ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մարզային ուսումնական հաստատությունների միջև համագործակցության ընդլայնման նոր հեռանկարներ

Ապրիլի 16, 2019
Պաշտոնական

Կրթության շարունակականությունն ապահովելու, մասնագիտական կրթության որակը բարելավելու, ինչպես նաև քոլեջից բուհ անցումն արդյունավետ կազմակերպելու նպատակով` միջին մասնագիտական կրթական հաստատությունները համագործակցում են բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: Մասնավորապես համագործակցության պայմանագրեր են կնքվել Գավառի պետական համալսարանի և Սևանի բազմագործառութային պետական քոլեջի,  Գյումրու պետական տեխնիկական քոլեջի  և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի միջև:

Գյումրու պետական տեխնիկական քոլեջի  և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է փոխադարձ աջակցություն ցուցաբերել ուսանողների մասնագիտական` նախաավարտական և տեխնոլոգիական պրակտիկաների անցկացման,  աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումների, փորձի փոխանակման հարցերում,  փոխադարձ համաձայնությամբ օգտվել միմյանց նյութատեխնիկական բազայից,  վարել համաձայնեցված կրթական ծառայությունների մատուցման քաղաքականություն` նպաստելով ուսանողների կրթության շարունակականության ապահովմանը:

Գավառի պետական համալսարանի և Սևանի բազմագործառութային պետական քոլեջի միջև համագործակցության պայմանագրով կողմերը պարտավորվել են համագործակցել տարբեր ուղղություններով` սահմանված կարգով կազմակերպել քոլեջի բարձր առաջադիմությամբ շրջանավարտների կրթության շարունակումը համալսարանում այն մասնագիտություններով, որոնցով թույլատրվում է քոլեջից համալսարան շարունակական կրթության իրականացում։

Նշենք, որ Գավառի պետական համալսարանը համագործակցության պայմանագրեր է կնքել նաև Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջի, Լճաշեն գյուղի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ, Երանոս գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցների հետ:

Համալսարանը, մասնավորապես, պարտավորվում է նշված դպրոցների աշակերտների համար ԳՊՀ բնագիտության լաբորատորիայում կազմակերպել բնագիտական առարկաների գործնական և լաբորատոր պարապմունքներ, ինչպես նաև պատմություն առարկայի որոշ դասաժամեր անցկացնել համալսարանի՝ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն