ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Թումանյանական «Անուշը» «Ընտանիք» կենտրոնի բեմում

Մայիսի 6, 2019
Լուրեր կազմակերպություններից

Կանչում է կրկին, կանչում անդադար
Էն չքնաղ երկրի կարոտը անքուն,
Ու թևերն ահա փռած տիրաբար`
Թռչում է հոգիս, թռչում դեպի տուն…

Հ.Թումանյան

Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում շարունակվում են Ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանական 150-ամյակին նվիրված միջոցառումները:

Ապրիլի 26-ին «Կախարդական գրչի վարպետը» խորագրով ծրագրի շրջանակում կենտրոնի երգարվեստի, պարարվեստի և թատերական արվեստի խմբակների սաների մասնակցությամբ բեմադրվեց Հ. Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա Արմեն Տիգրանյանի գրած համանուն օպերայից հատվածներ:

Բեմականացման ընթացքում սաներին հաջողվեց  դահլիճին հաղորդել թումանյանական շունչն ու հուզել հանդիսատեսին:   Գլխավոր դերերգերով հանդես եկան երգարվեստի խմբակի սաները. Հարություն Մկրտչյանը՝ Սարոյի, Նորայր Հակոբյանը՝ Մոսիի, Կարինե Տիգրանյանը՝ Անուշի դերերում:

Ներկայացման սկզբում հնչեց օպերայի նախերգանքը, որին հաջորդեց Սարոյի արիան՝ «Աղջի անաստված»: Հանդիսատեսին ներկայացվեց «Ամպի տակից», «Համբարձում»,  «Քյոխվա պար»-ն ու կոխի տեսարանները, Մոսիի և Անուշի զուգերգը:

Սաները կարողացան իրենց խաղով ցուցադրել հին հայկական, նահապետական կենցաղով ապրող գյուղի կյանքը, կենցաղը, սովորույթները, ժողովրդի հոգեբանությունն ու մտածողությունը, որին և զոհ դարձան Թումանյանի հերոսները՝ Անուշը, Սարոն և Մոսին: Սաների շուրթերից  գեղեցիկ հնչեց նաև «Ֆինալ»-ը՝ «Արի Անուշ, վուշ-վուշ Անուշ» հատվածով:

Ներկաները տպավորված էին, հուզված և ոգեշնչված թումանյանական կերպարներով և տիգրանյանական հնչյուններով:

Երգարվեստի խմբակի խմբավար՝ Ա. Թանաշեան