ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ակումբների ստեղծման փորձնական ծրագիր

Մարտի 29, 2019
Պաշտոնական

ՀՀ մարզերի և Երևանի 10 հանրակրթական դպրոցներում բացվելու են մասնագիտական կողմնորոշման ակումբներ` սովորողներին ապագա մասնագիտության ընտրության հարցում ուղղորդելու նպատակով: Նախաձեռնությունն  կիրագործվի ՀՀ կրթության և գիտության, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ` «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ»  կազմակերպության հայաստանյան ներկյացուցչության կողմից ԵՄ ֆինանսովորմամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության` հմտություններ ապագայի համար»  տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:

Նախագծի մեկնարկին ընդառաջ Աղվերանում տեղի է ունեցել  «Մասնագիտական կողմնորոշման ակումբների ներդրում և գնահատում ընդգրկված հանրակրթական ուսումնական հաստատությունենրում»  խորագրով աշխատաժողովը: Մասնակիցներին ուղղված  ողջույնի խոսքում` ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշել է, որ մասնագիտական կողմնորոշման  աջակցությունը կրթության  և դաստիարակության կարևոր բաղադրիչ է և աշխարհի շատ երկրների դպրոցներում նման կենտրոններ գործում են. «Առանց մասնագիտական կողմնորոշման կենտրոնների` կրթության հետագա արդյունավետ պլանավորումն ու կարիերայի կառուցումը գրեթե անհնար է: Այսօր աշխարհում շատ արագ փոխվում են մասնագիտությունները. Կա վերլուծություն, որ կարճ ժամանակ անց այսօր դեռևա գոյություն ունեցող շատ  մասնագիտություններ ապագայում այլևս չեն լինի, դրանք պարզապես կվերանան: Այս մարտահրավերների առկայության պայմաններում  ավելի ու ավելի է կարևորվում պատանիների մասնագիտական ճիշտ կողմնորոշումը: Կրթության շարունակականության  պլանավորումն ու մասնագիտական նախնական կողմնորոշումը  պետք է սկսել միջին դպրոցից,  որովհետև բազային հիմնական գիտելիքներն աշակերտը ձեռք է բերում միջին դասարաններում, և այդ ժամանակ են ձևավորվում երեխայի նախասիրությունները: Հենց այս նկատառումներից ելնելով փորձնական ծրագրում ավագ դպրոցներ չեն ընդգրկվել, որովհետև ավագ դպրոցում աշակերտն արդեն պետք է կողմնորոշված լինի և ստանա նախամասնագիտական   հոսքային ուսուցում: Մենք ուսումնասիրել ենք ավագ դպրոցներում աշակերտների հոսքային դասարանների փոփոխությունը, որը ցույց է տալիս, որ երեխաները մեծ մասամբ փոխում են նախապես ընտրած հոսքը `բնագիտականից հումանիտար, կամ հակառակը: Սա նշանակում է, որ երեխաները մինչև վերջ չեն կարողանում կողմնորոշվել մասնագիտության հարցում: Նրանք երբեմն շատ հաճախ մասնագիտություն են ընտրում ծնողների կամ շրջապատի ազդեցությամբ, իսկ կարճ ժամանակ անց հիասթափություն են ապրում»,- նշել է Աշոտ Արշակյանը: Նրա խոսքով ԿԳ նախարարությունը Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի հետ տարիներ շարունակ համագործակցել է` իրականացնելով տարբեր հետազոտություններ և մոդուլների մշակման աշխատանքներ:

Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանն իր զեկույցում ներկայացրել է աշխատաշուկայում գործազրկության և մասնագիտությունների կապի ընդհանուր պատկերը և այս համատեքստում ճիշտ կողմնորոշման կարևորությունը: Նա իր խոսքում նշել է, որ դպրոցներին առաջարկվող  լավագույն  մոդելը մասնագիտական կողոմնորոշման ակումբների ստեղծումն է. «Մեթոդական տեսանկյունից մասնագիտության կոմնորոշման հիմքում դրված է անձի բացահայտումը և ինքնագնահատումը, որը կարող է իրականացվել ինտերակտիվ նոր մեթոդներով` աշակերտի ակտիվ ներգրավման ճանապարհով: Երկրորդ գործոնն աշխատանքի և պատասխանատվության նկատմամբ վերաբերմունքի ձևավորումն է և երրորդը` կարիերայի և ձեռներեցության հմտությունների զարգացումն է»,- նշել է Հայկուհի Գևորգյանը:   

Նշենք, որ աշխատաժողովի ավարտից հետո ծրագրում ընդգրկված դպրոցների մասնագետները եռօրյա վերապատրաստում են անցնելու, դպրոցներում   «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության աջակցությամբ ձևավորվելու են մասնագիտական կողմնորոշման ակումբներ: Դպրոցներում մասնագիտական կողմնորաշման թեմայի շրջանակում  աշակերտներին կմատուցվեն ընդհանուր գիտելիքներ աշխարհում գոյություն ունեցող վերացող և նոր ստեղծվող մասնագիտությունների մասին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն