ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արայիկ Հարությունյանը հյուրընկալել է վանաձորցի աշակերտներին

Մարտի 11, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հյուրընկալել է Վանաձորի թիվ 1 և թիվ 6  հիմնական դպրոցների աշակերտներին, ովքեր օրերս առաջին օգնություն էին ցուցաբերել ավտովթարից տուժած քաղաքացիներին, կանխել վթարված մեքենայի հրդեհը, զանգել շտապ օգնություն և փրկարար ծառայություն: Տղաներից երկուսը`  Էդմոն Քոչարյանն ու Էդիկ Ղարաքեշիշյանը սովորում են Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ (բ), երրորդը` Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցի 7-րդ (բ) դասարաններում: Դեպքը հանրային մեծ արձագանք է ստացել և առիթ  հանդիսացել, որ նախարարը նրանց հրավիրի հանդիպման. «Ուզում էի, անպայման, ծանոթանալ և զրուցել ձեզ հետ: Մեզ համար կարևոր է, որ երեխաները դպրոցում ստանան այնպիսի հմտություններ և գիտելիքներ, որոնք  նաև առօրյա կյանքում ունեն կիրառական նշանակություն: Սա նախարարությունը դիտարկում է առաջնային հարց` կրթության արդյունավետության տեսանկյունից»,- նշել է նախարարը և առանձնահատուկ շնորհակալություն հայտնել զինղեկ Արկադի Մարտիրոսյանին` արդյունավետ մասնագիտական աշխատանքի համար: « Դպրոցներում այսօր բազմաթիվ խնդիրներ կան,  որոնք լուծում են պահանջում: Մենք հաճախ լսում ենք արդարացի բողոքներ, որ դպրոցում ստեղծված պայմանները բավարար չափով չեն խթանում մանկավարժի արդյունավետ աշխատանքը:  Կոնկրետ Ձեր դեպքը ցույց է տալիս, որ դպրոցներում մենք ունենք իրենց աշխատանքը լավագույնս կատարող մանկավարժներ: Ձեր աշխատանքի արդյունքը գործնական դրսևորում է ստացել տղաների փրկարարական վարքագծով»,- նշել է Արայիկ Հարությունյանը` դիմելով հանդիպմանը ներկա Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի ռազմագիտության ուսուցչին: Նախարարի խոսքով` իր համար կարևոր է հասկանալ, թե նույն առարկայի դասավանդումը ինչո՞ւ է մի դպրոցում լավ արդյունքներ տալիս, մեկ այլ դպրոցում` ոչ:  Այս համատեքստում նախարար Հարությունյանը կարևորել է դպրոցում դասավանդվող  բոլոր առարկաների, մասնավորապես `  «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացումը և շեշտել, որ դրական փորձն անհրաժեշտ է  փոխանցել նաև մյուս դպրոցներին:

ՀՀ ԿԳ նախարարը Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցին պարգևատրել է նախարարության «Ոսկե հուշամեդալով», աշակերտները և զինղեկը արժանացել են ԿԳՆ պատվոգրերի: Աշակերտները նախարարից ստացել են նաև Technology and Science Dynamics ընկերությանը հայկական արտադրության «Արմթաբ»  համակարգիչներ, որոնք տրամադրվել են արտադրողի կողմից:

Նշենք, որ աշակերտներից երկուսը` Էդմոնդը և Էդիկը Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցում գործող հրշեջ-փրկարար ջոկատի անդամներ են: Ջոկատը ստեղծվել է 2008 թվականից դպրոցի և Արտակարգ իրավիճակների նախարարության համագործակցության ծրագրի շրջանակում: 

Փրկարարական հմտություններ աշակերտները սովորել են դպրոցում`  «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսումնական նյութերի շրջանակում` զինղեկ, արցախյան ազատամարտի մասնակից  Արկադի Մարտիրոսյանի պահանջկոտ, բայց, ինչպես իրենք են խոստովանում, նաև հետաքրքիր դասերի ժամանակ:

Հանդիպման ընթացքում նախարարը Ֆեյսբուք սոցիալական ցանցի ուղիղ  եթերում ներկայացրել է աշակերտներին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն