ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայրենիքի սերը՝ կյանքից առավել

Հունվարի 21, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը «Հիշողությունը թանկ է ժամանակից» ծրագրի շրջանակներում այցելեցին զոհված ազատամարտիկ, դպրոցի շրջանավարտ Ռուբեն Կամոյի Բաբայանի ծնողներին /նախաձեռնությունը ԴԱԿ Ռիմա Մկրտչյանի/:

Հենց Կապանում էլ ծնվել ու մեծացել է Ռուբեն Բաբայանը: Սովորել է Կապանի թիվ 27 գիշերօթիկ և N13 միջնակարգ դպրոցներում:Հայրենի քաղաքի հետ անչափ կապված ու մեծ ընկերական շրջապատ ունեցող մի տղա, ով 1992թ. օգոստոսի համառ մարտերի ժամանակ էլ զոհվեց: 

Ռուբենի ծնողները ջերմ էին ու գրկաբաց, որդուն ևս սովորեցրել էին լինել այդպիսին, ինչի շնորհիվ նա վայելում էր ընկերների սերն ու հարգանքը: Ծնողներն ապրում են իրենց որդու հուշերով, հպարտանում նրա հերոսական ծառայությամբ։ Ռուբենի նկարների կողքին շարված էին նրա մեդալները,իսկ նկարների ալբոմում էլ ժամանակն էր կանգ առել: Խոսելիս մայրը մի պահ լռում էր, խոսակցությանը միանում էր հայրն ու ասում. «Չգիտեմ՝ մինչեւ հիմա էլ չենք զգում, որ նա չկա, ոնց որ դեռ սպասենք»:

Հայրենասիրությունը Ռուբենի մեջ էր, բայց նա մեկն էր այն երիտասարդներից, ով հայրենիքի մասին բարձրագոչ ճառեր չէր ասում, այլ լռելյայն իր գործն էր անում: Հերոսի անկյունը զբաղեցնում էր հյուրասենյակի մի մեծ հատված. հենց հյուրասենյակի, որպեսզի այստեղ էլ Ռուբենի ներկայությունն ավելի շատ զգացվի: Ամեն մի իրը նրա կյանքի մի շրջանն էր ներկայացնում. մեդալները, բանակային համազգեստը, նամակներն ու նկարները, որոնցից իրեն բնորոշ հանդարտ ու հմայիչ ժպիտով ներկաներին էր նայում մեր հերոսը:

Հերոսները գրքերում ու ֆիլմերում չեն, նրանք ապրում են մեր կողքին: Առօրյա կյանքում սովորական տղաներ են, բայց, երբ վտանգվում է հող հայրենին, այս տղաները առյուծ են դառնում ու հայրենիքի համար չեն խնայում ամենաթանկը՝ կյանքը:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան