ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վերամասնագիտացում` աշխատաշուկայի պահանջներին համապատասխան

Ապրիլի 17, 2019
Պաշտոնական

Հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջները, ինչպես նաև ՀՀ կառավարության հանձնարարականը` վերամասնագիտացման ուսումնական գործընթաց կազմակերպելու վերաբերյալ, Կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում միջազգային կազմակերպությունների,  բարեգործական ընկերությունների աջակցությամբ,   ինչպես նաև մասնավոր հատվածի ներգրավմամբ իրականացվում են կարճաժամկետ դասընթացներ` տարբեր մասնագիտություններով:

Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջում կազմակերպվել է  «Եռակցող» մասնագիտության կարճաժամկետ դասընթաց,  մասնակիցները ստացել են մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող վկայականներ։
Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջի և «Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք» ՀԿ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, ըստ որի քոլեջում կհիմնվի եռաչափ մոդելավորման լաբորատորիա, որը տեղի երիտասարդությանը հնարավորություն կտա ինտեգրվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին։ Շուտով կմեկնարկեն 3D մոդելավորման դասընթացներ, որին կարող են մասնակցել Եղեգնաձոր քաղաքի և հարակից համայնքների երիտասարդները։ Ենթադրամաշնորհն իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ՔՀ «Կամուրջ» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջը և   «Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք» ՀԿ-ն համատեղ կազմակերպում են 3D մոդելավորման (3D modeling) դասընթացներ Rhinoceros ծրագրի հիման վրա։
Ընդհանուր տևողությունը` 6 ամիս, որից առաջին 3 ամիսը կլինի նախնական հիմունքների ուսուցում, իսկ հաջորդը` արտադրական պրակտիկա ինժեներական լաբորատորիայում։ Դասընթացին մասնակցում են 17-ից 35 տարեկան երիտասարդներ: Լավագույն ուսանողներին կառաջարկվի աշխատանք, ինչպես նաև կտրվի  պրակտիկայի և ուսման հնարավորություն արտերկրում: Ենթադրամաշնորհն իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ՔՀ «Կամուրջ» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
Նոյեմբերյանի պետական քոլեջի, «Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք» ՀԿ-ի և Տավուշի մարզպետարանի միջև  ստորագրվել է համագործակցության եռակողմ հուշագիր,  որով նախատեսվում է Նոյեմբերյանի պետական քոլեջում բացել եռաչափ մոդելավորման ժամանակակից լաբորատորիա և խմբակ` «Մարզային համայնքների զարգացումն ու հզորացումը տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով»  ծրագրի շրջանակում: Քոլեջում կիրականացվի  եռաչափ մոդելավորման վճարովի դասընթաց: Հուշագրով մարզպետարանը պատրաստակամ է աջակցել ծրագրի ընթացքում ծագած խնդիրների արդյունավետ լուծմանը, նոր ուսանողների ներգրավմանը և համայնքներում գաղափարի տարածմանը: Նպատակն է` ստեղծել հավասար հնարավորություններ ՏՏ ոլորտում ներգրավվել ցանկացող բոլոր անձանց համար՝ վերջիններիս տալով համապատասխան գիտելիքներ,  ըստ հնարավորության  ապահովել աշխատանքով, նպաստել սահմանամերձ բնակավայրերի ներքին կյանքի ակտիվացմանը՝ դրանով իսկ երկրի սահմանների ամրապնդմանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն