ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2019 թվականին նախատեսում է մի շարք գերակա խնդիրներ լուծել և գնալ 2018 թվականին սկսված բարեփոխումների իրագործման: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց 2019 թվականին գերատեսչության առջև դրված գերակա խնդիրները, խոսեց առաջիկա ծրագրերից, բարձրագույն, միջին մասնագիտական և մասնագիտական ոլորտներից և մի շարք այլ հարցերից:
-Ինչպիսի՞ գերակա խնդիրներ է դրել իր առջև նախարարությունը 2019 թվականին: Ի՞նչ ճանապարհով եք պատրաստվում դրանք իրականացնել: Ինչպիսի՞ մարտահրավերների է առնչվում գերատեսչությունը:
-Բոլոր ուղղություններով էլ անելիքներ ունենք: Հանրակրթական համակարգում պետք է ավարտենք ոլորտի գույքագրումը և արդեն ավարտենք չափորոշիչների և ծրագրի մշակումը: Կարծում եմ, որ ամենամեծ բողոքներն ու խնդիրները գալիս են հենց այստեղից:
Հանրակրթության ոլորտում ևս մեկ առաջնահերթություն ունենք՝ կառավարման մոդելների առաջարկն է: Մշակել ենք մի մոդել, որը շրջանառության մեջ է և ենթադրում է դպրոցների խորհուրդների ձևաչափի փոփոխություն և նոր մեթոդով տնօրենների ընտրության մրցույթի կազմակերպում: 12-ամյա կրթության վերաբերյալ բողոքներ կան և հիմնականում վերաբերում են ավագ դպրոցներին: Ներկայում մենք մի շարք ծրագրեր ենք իրականացնում բովանդակային առումով: Խնդիրներ կան նաև ավագ դպրոցների ֆիզիկական պայմանների հետ կապված: 2008 թվականից սկսած, երբ մենք անցում կատարեցինք 12-ամյա կրթության՝ ֆիզիկական պայմաններով ամենավատ հաստատությունները բաժին ընկան ավագ դպրոցներին: Այժմ մենք իրականացնում ենք և շարունակում ենք դպրոցաշինության ծրագիրը: Անցյալ տարի շահագործման է հանձնվել 5 ավագ դպրոց, այս տարի սկսվում է 7 ավագ դպրոցի հիմնակառուցում: Կան դպրոցներ, որոնք զրոյից են կառուցվելու: Առաջին հերթին ուշադրություն է դարձվում ֆիզիկական պայմաններին, լսարանին և սեյսմիկ անվտանգությանը: Հայաստանի դպրոցների զգալի հատվածը սեյսմիկ առումով անվտանգ չէ, և կան տարբեր աստիճանի խնդիրներ: Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ծրագրով հաստատվել է ավելի քան 40 դպրոցի ծրագիր: Անցյալ տարի շահագործման հանձնված 5 ավագ դպրոցն էլ մարզերում են եղել, այս տարվա 7 դպրոցից 4-ը նույնպես կլինեն տարբեր մարզերում, իսկ մյուս 3-ը՝ Երևանում:
Բովանդակության վրա ազդելու առումով այս տարի նախատեսում ենք ավագ դպրոցները հագեցնել ժամանակակից լաբորատորիաներով՝ շուրջ 100 ավագ դպրոց կստանա մոտ 300 լաբորատորիա՝ հիմնականում բնագիտական ոլորտից՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և աշխարհագրության: Նախադպրոցական կրթության ոլորտում մի շարք խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծենք: Մասնավորապես, նոր նախակրթարանների բացում, նոր մոդելների առաջարկում մանկապարտեզներին և դրանց իրագործում, նախադպրոցական կրթության մասին օրենքի ընդունում: Շուտով այդ օրենքի նախագիծը, որը կարգավորելու է նախադպրոցական կրթական հաստատությունների աշխատանքներն ու մեր քաղաքականությունն այդ ոլորտում, կդրվի շրջանառության մեջ և կքննարկվի:
Բարձրագույն կրթության ոլորտում ունենք մի օրենքի նախագիծ, որը միավորվել է գիտության մասին և գիտահետազոտական գործունեության մասին օրենքներին: Սրա անհրաժեշտությունն առաջացել է, երբ ակնհայտ է դարձել, որ ԲՈւՀ-երը և հետազոտությունը միմյանցից անջատ են, և դրա պատճառով գիտությունը դուրս է մնացել ԲՈւՀ-ական համակարգից: Նման իրավիճակում մենք ունենում ենք խնդիրներ. այս համակարգում ընկնում է կրթական մակարդակը, որովհետև հետազոտական և նորարարական կոմպոնենտն այնտեղ բացակայում է: Ուսուցիչների վերապատրաստման համակարգը փոփոխություն կկրի: Այժմ մի քանի մոդել ենք քննարկում: Ներկա պահին վերապատրաստումները դադարեցված են, որպեսզի մենք նախորդ համակարգի անարդյունավետ վերապատրաստումների պրակտիկան չշարունակենք, և գումարները հատկացվեն ավելի նպատակային ու արդյունավետ ծրագրերի: Մենք բավականին մեծ բյուջե ունենք՝ վերապատրաստումների միջոցով աշխատավարձերի բարձրացման համար: Այս տարի, տարվա երկրորդ կեսին կսկսենք «Ուսուցիչ» ծրագիրը, որի արդյունքում հաջողությամբ վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը շուրջ 50 տոկոսով կբարձրանա: Այստեղ շատ ուղիղ կապ է դրած որակ-վարձատրություն հասկացությունների միջև: Կարծում ենք, որ սա հանրակրթության ոլորտում դրական առումով ազդեցություն կունենա կրթության որակի վրա:
-Կառավարության ծրագրում hանրակրթության ոլորտում մի քանի նպատակ կա, որոնք վերաբերում են փոքրաթիվ աշակերտական կազմ ունեցող դպրոցներին, մարզերում տարրական դասարանների աշակերտների կայուն դպրոցական սննդին և այլն: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու այս ամենն իրագործելու համար և ի՞նչ ժամկետներում ավարտին կհասցվեն:
-Այժմ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը փոխանցվում է ՀՀ կառավարությանը, այսինքն՝ անցում է կատարվում ազգային ծրագրի: Գործադիրն ազգային ծրագիրն ամբողջությամբ իրականացնում է 5 մարզում՝ Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի, Արարատի և Շիրակի. վերջինն ընդգրկվել է 2018 թվականին: Այս տարի կներառվի նաև Արագածոտնի մարզը: Մինչև 2023 թվականը ազգային ծրագիրն ամբողջությամբ կիրականացնի կառավարությունը՝ ողջ երկրի տարածքում:
Ներկայում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը դեռևս դպրոցական սնունդ է ապահովում Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Լոռու մարզերում:
Կարծում եմ սա ամենակարևոր ծրագրերից է, որ իրականացվում է հանրակրթության ոլորտում: Երեխաների ճիշտ և ժամանակին սնվելու ու կրթական որակի միջև անմիջական կապ կա: Մենք այս ծրագիրը շարունակելու ենք և վերջերս էլ հանդիպում ենք ունեցել մեր գործընկերների՝ մասնավորապես Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների հետ, որոնք ֆինանսավորում և կազմակերպում են այս ծրագիրը: Մեր գործընկերներն արձանագրում են, որ Հայաստանում այս ծրագիրը բավականին հաջող է իրականացվում, և մեր երկիրը կարող է դառնալ առաջինը, որտեղ ամբողջությամբ ներդրվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը: Իրականացման ընթացքում կան խնդիրներ և բարդություններ, որոնք պետք է հաղթահարենք, մասնավորապես վերապատրասման, տեղում սննդի կազմակերպման, սննդի մատակարարման, ծնողական համայնքների ներգրավման հետ կապված:
Ինչ վերաբերում է մարզերում փոքրաթիվ աշակերտական կազմ ունեցող դպրոցներին, ասեմ, որ մի քանի օր առաջ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում, որտեղ հավաքվել էին ՀՀ բոլոր մարզպետները, քննարկել ենք կրթական ոլորտի տարբեր խնդիրներ, այդ թվում բարձրացրել ենք հենց այդ հարցը: Մենք չենք փակելու այդ դպրոցներն ու վերջ, այլ նպատակ ունենք դպրոցները վերածել կրթամշակութային կենտրոնների: Պետությունը պետք է հնարավորություն ստեղծի նման կենտրոնների միջոցով կրթական մակարդակն ավելի բարձրացնելու ոչ միայն աշակերտների, այլև մեծահասակների շրջանում:
Քննարկում ենք շատ մոդելներ՝ բազմահամակազմ դասարաններից (բազմահամակազմ դասարանը տարբեր դասարանների առարկայական ծրագրեր յուրացնող սովորողներից բաղկացած ուսումնական խումբ է) խուսափելու համար, որպեսզի կրթական պրոցեսն ավելի արդյունավետ իրականացվի: Այս պահին դպրոցների փակման հարց չի քննարկվում՝ բացառությամբ մեկի կամ երկուսի, որտեղ մեկ կամ երկու երեխա է սովորում: Դպրոցների փակումը մեզ համար ամենևին էլ ինքնանպատակ չէ, մենք հասկանում ենք դպրոցի առկայությունը գյուղի կամ համայնքի գոյության կարևոր գրավականներից մեկն է: Եթե որոշ դպրոցներ փակվեն, գործողները բավականին մոտ կլինեն դրանց և դժվարություն չի առաջանա կողքի դպրոց գնալու: Այնուամենայնիվ, մենք նախատեսում ենք նաև լուծել տրանսպորտային հարցը: Առաջիկայում մարզպետների հետ պետք է հանդիպում ունենանք միայն կրթական ծրագրերի վերաբերյալ, որը կլինի բովանդակային և հիմնարար:
-Դուք եղել եք Հայաստանի տարբեր մարզերում և մի շարք դպրոցներում, որտեղ բախվել եք շատ կարևոր մի խնդրի ու բարձրացրել այդ հարցը: Շատ համայնքներում հաշմանդամություն ունեցող աշակերտների համար կառուցված չեն համապատասխան թեքահարթակներ՝ ինքնուրույն դպրոց մուտք գործելու համար կամ դրանք այնքան էլ հարմարավետ ու մատչելի չեն: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ խնդրին լուծում տալու համար:
-Այս տարի Երևան քաղաքում և 2 մարզում մենք անցում ենք կատարում ներառական կրթության համակարգին: Մատչելիության հետ կապված մի շարք խնդիրներ ունենք, և այս ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում: Նորակառույց և վերանորոգվող ուսումնական հաստատություններում պարտադիր պայման է դրվում՝ ապահովել դպրոց մուտք գործելու և ներսում տեղաշարժվելու մատչելիությունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Բացի այդ, այս պահին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ ծրագիր ենք իրականացնում Սյունիքի մարզում և շարունակությունը կլինի ևս մեկ մարզում, որտեղ հիմնանորոգումներ են իրականացվում հենց դպրոցների մատչելիության ուղղությամբ: Նախատեսում ենք նաև ռեսուրս կենտրոններ ունենալ այդ դպրոցներում ներառական կրթության համար: Նոր ուսումնական հաստատություններին հիմնական պահանջը դրանց մատչելիության բարձրացումն է, և տարբեր ծրագրերի միջոցով վերանորոգման աշխատանքներն իրականացվում են հենց այս ուղղությամբ: Այստեղ նաև լուրջ կրթական բաղադրիչ կա, որովհետև շատ հաճախ կրթական գործընթացը կազմակերպողները համապատասխան գիտելիք չունենալու պատճառով իրենց ուսումնական հաստատություններում չեն նկատում այդ խոչընդոտները: Տարբեր վերապատրաստումների միջոցով պետք է սա իրականացնենք:
-Ինչի՞ն են միտված լինելու մասնագիտական, միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները:
-Մասնագիտական և միջին մասնագիտական կրթության վերաբերյալ ասեմ, որ նախորդ տարի մի շարք ընկերությունների հետ երկկողմ պայմանագրեր են կնքվել որոնք, ըստ էության, այս ոլորտում ամրապնդում են բիզնեսը: Մենք մեզ համար ֆիքսել ենք, որ ոլորտի առողջացման ամենակարևոր գրավականներից մեկը գործատուների հետ համագործակցությունն է: Այլ կերպ մենք չենք կարող հասկանալ ոլորտում մեր առաջնահերթությունները, հետևաբար չենք կարող ապահովել այդ ոլորտի զարգացումը:
Նախորդ տարի 6 պայմանագիր արդեն ստորագրվել է, նմանատիպ 6 պայմանագիր նախատեսվում է ստորագրել նաև այս տարի: Շուտով համագործակցության հուշագիր ենք ստորագրելու գերմանական Knauf ընկերության հետ: Կարծում եմ, որ մասնագիտական և միջին մասնագիտական կրթության համակարգի հիմքում պետք է դրվի դուալ կրթությունը: Այս առումով մենք համագործակցում ենք մեր եվրոպացի մի շարք գործընկերների հետ, որովհետև այնտեղ նրանք ունեն կայացած համակարգեր: Նրանց լավագույն փորձը Հայաստանում ներդնելը շատ կարևոր է: Բարձրագույն կրթության ոլորտում մի շարք առաջնահերթություններ ունենք:
Մենք խնդիրներ ունենք տարբեր ԲՈւՀ-երում կրկնվող մասնագիտությունների համար պետպատվերով հատկացվող գումարների հետ կապված: Պետությունը լրացուցիչ մեծ ռեսուրսներ է ծախսում նմանատիպ կրթություն մատուցող տարբեր հաստատություններում և անհրաժեշտություն կա լուծելու արդյունավետության խնդիրը:
Մի շարք կարգավորումների անհրաժեշտություն կա հատկապես մասնավոր բժշկական ԲՈւՀ-երի հետ կապված: Անցյալ տարի մեծ աղմուկ եղավ՝ կապված Իսրայելում հայտնաբերված կեղծ բժշկական դիպլոմների հետ: Ցավոք սրտի, մեր օրենսդրությունն այս պահին հնարավորություն չի տալիս համարժեք արձագանք տալ նման գործունեություն իրականացնող ԲՈւՀ-երին: Օրենսդրական կարգավորումներով մենք կկարողանանք ավելի լուրջ գործիքներ ունենալ՝ ֆիքսելու այն ապօրինությունները, որոնք, հնարավոր է, կատարվում են մեր համալսարաններում: Իսրայելցիներից մենք խնդրել ենք ուղարկել ապացույցներ, որպեսզի Հայաստանում կարողանանք ավելի հեշտ աշխատանք տանել այդ ուղղությամբ:
ԲՈւՀ-երի հոգաբարձուների խորհուրդները նոր են ձևավորվել և դրանց տրամաբանությունը փոխվել է ու ըստ էության ամբողջությամբ կամ հիմնականում ապաքաղաքական են: Խորհուրդների ղեկավարներ ընտրվել են մարդիկ, ովքեր հասարակական տարբեր հատվածներում լուրջ աջակցություն ունեն և դրական առումով կարող են ազդեցություն ունենալ ԲՈւՀ-երի հոգաբարձուների խորհուրդներում աշխատանքի կազմակերպման և որոշումներ կայացման վրա: Այս ուղղությամբ 2019 թվականին գնալու ենք 2018 թվականին սկսված բարեփոխումների իմպլեմենտացիայի:
-Տարբեր ԲՈւՀ-երում կրկնվող մասնագիտությունների համար պետպատվերով հատկացվող գումարների հետ կապված խնդիրն ինչպե՞ս եք պատրաստվում լուծել:
-Մենք արհեստական այդ ամենը չենք հրահրելու և արհեստական որոշումներ չենք կայացնելու: Քննարկելու ենք ԲՈւՀ-երի միավորման հնարավորությունը, ապա ստեղծելու ենք մեխանիզմ: Մի շարք զարգացած երկրներում, որտեղ փոքրաթիվ բնակչություն է, հետևյալ պրակտիկան է գործում՝ գոյություն ունեն պետության կողմից հիմնադրված մեծ ԲՈւՀ-եր, 5-6 հիմնական ուղղությամբ: Կարծում եմ, որ սա այն օպտիմալ թիվն է, որ կարող է քննարկվել մեզանում: Այս միավորումների արդյունքում այդ խնդիրը կլուծվի: Բացի այդ, ԲՈւՀ-երի միջև ցանց ենք ստեղծելու, որտեղ ուսանողը հնարավորություն կունենա սովորելով, օրինակ, Պոլիտեխնիկական համալսարանում, հայոց լեզվի համար անհրաժեշտ կրեդիտները ստանալ Երևանի պետական համալսարանից: Այս ամենը կհանգեցնի մրցակցության, ինչն էլ իր հերթին կհանգեցնի նրան, որ ավելի ոչ արդյունավետ և կրթական առումով ցածր մակարդակ ունեցող ԲՈւՀ-ական ստորաբաժանումները կամ ստիպված կլինեն լուրջ քայլեր ձեռնարկել բարեփոխվելու համար, կամ այս մրցակցության ֆոնին կփակվեն:
-Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում կրթական ծրագրերի բովանդակության մեջ: Դպրոցական դասագրքերի, ինչպես նաև առարկայացանկի փոփոխություն նախատեսվո՞ւմ է: Խնդրում եմ դասագրքերի խնդրին անդրադառնալ նաև պայուսակների ծանրության թեմայի կտրվածքով: Առարկայացանկի մասով էլ խնդրում եմ մանրամասնեք, թե ինչ ընթացք ունեցան «Շախմատ», «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների շուրջ քննարկումները:
-Առանձին առարկաների մասին այս պահին չեմ խոսի, որովհետև դրանց քննարկումը կապված կլինի այն չափորոշիչներից և ծրագրերից, որոնք կմշակվեն ու այն վերջնարդյունքներից, որ կցանկանանք ստանալ: Միանշանակ ծրագրերը պետք է բեռնաթափել և առարկայացանկը փոփոխել: Այս պահին մասնագետները քննարկում են և դեռևս պատասխան չունեմ, թե որ առարկաները դուրս կմնան ու որոնք ունեն բարեփոխման անհրաժեշտություն: Ինչ վերաբերում է դասագրքերին, բովանդակային և կառուցվածքային առումով այստեղ նույնպես խնդիրներ կան: Մեր ծնողները շատ են բողոքում պայուսակների ծանրությունից: Մենք այժմ մի որոշում ունենք, համաձայն որի՝ մեկ դասագիրքը կդառնա երկու հատորով: Տարվա մի հատվածում աշակերտը կսովորի առաջին հատորով, իսկ մյուս հատվածում՝ երկրորդ: Այս դեպքում ըստ էության յուրաքանչյուր դասագիրք կթեթևանա մոտ 2 անգամ: Կան որոշ դասագրքեր, որոնք ծավալով փոքր են և բովանդակային առումով կիսելը նպատակահարմար չէ, բայց դասագրքերի հիմնական խմբաքանակը կփոփոխվի: Սա ռադիկալ փոփոխություն կլինի պայուսակները թեթևացնելու առումով, ինչն ուղղակի և անուղղակի ազդում է թե՛ կրթության որակի և թե՛ երեխաների առողջության վրա:
-Ներդրումային ինչպիսի՞ ծրագրեր են նախատեսվում իրականացնել:
-Ներդրումային ամենամեծ ծրագրերը, որոնք այս տարի նույնպես շարունակվելու են՝ «Քո արվեստը դպրոցում» և «ԴասA» նախագծերն են: Դրանց մի մասն իրականացնում ենք Մշակույթի նախարարության հետ, իհարկե, առաջիկայում միավորումից հետո մեկ գերատեսչության ներքո կլինի: Կարծում եմ, որ սա ամենամեծ ձեռքբերումներից է և՛ որակական, և՛ բովանդակային, և՛ մշակութային առումներով:
-Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը շարունակվելո՞ւ է (Սեյվ դը չիլդրեն, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակ, ԵՄ, Միջազգային զարգացման ընկերակցություն):
-Մենք շատ սերտ համագործակցում ենք Եվրոպական միության հետ և «Եվրամիություն ինովացիայի համար» ծրագրի շրջանակներում այս տարի կսկսենք տարբեր ծրագրեր իրականացնել: Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում (CEPA) նույնպես կրթական ոլորտին աջակցություն կլինի: Նախատեսում եմ նաև այցեր կատարել մի շարք գործընկեր պետություններ: Արդեն իսկ եղել եմ Բրյուսելում, որտեղ հանդիպել եմ ոլորտի պատասխանատուների հետ: Պաշտոնական այց է լինելու Վրաստան, որտեղ մեր վրացի գործընկերների հետ քննարկելու ենք կրթական ոլորտում համագործակցությունը, մասնավորապես հայոց լեզվի դասավանդման խնդիրները: Բացի այդ, պատրաստվում եմ մեկնել Ռուսաստան, որտեղ նույնպես այս ամիսներին կուտակվել են որոշ հարցեր և մեր գործընկերների հետ կքննարկենք ու կփորձենք լուծումներ գտնել:
Տարվա ընթացքում մի շարք հրավերներ եմ ունեցել և 2019-ին դրանք կիրականանան: 2018 թվականից հրավեր ունեմ Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ կարծում եմ համագործակցության մեծ ներուժ ունենք: Իրանում կրթական համակարգը բավականին լավ է զարգացած և որոշ, օրինակ, նանոտեխնոլոգիայի, բժշկության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կարող ենք լուրջ համագործակցություն ունենալ: Բացի այդ, մենք շատ լուրջ աշխատում ենք հայկական կրթական բրենդների հանրահռչակման և դրանց արտահանման ուղղությամբ: Առաջիկայում պատրաստվում ենք հայկական կրթական բրենդների փաթեթ ստեղծել և ներկայացնել մեր միջազգային գործընկերներին:
-Գիտության ոլորտում ինչպիսի՞ բարեփոխումներ են նախատեսվում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում գիտության ոլորտը միջազգայնորեն ավելի մրցունակ դարձնելու համար:
-Գիտության ոլորտում նույնպես փոփոխություններ են սպասվում: Ստեղծվում է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, որն անմիջական պատվիրողն է լինելու գիտության ոլորտում: Վերջերս մենք վարչապետի մոտ քննարկում ենք ունեցել ռազմարդյունաբերական ոլորտի զարգացման և մեր տեխնոլոգիական ու գիտական ներուժի ներգրավման առումով: Բացի այդ, մենք պատրաստվում ենք թեմատիկ ծրագրերի մեջ ներառել պետության շահերից բխող ծրագրերը: Եթե պետությունը պետպատվեր է տալիս այս կամ այն հետազոտությունն իրականացնելու, ապա այն պետք է կիրառական նշանակություն ունենա տնտեսության համար: Բացի այդ, Կառավարության ներկայացուցիչները և մեր նախարարությունը խոսում են տարբեր ոլորտներում ծրագրերի իրագործման ընթացքում ԲՈւՀ-երի գիտական և գիտահետազոտական կենտրոնների ներգրավման անհրաժեշտության մասին: Մենք պետք է այնպես անենք, որպեսզի փորձագիտական եզրակացությունները ստանալու համար ներգրավենք տեղի ռեսուրսները: Այդպիսով, մենք կհասկանանք, թե ինչ ներուժ ունենք և այն հսկայական գումարները, որոնք ծախսվում են արտասահմանյան փորձագիտական կարծիք ստանալու համար՝ ծախսվեն այստեղ և լրացուցիչ ֆինանսական հնարավորություններ ստեղծեն մեր գիտահետազոտական կենտրոնների համար: Ներկայում մենք տարբեր գերատեսչությունների հետ աշխատում ենք ասպիրանտական և կիրառական թեմաների ներգրավման ուղղությամբ: Այսինքն` ամբողջությամբ փոխվում է պետպատվեր տալու տրամաբանությունը:
Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի
https://armenpress.am/arm/news/966812.html?fbclid=IwAR17SaX6DKSKnQm5Zu6wCfjf5bk5SeExnD99OmOwxUn8pjdEB4cbDY-jPKM
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ