խոսել կարելի է երկար, բայց միշտ մնում են չասված ու չնկատված մոտիվներ, որոնք քեզ մեկ անգամ ևս վերադառնալու արահետ են թողնում, արահետ, որը միշտ սիրված ու սպասված է:
Նոյեմբերի 24-ը ՌԴ Տյումեն քաղաքի հայկական մշակույթի կենտրոնի «Կարոտ» գրական ակումբի համար սպասված օր էր: Ակումբն իր հերթական երեկոն նվիրեց մեծն Վարպետին՝ խորագրելով այն «Իսահակյանի սիրո երգերը»:
Երեկոյին այս անգամ ևս մասնակցում էին ոչ միայն ակումբի հնաբնակները, այլև նորերն ու հյուրերը, որոնց շարքն այս անգամ, հուրախություն մեզ, համալրվել էր երիտասարդներով ( դրսում ապրողների համար գաղտնիք չէ, որ այն սերունդը, որը ծնվել և ապրում է հայրենիքից հեռու,դժվարությամբ է կապվում ազգայինին ու հայրենիին ), որոնք դատարկաձեռն չէին միացել մեզ: Բայց նախ՝ ամեն ինչ սկզբից...
Հուշ- երեկոն սկսվեց հեղինակի կենսագրությունով, ինչը հակիրճ և բովանդակալից ներկայացրեց մշակույթի կենտրոնի տնօրեն Ռուզաննա Դանիելյանը: « Իսահակյանի Նիկողայոս պապն իր ընտանիքով գաղթել է Բայազետից: 1829 թվականին Ալեքսանդրապոլում կառուցել է իր տունը՝ երկու որդիների՝ Սիմոնի և Սահակի համար: Նրանց ընտանիքը եղել է այն ժամանակների համար բավականին հարուստ և ապահովված, ինչի մասին են վկայում Իսահակյանի տուն-թանգարանում ներկայումս էլ պահպանվող անձնական իրերը, կահույքն ու կենցաղի առարկաները:
Նիկողայոսը կրթված մարդ էր և լավ գիտեր Նարեկացու ստեղծագործությունները, որոնք սիրով կարդում էր խաղաղ երեկոներին իր ջերմ ու տաքուկ օջախում հավաքվածների համար:
Ավետիքենց ընտանիքը մանկան պակաս չուներ. նա յոթերորդն էր: Աշնան մի ցուրտ օր թոնրատանը ծնվում է մեր պոետը: Ծնունդն ընդունող կինը դուրս է գալիս ու լուր տալիս Սահակին. « Սահա'կ, ավետի՜ս, ավետի՜ս, տղա է ծնվել»: Նույն պահին էլ որոշվում է մանկան անունը: Ոչ մեկ չէր էլ կարող պատկերացնել, որ ավետիսը միայն Սահակինն ու նրա ընտանիքինը չէր, այլ ողջ հայությանն ու հայ նոր գրականությանը»:
Իսահակյանի ստեղծագործություններից շատերն են երգվել ու դարձել մեր հայ երգի թանկագին գոհարները: Երեկոն շարունակվեց հենց այդ երգերից մեկով՝ «Գետակի վրա թեքվել է ուռին», որը կատարեցին մայր ու դուստր՝ մեր սիրելի ուսուցչուհի Լիանա Դոխոյանը և նրա դուստր Նելլին ու իր գիթառը: Երգն այնքան էր դուր եկել բոլորին, որ հանդիպման ավարտին բոլորիս խնդրանքով մեկ անգամ ևս հնչեց: Այնուհետև երեկոն շարունակելու պարտավորեցնող գործը ստանձնեց հայկական դպրոցի հայերենի ուսուցչուհի Մարգարիտա Առաքելյանը, ով այս անգամ կազմակերպչական դժվարին գործի առյուծի բաժինն իր վրա էր վերցրել: Մարգարիտայի խոսքերով ասած՝ դատարկ կլիներ կյանքը, եթե չլիներ նրանում սերը, սիրո դրաման: Մարդու կյանքը լիարժեք է և իմաստավորված, երբ նրա էությունը լցված է սիրով, երբ սիրում է և սիրված է: Իսահակյան- սիրահարը հավատացած է, որ սերը բնությունից մարդ արարածին շնորհված ամենագեղեցիկ և ամենամեծ նվերն է: Հիշեցինք նաև, որ Իսահակյանը սիրահարված է եղել իր հեռավոր ազգականուհուն՝ Շուշանիկ Մատակյանին, և քնարերգության մեծ մասը նվիրված է եղել դեռատի աղջկա նկատմամբ տածած գերագույն սիրուն: Շուշանիկի հանդեպ ունեցած վեհ զգացմունքներն էին, որ վերածվեցին մեզ համար շատ թանկ դարձած բանաստեղծությունների, պոեմների, լեգենդների, արձակ երկերի:
Ակումբի անդամների կողմից հնչեցին դրանցից մի քանիսը՝ « Կուզեի լինել», « Լուռ գիշերին», « Տիեզերքի պերճ...», «Իմ փերին», « Ուռին», « Մաճկալ ե'ս, բեզարած ես», « Ռավեննայում»-ը, որը հիանալի կատարեց մեր ակումբի ամենագեղեցիկ մրահոնը՝ Աննան:
Ասել, թե բոլոր ստեղծագործությունները հնչում էին պրոֆեսիոնալ, չափազանցություն կլինի, բայց այն, որ մեր մեծամասամբ տնային տնտեսուհիները կարողացան հաղթահարել իրենց մեջ նստած բարդույթներն ու ասմունքել, այն էլ հոգով ու ջերմությամբ, վեր էր ամեն տեսակ պրոֆեսիոնալիզմից:
Չեմ կարող չառանձնացնել մեր երիտասարդ նորեկներից Գոռին ու Կարինային, ովքեր հազիվհազ են սովորել գրել ու կարդալ հայերեն: Կարինան «Սիրեցի յարս տարան»-ը այնքան հոգով կարդաց, որ թվում էր զգում ու ապրում է յուրաքանչյուր բառը, մինչդեռ հետո խոստովանեց, որ սովորել է առանց որևէ բառ հասկանալու, բայց, չնայած դրան, հուզվել է, իր խոսքերով ասած՝ այս բանաստեղծի անգամ հնչյուններն են հուզում:
Գոռն իր «Միշտ զգում եմ ես» գործը սովորել էր լսելով. ասում էր՝ դեռ ոչ բոլոր տառերն է սովորել, բայց խոստացավ, որ հաջորդ հանդիպմանն անձամբ պիտի հայերեն կարդա նախ ի'ր, հետո նոր մեզ համար:
Հենց այսպիսի մանրուք թվացող երևույթներն են, որ ստիպում են հայրենիքից դուրս գտնվողներիս հաղթահարել բոլոր տեսակ դժվարությունները և օգնել մեր կողքիններին սիրել ու գնահատել մեր հայն ու հայերենը:
Մի տեսակ թերի կլիներ ամեն ինչ, եթե չլինեին մեր Սիլվա Սիմոնյանի կողմից անվանում գտած «շեղումները»: Իր առաջին «շեղման» մեջ տիկին Սիլվան պատմեց Իսահակյան-հայրենասերի մասին, ով անգամ հայրենիքից դուրս փորձել է գտնել ու կառչել ամենափոքր երևույթներից, որոնք նրան իր Հայաստանը կհիշեցնեին: Պատմեց Ֆրանսիայում ապրող հայերեն չխոսող հայուհու ու նրա թխած հացի մասին, որն ամենաթանկ պարգևն էր Ավետիքի համար այդ օտար երկրում:
Մյուս «շեղվողը» խոսեց Իսահակյան- վրիժառուի մասին, ով ակտիվ մասնակցություն է ունեցել «Նեմեսիս»-ի կազմած և իրականացրած մի շարք կարևոր պլան-գործողություններին, այդ թվում՝ Թալիաթի սպանությանը:
Բոլորս էլ գիտենք, որ անթերի մարդ չի լինում, նույնիսկ եթե նա հանճար է: «Շեղվողներից» տիկին Մայրանուշն էլ խոսեց Իսահակյանի թերությունների մասին, որոնք տարբեր աղբյուրներից հայտնի են դարձել մեզ, և պատմեց, որ Ջիվանու « Քանքարավոր ընկեր» տաղը նվիրված է եղել Իսահակյանին:
Գրեթե ողջ երեկոյի ընթացքում հնչեցին հայտնի ու սիրված երգեր, որոնցից չեմ կարող չառանձնացնել մեր Հերմինեի « Բինգյոլը»-ը:
Սերը գերագույն երջանկություն է՝ իր բոլոր դրսևորումներով. լինի երկու սիրող սրտերի, ծնողական թե որդիական, միևնույն է, երջանկություն է: Իսկ այդ օրվա մեր միջոցառումը մեր բոլորի մեծ սիրո գրավականն էր մեր սիրելի բանաստեղծի, ինչու չէ, նաև մեր հոգու մեծարանքի՝ մեր հայրենիի հանդեպ:
Մշակույթի կենտրոնի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝
Անի Կիրակոսյան
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ