ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել են հայկական ժառանգության պահպանման և գիտակրթական գործի զարգացման հարցեր

Մարտի 19, 2019
Պաշտոնական

Երուսաղեմ կատարած այցի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, հայկական պատվիրակության մյուս անդամների հետ մասնակցել է Երուսաղեմի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագին։ Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում` Երուսաղեմի Հայոց պատրիարքության հոգևոր հայրերի հետ` լուսարարապետ Տեր արքեպիսկոպոս Սևան Ղարիբյանի գլխավորությամբ։
Հանդիպման օրակարգում Երուսաղեմի Հայոց պատրիարքության և ՀՀ կառավարության միջև համագործակցային ուղիների, ինչպես նաև Երուսաղեմում գործող հայկական կրթամշակութային հաստատությունների մի շարք խնդիրների լուծման առաջարկների քննարկումն էր:
Նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է մասնավորապես Մայր դիվանի` Ձեռագրաց տան և Գյուլբենկյան մատենադարանների գործունեությունը` ընդգծելով պատմամշակութային արժեքների պահպանման անհրաժեշտությունը։ Առաջարկվել է հրավիրել թանգարանագետների և  ոլորտի լավագույն մասնագետների, ովքեր իրենց ողջ մասնագիտական փորձը կներդնեն ի նպաստ Մայր դիվանի շարունակական գործունեության։ Նախարարը մատնանշել է նաև Իսրայելում հայագիտական ամբիոնի բացման կաևորությունը` հայկական մշակութային արժեքների պահպանման գործում։
Թարգմանչաց երկրորդական վարժարանի տեսուչ Նարեկ սարկավագ Աբրահամյանը ներկայացրել է դպրոցի խնդիրները` մասնավորապես շեշտելով արևմտահայերեն դասագրքերի բովանդակային վերանայումն ու հասանելիությունը, «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների մասնագիտական ռեսուրսի պակասը։
Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի տեսուչ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանի հետ քննարկվել են վարժարանի լիցենզավորման և հավատարմագրման հարցերը։ Հանդիպումից հետո հայկական պատվիրակությունը Տ. Սամվել ծայրագույն վարդապետ Աղոյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում։
Նշենք, որ Սուրբ Աթոռի գահակալ, Ամենապատիվ Տ. Նուրհան Արք. Մանուկյան պատրիարքը չի կարողացել հանդիպել պատվիրակության անդամների հետ, քանի որ մեկնել էր Ստամբուլ` մասնակցելու Պոլսո Հայոց պատրիարք  Տ. Մեսրոպ Արք. Մութաֆյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն