ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանիք» կենտրոն. Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառում

Մայիսի 3, 2019
Լուրեր կազմակերպություններից

«Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը,
մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»:
Կոմիտաս

Ապրիլի 29-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի պարարվեստի խմբակների սաները խմբավար-պարուսույցներ Մուրադ Թորոսյանի և Քրիստինա Մանուկյանի ղեկավարությամբ մասնակցեցին Գյումրու «Սև Ամրոց» համալիրում անցկացված ամենամյա մարզային փառատոնին, որը նվիրված էր Պարի միջազգային օրվան և հայկական պարարվեստի հիմնադիր Վահրամ Արիստակեսյանի 120-ամյակին:

Փառատոնի կազմակերպիչն էր Գյումրու պարարվեստի դպրոցի տնօրեն Սամվել Գասպարյանը, որին մասնակցում էին Շիրակի մարզի տարբեր համայնքների շուրջ 30 պարային խմբեր:

Կենտրոնի «Ընտանիք» պարային համույթը հանդես եկավ «Լոռվա հովեր» կատակ պարով, իսկ կրտսեր սաները, որոնց անդրանիկ ելույթն էր մեծ բեմում, ներկայացան «Մախմուր աղջիկ» և «Իմ անուշ տավիղ» պարային բեմադրություններով:

Փառատոնի ավարտին պարգևատրվեցին կենտրոնի պարուսույցները. Մուրադ Թորոսյանը՝ Հայաստանի Ազգային Պարարվեստի Միության կողմից՝ պարարվեստում արձանագրած հաջողությունների ու ձեռքբերումների, իսկ Քրիստինա Մանուկյանը՝ Գյումրու պարարվեստի դպրոցի կողմից՝ անբասիր աշխատանքի համար: Մարզային փառատոնին ակտիվ մասնակցության համար խրախուսվեցին նաև սաները:

Պարարվեստի միջազգային օրվան նվիրված տոնակատարությունը շարունակվեց նաև ապրիլի 30-ին «Ընտանիք» կենտրոնում՝ «Մեր մշակութային ժառանգությունը» խորագրով միջոցառմամբ:

Ցերեկույթին ներկա էին պարարվեստի ոլորտի ներկայացուցիչներ, մանկավարժներ, ծնողներ և սաներ:

Բեմում տիրում էր իսկական «պարային հրավառություն»: Կենտրոնի տարբեր տարիքային խմբակների սաները հանդես եկան հայկական ազգային, ժողովրդական պարային բեմադրություններով: Միջոցառման ամբողջ ընթացում դահլիճում տիրում էր տոնական տրամադրություն, աշխուժություն և ոգևորվածություն:

Միջոցառման ընթացքում սաները ներկայացրին հայկական պարարվեստի երախտավորներին և նրանց թողած ավանդը, դերն ու նշանակությունը ժամանակակից պարարվեստի զարգացման գործում:

Մայիսյան եռատոնին ընդառաջ դեռահասները հանդես եկան նաև հաղթական, խրոխտ ու ոգեշունչ պարերով՝ արտահայտելով հայի հերոսական ու անպարտելի ոգին:

Միջոցառման ավարտին պարարվեստի բոլոր խմբակները ներկայացան միասնական «Քոչարի»-ով՝ տոնելով մայիսյան փառահեղ հաղթանակները:

Գեղարվեստական մասի վարիչ՝ Հ.Սարգսյան