ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը` ԿԳ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում

Ապրիլի 1, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը: Օրակարգի հարցը՝ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի՝ նոր խմբագրությամբ նախագիծը, ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը: Նրա խոսքով՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքը գործում է 2008 թվականից, սակայն իրավական ակտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտներ են առաջացնում՝ երեխաների կրթության կազմակերպման տեսանկյունից: «Հանրակրթության որակի ապահովման տեսանկյունից կարևորվում է երեխաների վաղ ընդգրկումը կրթական ծրագրերում: Երեխայի բնականոն զարգացումը և որակյալ նախադպրոցական կրթությունը մեծապես պայմանավորում են մարդու հետագա հաջողություններն ու անհաջողությունները կրթական բոլոր մակարդակներում, նպաստում նրա կարողությունների զարգացմանը` միջավայրում հարմարվելու և սոցիալականացման հարցերում: Բազմաթիվ ուսումնասիրությունները փաստում են նաև, որ ներդրումները մանկան վաղ զարգացման և նախադպրոցական կրթության ոլորտներում ունենում են տնտեսական մեծ նշանակություն և երկարաժամկետ հիմնարար ազդեցություն հասարակության և տնտեսության զարգացման վրա»,-նշել է Սյուզաննա Մակյանը՝ ընդգծելով, որ նախադպրոցական կրթության և ծառայությունների շարունակական մատչելիության ապահովման համար օրենքով ամրագրված չեն պետական և համայնքային բյուջեներից հաստատությունների ֆինանսավորման, երեխաների կրթության կազմակերպման, կյանքի և առողջության պայմանների բարելավման, խնամքի և սննդի կազմակերպման համար իրավահարաբերությունները կանոնակարգող նորմատիվային իրավական ակտեր։ Նրա խոսքով՝ քանի որ մանկապարտեզները համայնքային ենթակայության են, և պետբյուջեից ներդրում չի արվում, այն մեծ խնդիրներ է առաջացնում շատ համայնքներում: «Թեև ՀՀ կառավարությունը՝ որպես ռազմավարական նպատակ, որդեգրել և իրականացնում է ավագ նախադպրոցական տարիքի երեխաների համընդհանուր կրթության ապահովման քաղաքականությունը, այնուամենայնիվ, հանրապետության 201 համայնքում առհասարակ չկան նախադպրոցական կրթական ծառայություններ: Բացի այդ, նախադպրոցական ծառայությունների մատչելիությունը խիստ անհավասար է ՀՀ տարբեր տարածաշրջաններում: Օրինակ, սննդի կազմակերպումը յուրաքանչյուր երեխայի համար տատանվում է 50-500 դրամի սահմաններում, որը բերում է լրջագույն անհավասար պայմանների»,-նշել է Սյուզաննա Մակյանը՝ ընդգծելով, որ համընդհանուր ներառման գաղափարը պետք է սկսի իրագործվել նախադպրոցական տարիքից, քանի որ, ըստ բանախոսի, ինչքան վաղ բացահայտվի երեխայի կարիքը, այնքան ավելի արագ կլուծվեն խնդիրները:  Դրա համար, սակայն, անհրաժեշտ են համապատասխան ֆիզիկական միջավայր, մանկավարժների պատրաստում, հասարակության հետ աշխատանք: «Օրենքի նախագծով առաջարկում ենք նախ լիազորությունների հստակեցում, ապա մեկ միասնական ֆինանսավորման մեխանիզմի ստեղծում, որը դժվարագույն կետերից մեկն է լինելու»,-նշել է Սյուզաննա Մակյանը՝ տեղեկացնելով, որ օրենքի՝ նոր խմբագրությամբ նախագիծը լրամշակվել է «Հույսի կամուրջ», «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան», «Դիսըբիլիթի ինֆո» կազմակերպությունների և ՅՈՒՆԻՍԵՖԻ-ի հետ համագործակցությամբ:

Զեկույցից հետո հասարակական խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել հիմնական բանախոսին, որոնք հիմնականում վերաբերել են օրենքի դրույթների իրավական երաշխիքների ապահովման, ծառայությունների ստանդարտացման և երեխաների համար հավասար մրցակցային պայմանների ապահովման, ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի կրթության իրավունքի ապահովման, գյուղական համայնքների մանկապարտեզների, մանկավարժների վարձատրության և այլ խնդիրների:

ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանն անդրադարձել է նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելներին՝ ընդգծելով, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելուց, այն է՝ համապատասխան լիազորությունների սահմանումից հետո, գյուղական վայրերում որոշակի կերպով կլուծվի նախադպրոցական կրթության մատչելիության հարցը: Լուսինե Առաքելյանը նաև նշել է, որ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում հնչեցված առաջարկները՝ և՛ ձևաչափի, և՛ բովանդակության, և՛ թե իրավական տեսանկյունից, կքննարկվեն և տեղ կգտնեն լրամշակված տարբերակում: Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ օրենքի նախագիծն անցնելու է հանրային քննարկումների  շարք, հետևաբար նախարարությունը բաց է ցանկացած առաջարկի համար:

Նիստի ավարտին հասարակական խորհուրդը կայացրել է որոշում՝  «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի՝ նոր խմբագրությամբ նախագծին հավանություն տալու մասին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն