ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանիք» կենտրոն. կրթական ծրագիր Շիրակի մարզի գյուղական համայնքներում

Ապրիլի 17, 2019
Լուրեր կազմակերպություններից

Ապրիլի 15-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը մեկնարկեց ««Ընտանիք»-ն անիվներ վրա» կրթական ծրագիրը: Այս տարի ծրագրի «թիրախում» են Շիրակի բարձրադիր, հեռավոր և սահմանամերձ գյուղական համայնքները՝ Ձորաշենը, Մուսայելյանը, Անիպեմզան, Անի կայարանը, Լեռնակերտը, Պեմզաշենը, Զորակերտը, Ամասիան, Բանդիվանը, ինչպես նաև Գյումրու հանրակրթական դպրոցները:

Ծրագիրը նպատակ ունի համայնքներում բացահայտել արհեստի և արվեստի ոլորտում նախընտրելի մասնագիտությունները, նպաստել ազգային արհեստի և արվեստի տարածմանն ու պահպանմանը, ուղղորդել դեռահասներին մասնագիտական կողմնորոշման հարցում և նպաստել նրանց կարողությունների բացահայտմանը և կարևորել արտադպրոցական կրթության դերը դեռահասների համակողմանի և ներդաշնակ զարգացման գործում:

Կենտրոնի մասնագետները ու շնորհալի սաներն իրենց փորձը, գիտելիքներն ու հմտությունները փոխանցեցին համայնքների մանկավարժներին և դեռահասներին: Վերջիններս ոգևորված ու խանդավառված, մեծ հետաքրքրությամբ ու սպասումով մասնակցեցին արհեստի ու արվեստի տարբեր ճյուղերի՝ գեղանկարչության, ուլունքագործության, խեցեգործության, կարպետագործության, ասեղնագործության, գոբելենագործության, բատիկայի, վիտրաժային նկարչության, փայտարվեստի, ռադիոէլեկտրոնիկայի, մարտական արվեստի, պարարվեստի դասերին: Դեռահասների հետ համատեղ մանկավարժները ևս մասնակցեցին գործնական վարպետաց պարապմունքներին: Ծրագրի շահառուները հնարավորություն ունեցան ընդլայնել իրենց հետաքրքրությունների շրջանակը, բացահայտել նախասիրություններն ու ունակությունները:  Նրանից շատերն առաջին անգամ էին ծանոթանում արհեստի ու արվեստի ոլորտում տարբեր մասնագիտությունների: Դեռահասների և մանկավարժների հավաստմամբ համայնքներում առկա են երեխաների զբաղվածության ապահովման և ինքնարտահայտման հնարվորություն ընձեռելու խնդիրներ։ Այս առումով կարևորվեց նմանատիպ ծրագրերի անցկացումը համայնքներում:

Դպրոցականների ցանկությունն ու առաջարկը մեկն էր՝ ծրագիրը լինի շարունակական, որով կապահովվի իրենց նպատակային զբաղվածությունը: 

«Ձեր այցն այսօր մեծ հետաքրքրություն առաջացրեց աշակերտների շրջանում: Նրանք հաճույքով մասնակցեցին դասերին: Որպես մանկավարժ շատ բարձր եմ գնահատում նման այցերի կազմակերպումը, որոնք օգնում են մասնագիտական կողմնորոշման և գեղագիտական ճաշակի զարգացման հարցում: Ցանկալի է, որ նման այցելությունները լինեն հաճախակի: Շնորհակալություն մեր համայնքն ընդգրկելու և ուշադրության արժանացնելու համար»,-իր կարծիքն արտահայտեց Ձորաշենի միջնակարգ դպրոցի մանկավարժ Նարինե Մարտիրոսյանը:

Նշենք, որ ծրագրի 1-ին փուլը կշարունակվի մինչև մայիսի 10-ը:

 Հ. Սարգսյան