ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Թևակոխում ենք գլոբալ և համակարգված բարեփոխումների փուլ. Ա. Անափիոսյան

Մարտի 13, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են  միջազային գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ արդեն իրականացվող և նախատեսված ծրագրերը:  Խորհրդակցությունը վարել է ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:  «Ներկայումս մտել ենք գլոբալ և համակարգված բարեփոխումների փուլ, որի հաջողությունը կախված է նաև յուրաքանչյուրիս մասնակցությունից»,-նշել է Արևիկ Անափիոսյանը՝ ներկայացնելով հանրակրթության ոլորտում նախատեսվող բարեփոխումների օրակարգը և յուրաքանչյուր ծրագրի շրջանակում գործընկերների հետ համագործակցությունը:

Մասնավորապես, նախարարի տեղակալն անդրադարձել է այլընտրանքային տարբեր մոդելներով նախադպրոցական կրթական ծառայությունների մատուցման ծրագրին՝ ընդգծելով, որ դրա շրջանակում նախարարության հիմնական գործընկերն է հանդիսանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը: Արևիկ Անափիոսյանի խոսքով՝ որոշ մոդելներ մշակվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից, սակայն որպեսզի դրանք իրականացվեն, անհրաժեշտ է համապատասխան բովանդակություն: «Ներկայումս ունենք նախադպրոցական կրթական ծառայությունների մատուցման այլընտրանքային մոդելների համապարփակ փաթեթ՝ դպրոցահեն, համայնքահեն, տնահեն և շարժական: «ԵՄ-ն քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեք մարզերում նախատեսում է ստեղծել  նախադպրոցական կրթական ծառայություն մատուցող 35 կառույց: ՀՀ 201 համայնքում, որտեղ նախադպրոցական կրթության ոչ մի ծառայություն չի մատուցվել, առաջիկա երեք տարվա ընթացքում պետք է այն ներդնենք: Հետևաբար, առաջարկել ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեր գործընկերներին, որ այդ 35 հաստատությունը նախատեսեն վերոնշյալ համայնքներում: Արդյունքում՝ ավելի արագ կկարողանանաք հասնել նախադպրոցական կրթության ծառայությունների լիարժեք մատուցմանը: ԵՄ-ի հետ իրականացվող այս ծրագիրը խթանելու է նաև կանանց զբաղունակության ապահովմանը մարզերում, ինչպես նաև, օրինակ, մայրերի, տատիկների վերապատրաստմանը և ներգրավմանն աշխատաշուկայում, տվյալ դեպքում՝ այդ ուսումնական հաստատություններում»,-նշել է Արևիկ Անափիոսյանը՝ տեղեկացնելով նաև, որ նախատեսվում է մշակել  կրթության զարգացման ծրագիր, որում գլոբալ թիրախներ կսահմանվեն 2030 թվականի համար: Ծրագիրը կունենա նաև ճանապարհային քարտեզ 2025 թվականի համար, որում կսահմանվեն  միջանկյալ թիրախներ` կապված բյուջեի հետ: Արևիկ Անափիոսյանն անդրադարձել է նաև հանրակրթության պետական չափորոշիչի և առարկայական չափորոշիչների և ծրագրերի բարեփոխումների փաթեթին, որը պետք է իրականացվի Համաշխարհային բանկի և «ԵՄ-ն ի նպաստ նորարարության» ծրագրի շրջանակում: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ բարեփոխումները համակարգային բնութ են ունենալու և պահանջելու են մասնակից բոլոր կողմերի  նվիրումը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն