ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Յուրաքանչյուր ոք տարբեր է»․ մյուզիքլի պրեմիերա «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում

Դեկտեմբերի 20, 2018
Դպրոցական անցուդարձ

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում  մեծ  ուշադրություն է դարձվում օտար լեզուների խորացված ուսուցմանը, իսկ վերջին տարիներին էլ ավելի է մեծացել հատկապես գերմաներենի հանդեպ հետաքրքրվածությունը: Գերմաներենի և գերմանական մշակույթի դերը արժևորվում է ոչ միայն ուսումնական, այլև արտաուսումնական գործընթացներում: Կրթահամալիրում ամեն ուսումնական  տարի բացվում է  գերմաներենի խորացված ուսուցմամբ առաջին դասարան: Կրթահամալիրը համագործակցում է գերմանական կրթական մի շարք կազմակերպությունների հետ՝ իրականացնելով տարբեր ծրագրեր և նախագծեր, աշակերտները մշտապես ակտիվ մասնակցում են օլիմպիադաների և բազմաբնույթ միջազգային մրցույթների:  

Վերջերս «Փոքրիկ Իշխան»  կրթահամալիրում տեղի ունեցավ Գյոթեի ինստիտուտի «Յուրաքանչյուր ոք տարբեր է»  (Jeder ist anders) մյուզիքլի պրեմիերան: Այն հագեցած էր գեղարվեստական լուծումներով, սաների դերասանական վարպետությամբ և գերմաներենի ճիշտ հնչողությամբ: Ցերեկույթին ներկա էին Հայաստանում ԳԴ-ի արտակարգ և լիազոր դեսպան  պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերն իր տիկնոջ և որդու հետ, դեսպանության մշակութային և տնտեսական համագործակցության հարցերով կցորդ Յակոբ Ցիգլերը, Հայաստանում «Գյոթե կենտրոնի»  դասավանդման փորձագետ տիկին Դանա Շլուխթմանը, Արտասահմանյան դպրոցների հարցերով կենտրոնակայանի հայաստանյան ներկայացուցիչ Բենիամին Շպեթը, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) աշխատակից Մերի Նավասարդյանը,  ԿԳՆ ներկայացուցիչներ և այլ հյուրեր:  Գերմանախոս հյուրերը  տպավորված էին աշակերտների գերմաներենի  իմացությամբ և դպրոցի մշակութային կյանքի աշխուժությամբ: